‘Վիրահայոց թեմի առաջնորդը և վրաց միտրոպոլիտը քննարկել են Թբիլիսիի միջադեպը’

905

Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և Վրաց ուղղափառ եկեղեցու Պատրիարքարանի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի ղեկավար և Զուգդիդի և Ցաիշի միտրոպոլիտ Գերասիմը երեկ քննարկել են հուլիսի 19-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու մոտ տեղի ունեցած միջադեպը:

Վիրահայոց թեմի մամլո ծառայության փոխանցմամբ, Վրաց եկեղեցու Պատրիարքարանում կայացած հանդիպման մասնակիցները անթույլատրելի են համարել Վրաստանում ազգամիջյան կամ կրոնական խտրականության դրսևորումները՝ ընդգծելով, որ Վրաստանը դարերով եղել է բազմազգ և բազմակրոն երկիր, որտեղ ժողովուրդները ապրել և ստեղծագործել են միասին:

Վիրահայոց թեմի առաջնորդը ընդգծել է, որ հայկական եկեղեցու մոտ տեղի ունեցածում թեև կան կենցաղային և խուլիգանական դրսևորումներ, «բայց, ցավոք, առկա է նաև ազգային անհանդուրժողականության արտահայտություն, ինչը անթույլատրելի է մեր հասարակությունում»:

Զրուցակիցները հույս են հայտնել, որ իրավապահ մարմինները կգտնեն կազմակերպիչներին և մեղավորներին՝ Վրաստանում ժողովուրդների միջև ցանկացած պառակտում կանխելու նպատակով:

Նախորդ հոդվածը‘Վարդան Պետրոսյանի գործով վկա. Նիվայի ձախ կողմում նկատել եմ ճմրթված հայելիներ’
Հաջորդ հոդվածը‘Էդվարդ Նալբանդյան. Պարադոքսալ է, որ ԵՄ ձգտող Թուրքիան փակել է իր սահմանը հարևան պետության հետ ‘