‘Վիտալի Կլիչկոն որոշել է առաջադրվել նախագահական ընտրություններում’

873

Ուկրաինական «УДАР» կուսակցության առաջնորդ, WBC վարկածով  բռնցքամարտի գերծանր քաշայինների աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոն մտադիր է առաջադրվել Ուկրաինայում նախագահական ընտրություններում, հաղորդել է բռնցքամարտի համաշխարհային խորհրդի կայքը:

Հաղորդագրության համաձայն՝ WBC նախագահ Խոսե Սուլեյմանի հետ հանդիպման ժամանակ Կլիչկոն նշել է, որ ուզում է շարունակել զբաղվել քաղաքականությամբ և առաջադրվել «2015 թ. կայանալիք նախագահական ընտրություններում»: Նա ընդգծել է, որ բռնցքամարտը մեծապես օգնում է իրեն «քաղաքական կյանքում»՝ զարգացնելով ռազմավարական մտածելակերպ, կարգապահություն, ազնվություն և թիմում աշխատելու կարողություն: Փորձագետների կարծիքով՝ նախագահական ընտրություններում Կլիչկոն կարող է դառնալ գործող նախագահ Վիկտոր Յանուկովիչի գլխավոր մրցակիցը, որն արդեն հայտարարել է երկրորդ ժամկետի համար առաջադրվելու մասին: Սոցիոլոգիական հարցման արդյունքներով՝ եթե ընտրությունները կայանային այս ամառվա սկզին, Կլիչկոն կզբաղեցներ երկրորդ տեղը՝ ստանալով ձայների 16 տոկոսը և ընդամենը երկու տոկոսով զիջելով գործող նախագահին: Երրորդ տեղը՝ 9,7 տոկոս արդյունքով, կզբաղեցներ «Բատկիվշչինայի» առաջնորդներից մեկը՝ Արսենի Յացենյուկը, որը, ենթադրվում է, կառաջադրվի այն դեպքում, եթե քվեարկությանը մասնակցել չհաջողվի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Քրիստինե Խանումյան. Լրջանալու պահը, կամ փող՝ Սերժին հանդուրժելու համա՞ր’
Հաջորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Ճամփորդական նոթեր Վրաստանից, եւ ոչ միայն…’