‘«Բորուսիան» ջախջախեց «Շախտյորին»’

759

Ֆուտբոլի Ուկրաինայի չեմպիոն Դոնեցկի «Շախտյորը» դուրս մնաց Չեմպիոնների լիգայի 2012/2013 մրցաշարի հետագա պայքարից:

1/8 եզրափակիչում Միրչա Լուչեսկուի թիմի ճանապարհին կանգնեց Դորտմունդի «Բորոսիան», որը պատասխան խաղում ոչ մի շանս չտվեց ուկրաինական ֆուտբոլի անվիճելի առաջատարին՝ հաղթելով 3:0 հաշվով:

Դորտմունդում կայացած խաղի հաշիվը 31-րդ րոպեին բացեց «Բորուսիայի» բրազիլացի պաշտպան Ֆելիպե Սանտանան, իսկ 6 րոպե անց գերմանացի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն կրկնապատկեց դաշտի տերերի առավելությունը: Ընդմիջումից հետո Լեհաստանի հավաքականի կիսապաշտպան Յակուբ Բլաշչիկովսկին երրորդ գնդակն ուղարկեց «Շախտյորի» դարպասը՝ վերջակետ դնելով խաղին:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորի» կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Մխիթարյանը վատ հանդիպում չանցկացրեց, սակայն նրա թիմը պարտվեց ավելի ուժեղ մրցակցի, հայտնում է Sport.News.am-ը:

Հիշեցնենք, որ այս թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր 2:2 հաշվով:

Նախորդ անգամ Դորտմունդի «Բորոսիան» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի ուղեգիր էր նվաճել 1997/1998 մրցաշրջանում:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում 

«Բորուսիա Դ.» – «Շախտյոր»` 3:0 (առաջին հանդիպում՝ 2:2) 

Ֆելիպե Սանտանա, 31, Մարիո Գյոտցե, 37, Յակուբ Բլաշչիկովսկի, 59

Նախորդ հոդվածը‘Ջոն Քերի. Սիրիային հատկացվող օգնությունը պետք է ամրապնդի ընդդիմության ոչ ծայրահեղական ուժերը’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի վարչապետի կարծիքով ՝դեռ վաղ է խոսել Ռուսաստան այց կատարելու մասին’