‘Վլադիմիր Կարապետյան. Ինչու Ս. Սարգսյանը չի կարողանում հանդիպել Պուտինի հետ’

2891

կամ ինչու Հայաստանը հավասարակշռված հարաբերություններ չի իրականացնում ՌԴ-ի և Արևմուտքի հետ 

Նոյեմբերին Վիլնյուսում նախատեսված է Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը: Փաստաթուղթը ունի ռազմավարական նշանակություն. Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման հետ համատեղ՝ այն նշանավորելու է Հայաստանի խորացված հարաբերությունները ԵՄ-ի հետ:

Անկախությունից ի վեր Հայաստանը պահպանում էր հավասարակշռված փոխհարաբերություններ թե՛ Արևմուտքի և թե՛ ՌԴ հետ: 90-ականներին հենց Ռուսաստանի հետ համագործակցությունը հնարավորություն տվեց զարգացնել մարտի դաշտում հայկական բանակի հաջողությունները: Միևնույն ժամանակ՝ հենց այդ շրջանում սկսվեցին Եվրոպայի խորհրդի հետ բանակցությունները. 1996 թ. ՀՀ-ն անդամակցության համար դիմել էր Եվրոպայի խորհրդին, նույն թվականի հունվարին ՀՀ Ազգային ժողովը ստացավ Հատուկ հյուրի կարգավիճակ ԵԽԽՎ- ում։

Այնուհետև նույնպես Հայաստանին հաջողվել է տանել այնպիսի «փոխլրացման» քաղաքականություն, որի հիմքում ոչ թե գերտերությունների հակասությունների շահարկումն էր, այլ շահերի հնարավոր համատեղումը: Դրա արդյունքում էր, որ Հայաստանը շարունակում էր ռազմաքաղաքական ոլորտում վերընթաց գործակցությունը Ռուսաստանի հետ (հարկ է նշել, որ տնտեսակա՛ն ոլորտում Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում հավասարակշռությունը չի պահպանվել), միևնույն ժամանակ՝ ուներ դինամիկ գործակցություն ԱՄՆ և եվրոպական կառույցների հետ: Այդ իշխանության վարած քաղաքականության արդյունքում է, որ Ս. Սարգսյանը ստացավ ԱՄՆ և ԵՄ աջակցությունը՝ 2008 թ. նախագահական ընտրություններից առաջ, և վերջիններիս, մեղմ ասած, ոչ համարժեք արձագանքը՝ խաղաղ ցույցերը մարտական փամփուշտներով, բանակային զրահատեխնիկայով և սպանություններով ճնշելուց հետո: Այս ամենի համար Ս. Սարգսյանը վարձահատույց եղավ Հայաստանի շահերին հակասող նախաձեռնությամբ, որի հիմքում Հայաստանի համաձայնությունն էր ստեղծել հայ-թուրքական պատմաբանների հանձնաժողով: Այդ զիջման հետևանքները դեռ երկար են զգալ տալու. առաջին պտուղները Հայոց Ցեղասպանության միջազգային  ճանաչման գործընթացի դադարեցումն էր և հայ-թուրքական հարաբերությունների ծայրաստիճան վատթարացումը:

Հայ-թուրքական «նախաձեռնությունը», այնուամենայնիվ,  թույլ տվեց Ս. Սարգսյանին 2008-2010 թթ. ժամանակ շահել և ամրապնդվել ներսում: Սակայն ձախողված գործարքի  ազդեցությունը սահմանափակ էր, և դա է պատճառը, որ Ս. Սարգսյանը մտավ խոստումների մի նոր շրջափուլի մեջ՝ ապահովելու համար Հայաստանում իրականացվող թալանից և հակաժողովրդական գործողություններից միջազգային հանրության ուշադրության շեղումը և իր իշխանության երկարաձգումը:

