‘Վենեսուելայի առաջնորդը պատրաստ է ընդունել Սնոուդենին’

837

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հինգշաբթի երեկոյան հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է ընդունել ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենին և նրան «մարդասիրական պաշտպանություն» տրամադրել, տեղեկացնում է վենեսուելական AVN գործակալությունը: Ավելի վաղ Մադուրոն հայտարարել էր, որ եթե Սնոուդենը Վենեսուելայում ապաստան խնդրի, ապա, ամենայն հավանականությամբ, նրան դա կտրամադրվի: «Ոչ ոք մեզ չի դիմել Սնոուդենին մարդասիրական ապաստան տրամադրելու խնդրանքով, սակայն, և ես սա ասում եմ ի լուր ողջ աշխարհի, եթե այդ երիտասարդը մարդասիրական պաշտպանության կարիք ունի և կարող է ժամանել Վենեսուելա, ապա մենք պատրաստ ենք պաշտպանել այդ խիզախ մարդուն»,- ասել է Մադուրոն՝ ելույթ ունենալով նախագահական նստավայրում լրագրության բնագավառում ազգային մրցանակներ հանձնելու արարողության ժամանակ:

Սնոուդենը, որ զրկվել է ԱՄՆ քաղաքացու անձնագրից, այժմ, ենթադրաբար, գտնվում է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի տարանցիկ գոտում: Ավելի վաղ Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը տեղեկացրել էր, որ Էկվադորի իշխանությունները դեռ Հոնկոնգում Սնոուդենին փախստականի փաստաթղթեր են տվել, որպեսզի նա կարողանա տեղաշարժվել աշխարհում: Սակայն Էկվադորի կառավարությունը հետագայում հերքեց այդ լուրը, փոխանցում է  РИА Новости-ն:

Նախորդ հոդվածը‘Թուրքական բանակը կզրկվի հեղաշրջում կատարելու իրավունքից’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Աշոտյանը հանգիստը կանցկացնի ծովափին’