‘Վրաստանի վարչապետի կարծիքով ՝դեռ վաղ է խոսել Ռուսաստան այց կատարելու մասին’

799

Վրասատանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու վերաբերյալ խոսակցությունները ժամանակավրեպ է համարում: Ինչպես նա հայտնել է «Իմեդի» հեռուստատեսությանը տված հարցազրույցում, ռուսասատանյան Известия թերթի հաղորդումն այն մասին, թե Մոսկվան պատրաստվում է իր այցին, անձամբ իրեն «դուր է եկել»: «Բայց ուզում եմ շեշտել, որ ոչ մի անդրկուլիսյան խաղ չի լինի:

Մենք դա մեզ թույլ չենք տա: Այն ամենը, ինչ մեզ հայտնի կլինի, մենք կներկայացնենք հանրությանը: Եթե Ռուսաստանում նման սպասողական վիճակ  առկա է, և եթե գործընթացներում ինչ-որ բեկում լինի՝ շատ լավ կլինի,- ասել է վարչապետը և հավելել: — Իմ սկզբունքային մոտեցումն այսպիսին է. մենք անպայման պետք է կարգավորենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, և ամեն ինչ պետք է անենք դրա համար՝ չնայած նրան, որ դա սարսափելի նյարդայնացնում է Միխեիլ Սաակաշվիլիին»:

Բիձինա Իվանիշվիլին անդրադարձել է նաև «Էրիսիոնի» պետական պարային համույթի առաջիկա հյուրախաղերին Ռուսաստանում  և նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումը պետք է սկսել հենց մշակույթի և սպորտի ոլորտներում համագործակցությունից, հաղորդում է Trend-ը:

Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին փոխարտգործնախարար Նիկոլոզ Վաշակիձեն քննադատել էր «Էրիսիոնի» պետական պարային համույթի որոշումը՝ Մոսկվա հյուրախաղերի մեկնելու վերաբերյալ և հայտարարել, որ «Էրիսիոնիի» առաջիկա այցելությունը Ռուսաստան կդառնա վրաց մշակույթի «ամոթալի էջը»:  

Նախորդ հոդվածը‘«Բորուսիան» ջախջախեց «Շախտյորին»’
Հաջորդ հոդվածը‘Ժառանգությունը չի տրամադրում Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Սերժ Սարգսյանին ուղարկված նամակը՝ այն ժամանակավրեպ համարելով’