Վեհափառ Հայրապետի ցավակցական խոսքը Բաբկեն Արարքցյանի մահվան առիթով

321

ԼՈՒՍԱՀՈԳԻ ԲԱԲԿԵՆ ԱՐԱՐՔՑՅԱՆԻ ՍԳԱԿԻՐ ԸՆՏԱՆԻՔԻՆ

Ցավով տեղեկացանք ազգային, պետական ու քաղաքական գործիչ, ՀՀ Գերագույն Խորհրդի նախկին նախագահ Տիար Բաբկեն Արարքցյանի վախճանման մասին։ Հանուն Գերագույն Հոգևոր Խորհրդի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության՝ Մեր վշտակցությունն ենք հղում հանգուցյալի ընտանիքին, բոլոր հարազատներին ու գործընկերներին։

Անձնապես ճանաչել ենք հոգելույս Բաբկեն Արարքցյանին և քաջատեղյակ ենք նրա հայրենաշահ գործունեությանը։ Նա մեր երկրի անկախության և արցախյան պայքարի ակունքներում էր, ով իր կյանքն ապրեց ու գործեց հայրենյաց սիրով ու նվիրումով՝ վաստակելով հարգանքը գաղափարակից ընկերների և մեր ժողովրդի։

Հայաստանի անկախության առաջին տարիներին լուսահոգի Բաբկեն Արարքցյանը ստանձնեց պետական պատասխանատու պաշտոններ՝ դրսևորելով պետական գործչին հարիր կամք և գիտակցություն։ Իբրև ՀՀ Գերագույն Խորհրդի Նախագահ՝ նա կարևոր ներդրում բերեց նորանկախացած մեր երկրի օրենսդրական ոլորտի բարեփոխմանը՝ ի նպաստ հայրենիքի առջև ծառացած դժվարությունների հաղթահարման և մեր ժողովրդի բարօրության ապահովման։

Բարեհիշատակ Բաբկեն Արարքցյանը գովարժան վաստակ ունի նաև երիտասարդ սերնդի կրթության շնորհակալ գործում։ Նա երկար տարիներ դասախոսեց և վարչական հանձնառություններ ստանձնեց Երևանի պետական համալսարանում՝ գիտելիքի հանդեպ իր սերն ու նախանձախնդրությունը փոխանցելով իր սաներին։

Լուսահոգի հայորդին Վազգեն Ա և Գարեգին Ա հայրապետների գահակալության տարիներից սերտ կապվածություն է ունեցել մեր Սուրբ Եկեղեցու հետ։ Մեր հանդիպումների ընթացքին Մենք գոհունակությամբ ականատես ենք եղել նրա հոգու ջերմ սիրուն ու նվիրումին՝ հանդեպ մեր Եկեղեցին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։

Ի խորոց սրտի աղոթքով հայցում ենք, որ Տերը խաղաղության մեջ ընդունի նորոգ հանգուցյալ Բաբկեն Արարքցյանի հոգին և արժանացնի Իր անբավ ողորմությանն ու հանգչեցնի լույսերի մեջ երկնային բարձունքներում։

Թող Բարձրյալն Աստված Սուրբ Հոգու շնորհով սփոփանք ու մխիթարություն պարգևի Արարքցյան սգակիր ընտանիքի անդամներին, հարազատներին ու մերձավորներին:

Յիշեսցէ Տէր զհոգի նորոգ ննջեցելոյն և հանգուսցէ զնա ի լոյս երեսաց Աստուածութեան Իւրոյ. ամէն:

Վշտակցությամբ և օրհնությամբ` ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

Նախորդ հոդվածըITF․ Հայտնի են տարվա լավագույն թենիսիստի և թենիսիստուհու անունները
Հաջորդ հոդվածըԳազայում Իսրայելի հետագա գործողությունները կտարբերվեն արդեն եղածից