‘Վենեսուելայի նախագահը խորհրդարանից հատուկ լիազորություններ է խնդրել’

731

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն դիմել է խորհրդարանին՝ իրեն հատուկ լիազորություններ տրամադրելու խնդրանքով, որոնք անհրաժեշտ են կոռուպցիայի դեմ պայքարելու և բուրժուազիայի մղած տնտեսական պատերազմին դիմակայելու համար: Այդ մասին նա հայտարարել է երեկ՝ ելույթ ունենալով Ազգային ասամբլեայի պատգամավորների առջև: «Եթե կոռուպցիայի ծավալներն աճեն կապիտալիստական ավերիչ տրամաբանությանը համընթաց, մենք սոցիալիզմ չենք ունենա»,- հայտարարել է Մադուրոն:

Մադուրոյի նախորդը՝ Ուգո Չավեսը, նախագահի պաշտոնում եղած 14 տարիների ընթացքում Ազգային ասամբլեայի կողմից չորս անգամ հատուկ լիազորություններ է ստացել, ինչի շնորհիվ կարողացել է օրենքի ուժ ունեցող 200 նախագահական հրաման արձակել: Չավեսին հատուկ լիազորություններ էին տրվում վեց ամսից մինչև մեկուկես տարի ժամկետով:

Անցյալ շաբաթ Մադուրոն բոլիվարիական հեղափոխության հակառակորդներին սպառնացել էր հատուկ միջոցներ կիրառել նրանց դեմ: Ընդդիմությանը մեղադրելով այն բանում, որ նա «հոգեբանական պատերազմ է մղում, որն ուղղված է երկրի տնտեսական կայունության դեմ», Մադուրոն զգուշացրել էր, որ իշխանությունը մտադիր չէ ձեռքերը ծալած նստել: Ուստի, նշել էր նա, եթե հոկտեմբերին ընդդիմությունը չդադարեցնի իր կործանարար գործունեությունը, ինքը հատուկ միջոցներ կկիրառի՝ «անցում կատարելով բոլիվարական հեղափոխության նոր փուլի», փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Օրվա կադրը. Լեւոն Իգիթյանը Տարոն Մարգարյանի մոտ’
Հաջորդ հոդվածը‘ 3 լավագույն ուսանողներ կստանան Բունդեսթագի Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ’