‘Վենեսուելայի նախագահը չի մեկնել Նյու Յորք՝ անվտանգության երաշխիքների բացակայության պատճառով’

845

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ստիպված է եղել հրաժարվել Նյու Յորք մեկնելուց, որտեղ նա պետք է ելույթով հանդես գար ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանում, քանի որ նրա դեմ սադրանքներ  են նախապատրաստվել: Այդ մասին նա երեկ հայտարարել է տեղական հեռուստատեսության ուղիղ եթերում: Մադուրոյի խոսքերով՝ նախապատրաստվող սադրանքներից մեկը վերաբերել է իր «ֆիզիկական անձեռնմխելիության խաթարմանը», երկրորդը՝ «միջազգային զանգվածային լրատվամիջոցներում լարվածություն առաջացնելուն»: «Մեկ ուրիշ անգամ կմեկնեմ, երբ անվտանգության երաշխիքներ ունենամ»,- ասել է նախագահը: Ընդ որում՝ նա նաև սադրիչների անուններն է տվել՝ Ռոջեր Նորյեգա և Օտտո Ռեյչ՝ ԱՄՆ պետքարտուղարի՝ արևմտյան կիսագնդի հարցերով նախկին տեղակալները, որոնց նա վերջին ամիսներին բազմիցս մեղադրել է իր դեմ նախապատրաստվող մահափորձերի մեջ: Մադուրոն ընդգծել է, որ Սպիտակ տունը տեղյակ է եղել իր դեմ կազմակերպվող սադրանքներին, սակայն «նախագահ Օբաման այնքան թույլ է, որ չի կարողացել համապատասխան միջոցներ ձեռք առնել»:  Մադուրոն նաև պարզաբանել է, թե ինչու անցյալ շաբաթ Չինաստան մեկնելիս չի օգտվել նախագահական ինքնաթիռից. չնայած որ այդ ինքնաթիռը վերջին հինգ ամիսներին վերանորոգման մեջ է եղել, վենեսուելցի փորձագետները «նրա թևերից մեկում անբացատրելի թերություն են հայտանաբերել»: «Ես այդպիսի նախազգացում ունեի, դրա համար էլ կարգադրեցի, որ վենեսուելցի մասնագետները ստուգեն օդանավը»,- ասել է Մադուրոն՝ հավելելով, որ այժմ միջազգային խոշոր փաստաբանական գրասենյակը հայց է նախապատրաստում Airbus ընկերության դեմ, փոխանցում է  ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Պիկեն և Արբելոան խայթում են միմյանց Twitter-ում’
Հաջորդ հոդվածը‘Մովսիսյան. Չեմ ցանկանում ուրախությունս արտահայտել, երբ տխրեցնում եմ նախկին թիմիս (Տեսանյութ)’