Եվրոպական ինտեգրացիան՝ որպես Ս. Սարգսյանի իշխանության ամրապնդման  գրավական

Այսօր արդեն պարզ է, որ Ս. Սարգսյանը Հայաստանի անունից նորանոր զիջումների էր գնացել, որպեսզի 2012թ. ԱԺ ընտրությունների արդյունքներով հրապարակված ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հանձնարարականները չիրագործի մինչև նախագահական ընտրությունները: Կյանքի կոչելով այդ հանձնարարականները (ինչի վերաբերյալ ԵՄ շարունակ կոչեր էր անում ԱԺ և նախագահական ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածում), նա հարվածի տակ կդներ վերընտրվելու հնարավորությունը, քանի որ կտրուկ կնվազեին ընտրակեղծիքներ անելու հնարավորությունները: Ազատվելու համար ԵՄ վերահաս ճնշումներից՝ Ս. Սարգսյանը ակտիվացվեց Ասոցացման և Ազատ առևտրի համաձայնագրերի շուրջ ընթացող բանակցությունները՝ վերացնելով բոլոր այն խոչընդոտները, որ Հայաստանը ստեղծում էր բանակցությունների ընթացքում: Նման «կառուցողականության» համար ԵՄ-ի առջև նաև պահանջ դրվեց կազմակերպել  դոնորների կոնֆերանս:

ԵՄ ղեկավարությունը չէր կարող չօգտվել ստեղծված իրավիճակից՝ հասկանալով, որ այլ պայմաններում Հայաստանը երբեք չէր գնա ԵՄ-ի հետ հարաբերությունների նման խորացմանը: Ասոցացման համաձայնագիրը (հրապարակված է ԵՄ-Ուկրաինա փաստաթուղթը, որը շատ նմանություններ ունի Հայաստան-ԵՄ նույնանուն համաձայնագրի հետ) նոր պարտավորությունների տակ է դնելու Հայաստանը, իսկ Ազատ առևտրի համաձայնագիրը ԵՄ-ի հետ, փաստորեն, դուրս է բերում Հայաստանը Ռուսաստանի հետ առևտրի նույն ռեժիմից՝ Ռուսաստանի ազեցության գոտուց հանելու հեռանկարով: Նման զարգացումները նկատի ունենալով՝ ԵՄ-ն, «բնականաբար», աչք կփակեր ոչ միայն այն բանի վրա, որ ՀՀ իշխանությունները արհամարհում են ՝ Մարտի 1-ի սպանությունները բացահայտելու իրենց իսկ պահանջը, այլև Ս. Սարգսյանի ավելի լուրջ բացթողումների վրա: ԵՄ-ն անում է հնարավորը՝ Ս. Սարգսյանից ստորագրված փաստաթուղթ կորզելու համար: Պետք լին՝ի Հանձնակատար Շ. Ֆյուլեն երկու ամիսը մեկ կգա Հայաստան, կասի, որ երրորդ երկրների հետ համագործակցությունը չի սահմանափակվում, միայն թե երաշխավորի Հայաստանի միացումը Ասոցացման համաձայնագրին:

Ինչ է անելու Ս. Սարգսյանը

Ի տարբերություն նախորդ իշխանությունների, Ս. Սարգսյանը բաց և թափանցիկ քաղաքականություն չի վարել գործընկերների հետ: Ակնհայտ է, որ Ռուսաստանին նա կանգնեցրել է փաստի առաջ, և հենց դրանով է պայմանավորված ՌԴ դժգոհությունը Հայաստանի եվրոպական նկրտումների նկատմամբ: Մինչ այդ էլ Հայաստանը հստակ ընթանում էր եվրաինտեգրացիայի ճանապարհով, սակայն երբեք ՌԴ-ի կողմից հարցը այսքան սուր դրված չի եղել:

