‘ 3 լավագույն ուսանողներ կստանան Բունդեսթագի Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ’

1105

Հայաստանի 3 լավագույն ուսանողներ կստանան Բունդեսթագի Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ: Ինչպես Երևանում կայացած մամուլի ասուլիսում այսօր հայտարարել է Բունդեսթագի պատգամավոր Վոլֆգանգ Բյորնզենը, ընդհանուր առմամբ ստացվել է 35 հայտ, որոնցից դեսպանությունն ընտրել է 8-ը: Նրա խոսքերով, իսկ դրանցից կընտրվեն երեքը: «Ընտրությունը պետք է լինի արդարացի, քանի որ այս կրթաթոշակն ստացող ուսանողները կապող կամուրջ են հանդիսանում Հայաստանի և գերմանական Բունդեսթագի միջև: Այդ ուսանողները մի քանի ամիս կապրեն Գերմանիայում, կհետևեն դեմոկրատական գործընթացներին, դառնալով դեմոկրատական երկրում ընդունվող որոշումների ականատեսը»,-ասել է Բյորնզենը:

Արմինֆոյի փոխանմամբ, նշված կրթաթոշակների առանձնահատկությունների վերաբերյալ խոսելիս նա նշել է, որ այդ կրթաթոշակներն ստանում են նրանք, ովքեր ավելի քան հետաքրքրված են դեմոկրատական գործընթացներին: Նրա խոսքերով, ավելի քան 100 ուսանող զանազան կրթական ծրագրերով գտնվում է Գերմանիայում, ինչը նույնպես հնարավորություն է տալիս հետևել Բունդեսթագի կողմից իրականացվող քաղաքականությանը:

Պատգամավորը նաև մտահոգություն է հայտնել, որ Հայաստանում գերմաներեն ուսումնասիրող դպրոցականների և ուսանողների թիվը 40 հազարից կրճատվել է մինչև 28 հազար: «Կարծում եմ, որ կառավարությունը կարող է իրականացնել բարեփոխումներ և նախաձեռնությամբ հանդես գալ` երկուսից ավելի օտար լեզուների դասավանդման ուղղությամբ»,-ասել է նա:

Նշենք, որ ՄԽԿ-ի շրջանակում 28 երկրների ընդհանուր թվով 120 կրթաթոշակակիրներ Գերմանիայի Բունդեսթագի լիարժեք կրթաթոշակով 2014թ. մարտի 3-ից մինչեւ 2014թ. հուլիսի 31-ը հնարավորություն կստանան ծանոթանալու Գերմանիայի խորհրդարանական համակարգին: Ծրագրի նպատակը մասնակիցներին քաղաքական գործընթացներին և ժողովրդավարական որոշումների կայացմանն անմիջականորեն առնչվելու հնարավորություն տալն է: Կրթաթոշակակիրներն աշխատում են Բունդեսթագի որևէ պատգամավորի գրասենյակում, միաժամանակ գրանցվում Բեռլինի համալսարաններից որևէ մեկում` ուսանողի կարգավիճակով մասնակցելու դասախոսությունների և ուսումնական այլ ձևաչափերի:

Ծրագիրն անցկացվում է Գերմանիայի Բունդեսթագի նախագահի բարձր հովանու ներքո և երեք բեռլինյան համալսարանների հետ համագործակցությամբ: Բունդեսթագը ստանձնում է ճամփորդական, կացության և ապահովագրական բոլոր ծախսերը` ներառյալ ամսական կրթաթոշակը: Ամեն տարի դեկտեմբերից Երևանում Գերմանիայի դեսպանությունն ընդունում է ՄԽԿ ծրագրի մասնակցության հայտեր:

 

Նախորդ հոդվածը‘Վենեսուելայի նախագահը խորհրդարանից հատուկ լիազորություններ է խնդրել’
Հաջորդ հոդվածը‘ՄԻ-5 ղեկավար. Բացահայտումները սպառնում են ահաբեկչության դեմ պայքարին’