‘Վրաստանի վարչապետը հաջողված է համարում կառավարության առաջին «100 օրը»’

736

Երեքշաբթի կայացած ասուլիսում Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ամփոփել է  անցյալ տարվա հոկտեմբերին ընտրություններում իր կուսակցության հաղթանակից հետո  ստեղծված նոր կառավարության առաջին 100 օրվա արդյունքները, հաղորդում է Trend-ը: Նոր կառավարության գլխավոր ձեռքբերումը Իվանիշվիլին համարում է արդարության վերականգնումը: «Մենք բանտերից ազատեցինք 190 քաղբանտարկյալների, ևս 3,5 հազար մարդ համաներմամբ ազատ արձակվեց»,- ասել է վարչապետը:

Իվանիշվիլին անդրադարձել է նաև գների իջեցման քաղաքականության հաջողություններին: «Մենք կարողացանք էլեկտրաէներգիայի գներն իջեցնել 21%-ով, վառելիքինը՝ 10%-ով, փետրվարից կնվազի նաև գազի գինը, առայժմ 10%-ով, հետո մտադիր ենք ավելի իջեցնել: Կարողացանք էապես նվազեցնել նաև դեղորայքի գները՝ 30-50%-ով»,-ասել է նա:

Արտաքին քաղաքականությանն անդրադառնալով՝ Իվանիշվիլին հայտարարել է, որ ճիշտ ուղղություն է բռնել, ու իրեն անհասկանալի են ընդդիմախոսների քննադատությունները: «Մենք հավատարիմ ենք արտաքին քաղաքականության՝ դեպի ԵՄ և ՆԱՏՕ ընթանալու կուրսին, սակայն սկսել ենք զուգահեռաբար հարաբերությունները բարելավել Ռուսաստանի հետ»,- նշել է վարչապետը և հավելել, որ նոր կառավարությանը հաջողվել է նաև հրաշալի հարաբերություններ հաստատել ԱՄՆ-ի հետ:

Նախորդ հոդվածը‘Արմեն Մարտիրոսյան. Սերժ Սարգսյանի կառավարման ընթացքում տնտեսական, սոցիալական, քաղաքական ոլորտներում առաջընթաց չենք գրանցել’
Հաջորդ հոդվածը‘ՃՈ-ն շարունակում է իրավախախտումների արձանագրման տեսախցիկների տեղադրման աշխատանքները’