Ս. Սարգսյանի խնդիրների հիմքում կեղծված ընտրություններն են և հասարակության աջակցության բացակայությունը: Ռուսաստանում էլ շատ լավ գիտեն, որ Ս. Սարգսյանը միայն ՀՀԿ էլիտայի համար է առաջնորդ, իրականում նա չի վայելում ժողովրդի հարգանքն ու վստահությունը, և իշխանությունը կորցնելուց հետո ամենաշատը հենց թիմակիցներն են քննադատելու նրան: Ս. Սարգսյանը չի կարող ուղերձով անկեղծորեն դիմել ժողովրդին, նա անգամ ուղիղ եթերում մամուլի ասուլիս անելու համարձակություն չունի, իսկ նման մարդը գտածո է ճնշումներ բանեցնելու համար:

Իշխանական կերակրատաշտից օգտվող մի քաղաքագետ վերջերս ասել էր, որ Ռուսաստանի դժգոհությանը կհավատա միայն այն դեպքում, եթե անձամբ ՌԴ նախագահը դա ասի: Պարզ է, որ Վ. Պուտինը չի կարող իրեն թույլ տալ հայտնվել միջազգային հանրության հարվածների ներքո, չի կարող նաև կրել մի անկախ պետության ճակատագիրը փոխելու անպատվաբեր բեռը: Սակայն ՌԴ-ն ունի այլ խողովակներ՝ հասկացնել ու իր վերաբերմունքը ՀՀ կողմից իրականացվող քայլերի վերաբերյալ:

Այսպես, հայտարարվում է Ադրբեջանին 4 մլրդ. (!) ԱՄՆ դոլարի զենք վաճառելու մասին, ՌԴ նախագահը գնում է Բաքու՝ անգամ չակնարկելով, որ Ս. Սարգսյանի հետ էլ հանդիպելու ծրագրեր կան: Ադրբեջան կատարած այցից հետո տեղի չի ունենում ոչ միայն Սարգսյան-Պուտին հանդիպում, այլև ԱԳ նախարարների մակարդակով մինչ օրս չկա շփում:Սրանք արտառոց փաստեր են. ՌԴ-ն նաև ԼՂ հակամարտության կարգավորման միջնորդ է և պարտավոր է ապահովել հավասարակշռությունը՝ միջնորդի դերում վստահելիությունը պահպանելու համար:

Մի քանի շաբաթ առաջ Ռուսաստանը սահմանափակում մտցրեց ուկրաինական հայտնի “Ռոշեն” ընկերության ապրանքատեսակի համար: Օգոստոսի 15-ից մի քանի օրով Ուկրաինայի գրեթե ողջ արտահանման  համար, փաստորեն, փակվեց Ռուսաստանի սահմանը: ՌԴ նախագահի օգնական Ս. Գլազևը մի քանի հայտարարություն արեց այս կապակցությամբ՝ մասնավորապես նշելով, որ եթե Ուկրաինան ստորագրի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, ապա ոչ միայն կխստանա մաքսային զննությունը, այլև կդադարեցվեն համատեղ խոշոր տնտեսական ծրագրերը: Սակայն այս նախազգուշացումներում ամենամտահոգիչը այն սպառնալիքն էր, որ Ռուսաստանը դուրս կգա ազատ առևտրի ռեժիմից Ուկրաինայի հետ: Կարելի է միայն պատկերացնել, թե ինչ կլինի Հայաստանում, եթե վտանգվի դեպի Ռուսաստան մեր արտահանումը, կամ Ռուսաստանը դուրս գա Ազատ առևտրի ռեժիմից: Ոչ մի Ասոցացման համաձայնագիր չի կարողանա ծածկել այն վնասները, որոնք կարող են առաջանալ նման դեպքում: Այսինքն՝ դժվար չէ հասկանալ Ս. Սարգսյանի խաղաքարտերի սնանկությունը, հատկապես այն պայմաններում, երբ արդեն պաշտոնապես հայտատարվեց (ԱԳՆ փոխնախարարի մակարդակով), որ Մաքսային Միությունը և ԵՄ-ի հետ Ազատ առևտրի համաձայնագիրը համատեղելի չեն: Այսինքն՝ Ս. Սարգսյանի ասած «և-և-ը» չի ստացվում…

Ինչ է մնում Ս. Սարգսյանին: Կարելի է վստահ պնդել, որ ԵՄ-ն չի ների, եթե Հայաստանը չնախաստորագրի փաստաթուղթը Վիլնյուսում: Բրյուսելի վճռականության մասին են վկայում հետևյալ քայլերը.

