‘Վլադիմիր Կարապետյան. Հայաստանի պատմության մեջ սա աննախադեպ դաշինք է (տեսանյութ)’

1940

Սիսիանում ընթացող ընդդիմության միասնական հանրահավաքում  ելույթ ունեցավ Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ Վլադիմիր Կարապետյանը:

Նա ներկայացրեց առաջիկա անելիքները եւ նաեւ վերլուծեց ստեղծված իրավիճակը:

«Ուզում եմ հավատացնել, որ մենք վճռական ենք արմատական փոփոխությունների հասնելու հարցում: Երբ ասում ենք արմատական փոփոխություններ, նկատի ունենք հստակ իշխանափոխություն, այս հանցավոր ռեժիմից ազատագրում, այն բոլոր խնդիրների լուծում, որոնց մասին խոսեցին ինձանից առաջ: Մեր նպատակներին հասնելու համար պետք է մի քանի հարցի պատասխան տալ ու մի քանի գործոններ պետք է հաշվի առնել:

Նախ՝ պետք է պարզել, թե որքան թույլ է իշխանությունն այսօր, եւ որքան ուժեղ է ընդդիմությունը, որքան միասնական է այն: 

Երեկ ես կարդացի, որ քառյակի 4-րդ գործընկերը՝ ՀՅԴ-ն,` հայտարարել է, որ բացառվում է համագործակցությունը կոալիցիայի շրջանակներում ՀՀԿ-ի հետ: Սա վկայում է այն մասին, որ գոնե առաջիկայում նման կոալիցիայի մասին ՀՅԴ-ի հետ ՀՀԿ-ն չի կարող երազել: Բոլորս հիշում ենք, որ մի քանի ամիս առաջ ՕԵԿ-ը դուրս եկավ կոալիցիայից,  այսինքն, անգամ ՕԵԿ-ը չի ուզում աշխատել ՀՀԿ-ի հետ, ՀՀԿ-ն մնացել է միայնակ:

Արդեն 3-րդ հանրահավաքն է, որտեղ մենք ամենակոշտ գնահատականներն ենք տալիս այս իշխանություններին, բացահայտում ենք առկա խնդիրները, եւ ո՞վ է մեզ պատասխան տալիս:

Հետեւո՞ւմ եք իշխանության արձագանքին, խոսում են ընդամենը մի տասը հոգի: Բա ո՞ւր են մնացածները: Շատ հասկանալի է, երբ մեզ պատասխանում է, օրինակ` Գալուստ Սահակյանը. մարդը ընտանիք է պահում, ապահովել է, որ իր երկու որդիները բարձր պաշտոնների լինեն, ինքն էլ բազմել է ԱԺ նախագահի պաշտոնում, եւ բնական է, որ ամեն ինչ պետք է անի, որ երկարաձգի այս իշխանության գոյությունը:

Հովիկ Աբրահամյանը, որը պետական պաշտոնում աշխատելու ընթացքում այնքան հարստություն է կուտակել, որի մասին կերազեին գործարարները, որոնք ոչ մի կապ չունեն պետական պաշտոնների հետ: 

Նորահայտ մի դեմք՝ Մարգարիտ Եսայանը, երեւի տեղյակ էլ չեք, որ նախկին լրագրողը կարողացել է իր ընտանիքի համար նոր բիզնես դնել, եւ այն նստարանները, որ Երեւանում պատրաստում են եւ այլ պատվերներ քաղաքապետարանի կողմից` իր ընտանիքն է անում, ուստի բնական է, որ նա էլ պետք է պաշտպանի այս կոռուպցիոն իշխանություններին:

Բայց մի քանի հոգի են սրանք, ո՞ւր է իրենց խմբակցության 70 տոկոսը, ինչո՞ւ են լռում: Ես կասկածում եմ, որ նրանցից շատ-շատերը լինելու են մեր կողքին:

Անդրադառնանք արտաքին աշխարհին:

Մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանը գտնվում էր Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստին էր մասնակցել: Այնտեղ ինքը ելույթ ունեցավ եւ այլ կարեւոր հանդիպումներ չունեցավ: Որեւէ նախագահ, երբ գնում է նման միջոցառման, իսկ ՄԱԿ-ի այս տարվա ասամբլեայում աննախադեպ քանակի նախագահներ կային, պարտադիր կերպով ԱԳՆ-ն երկկողմ հանդիպումներ է կազմակերպում: Բայց նա որեւէ հանդիպում չի ունեցել: Չես հասկանում՝ ինչի՞ համար գնաց այնտեղ, եթե որեւէ կարեւոր հանդիպում չի ունենալու: Իսկ ինչո՞ւ նրա հետ չեն հանդիպել, որովհետեւ նա արհամարհված է, նրան սպառված են համարում, նրա հետ խոսելու բան չունեն: Նույնը` ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում, երբ 28-ից միայն 1 նախագահի հետ կարողացավ հանդիպել: 

Սա ցույց է տալիս, թե ինչ մեկուսացման մեջ է այս ռեժիմը:

Հիմա մեզանից խոսենք:

Հայաստանի պատմության մեջ սա աննախադեպ դաշինք է, աննախադեպ միասնություն: Երեկ արդեն գործընկերներս շատ են ասել, որ տարբեր քաղաքական ուժեր կանգնել են հարթակում եւ ձեզ են դիմում, հավատացնում են, որ այս պայքարը չի ավարտվելու հարթակի վրա սիրուն ճառեր ասելով: Բոլորս ակնկալում ենք ձեր աջակցությունը եւ հրավիրում ենք հոկտեմբերի 10-ին Երեւան, որտեղ կլինի մեծ հանրահավաք, եւ որտեղ ավելի շատ հարցերի պատասխան կստանաք, քան այսօր եք ստանում:

Այս միասնականությունը նոր չի ձեւավորվել: Սա ինչ-որ պահի տակ քաղաքական ուժերի կողմից կայացված որոշում չէ: Մեկ տարուց ավելի ԱԺ-ում կոնսուլտացիաներ էին տեղի ունենում տարբեր հարցերի շուրջ, եւ արդեն քանի տասնյակ օրենքների շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ միասնաբար քվեարկելու հարցում:

Մենք այսօրվան եկել ենք ոչ հեշտ ճանապարհով՝ փորձելով հաղթահարել այն տարաձայնությունները, որ կային, եւ այն ճանապարհը, որ սկսվել է՝ չի ավարտվելու հոկտեմբերի 10-ին, այլ երկար է լինելու եւ շարունակական: Սպասում ենք ձեզ Երեւանում»- ասաց Կարապետյանը:

Նախորդ հոդվածը‘Վարդան Օսկանյան. Երկրին անհրաժեշտ են արմատական փոփոխություններ ‘
Հաջորդ հոդվածը‘Արմեն Մարտիրոսյան. Ամբողջական իշխանափոխությունը միակ քայլն է’