— հուլիսին, այսինքն՝ նախաստորագրումից շուրջ հինգ ամիս առաջ, ԵՄ հանձնակատարը հայտարարեց, որ Ասոցացման և Ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրերի շուրջ բանակցություններն ավարտված են: Սրանով փակվել է այն հնարավորությունը, որ ՀՀ ԱԳՆ-ն ինչ-ինչ պատճառներով հայտարարեր, թե իբր բանակցություններում փաստաթղթի այս կամ այն կետի շուրջ ընդհանուր հայտարարի չգալու պատճառով վերջինիս ստորագրումը հետաձգվում է: Այլևս նման բան ՀՀ-ն չի կարող ասել:

— Հայաստանի համար հույժ կարևոր և մի քանի անգամ հետաձգված դոնորների կոնֆերանսը նախնապես նշանակվել էր 2014 թ. փետրվարին: Ժամկետը հատուկ է ընտրված, որպեսզի Հայաստանը ոչ միայն նախաստորագրի, այլև ստորագրի նշյալ փաստաթղթերը: Ամենայն հավանականությամբ՝ մինչև դրանք չստորագրվեն՝ դոնորների կոնֆերանս չի լինելու: ԵՄ-ում լավ գիտեն, որ Ս. Սարգսյանը կարող է նախաստորագրել, ապա անվերջ ձգձգել բուն ստորագրումը (կարելի է ենթադրել, որ ռուս գործընկերներին հենց այդպես էլ ասում են ՀՀ չինովնիկները): Այդ պատճառով չի լինի դոնորական կոնֆերանս՝ մինչև վերջնական ստորագրում:

Այս քայլերով կանխվում է Ս. Սարգսյանի փորձը ձգձգելու Եվրոպայի հետ սիրախաղը` լրացուցիչ ժամանակ շահելու` անհրաժեշտ ժողովրդավարական բարեփոխումները չանելու համար: Հիմա դեռ նա կարող է ոչ մի բան չանել` Եվրոպան ամեն ինչ էլ կների, սակայն ժամանակը անսպառ չէ: Կեղծված ընտրությունների, կոռումպացված չինովնիկներին տանիք ծառայելու համար գինը վճարելու ժամանակն է եկել:

Իսկ թե ինչ է նշանակում տնտեսական ծանր կացության մեջ գտնվող Հայաստանի համար դոնորների կոնֆերանսը, ուր կարելի է հանգանակել մեկ միլիարդ եվրո և ավելին, բացատրելու կարիք չկա:  Ս. Սարգսյանը և ՀՀ կառավարությունը բազմիցս ակնարկել են, որ եթե այդ գումարը տրվեր «այլ աղբյուրներից», ապա Հայաստանը կգնար այդ առատաձեռն գործընկերոջ հետևից. իր կառավարման ամբողջ ընթացքում Ս. Սարգսյանը տարբեր աղբյուրներից միլիարդավոր վարկեր է ստացել: Սակայն Ռուսաստանն ունի 2009 թ. 500 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ տրամադրելու փորձ: Դեռ նոր դրա բարձր տոկոսները վճարելու ժամանակն է եկել: Մեկ միլիարդ տալու պարագայում Հայաստանից համարժեք էլ ի՞նչ պիտի վերցնի, որ իրենը չէ: ՌԴ-ն այսօր ավելին է ակնկալում, և հե՛նց Սերժ Սարգսյանից:

Վլադիմիր Կարապետյան

Նախորդ հոդվածը‘Վրաստանում ավտովթարի ենթարկվածներից մեկը հաղորդավար Արամ Չախոյանն է’
Հաջորդ հոդվածը‘Գարեգին Բ-ն հայ ռազմագերու հարցով դիմել է Ադրբեջանի հոգեւոր առաջնորդին’