‘Վ. Խաչատրյան. Կառավարության պատասխանը ուղղակի պատասխան էր՝ պատասխանելու համար’

1403

Կառավարության պատասխանը քառյակի 12 պահանջներին ուղղակի պատասխան էր՝ պատասխանելու համար, քանի որ, ըստ էության, այնտեղ որեւէ առարկայական պատասխան, առարկայական բացատրություններ կամ առարկայական մոտեցումներ չկային: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով վերջերս հրապարակված՝ կատավարության հայտարարությանը, նշեց Հայ ազգային կոնգրեսի տնտեսական հանձնաժողովի նախագահ Վահագն Խաչատրյանը: «Այս պատասխանից հետո ինձ մոտ անմիջապես հարց առաջացավ, թե կառավարությունը ինչո՞ւ է հանկարծակի հիշել քառյակի հարցադրումների մասին: Հետո, երբ բացատրությունը տրվեց, որ քառյակի երկու պատագամավորների կողմից է հարցապնդումը եղել, արդեն ամեն ինչ պարզ դարձավ»,- ասաց Վահագն Խաչատրյանը:

Տնտեսագետի խոսքով՝ այս հայտարարությամբ կառավարությունը հերթական անգամ ապացուցեց, որ իրեն չեն հետաքրքրում հասարակության լայն շերտերին հուզող հարցերը եւ դրանց լուծումները. բովանդակային առումով՝ այդ պատասխանը, մի քանի եզրակացություններից բացի, ուրիշ ոչինչ չէր պարունակում: «Կառավարությունը ունի անձնական խնդիրներ եւ իր հարցերը փորձում է կարգավորել օրենսդրորեն, որից օգտվում են ոչ թե հասարակության լայն շերտերը, այլ հենց իրենք»,- նշեց Վահագն Խաչատրյանը՝ հավելելով, որ լավագույն օրինակը բիզնեսի եւ քաղաքականության սերտաճումն է, որը ցանկացած երկրում կառավարման համակարգի առումով համարվում է կոռուպցիոն ամենամեծ ռիսկը:

Ի պատասխան մեր այն հարցին, թե արդո՞ք համապատասխանում է իրականությանը կառավարության պատասխանի մեջ նշված այն պնդումը, որի համաձայն՝ իրենք արդեն իսկ իրագործել են քառյակի պահանջներից մի քանիսը, Վահագն Խաչատրյանը նշեց, որ առկա են թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական հարցեր: «Օրինակ, կառավարության այն պնդումը, թե իրենք կատարել են կենսաթոշակային համակարգի վերաբերյալ Սահմանադրական դատարանի պահանջները, իրականությանը չեն համապատասխանում: Այդ կենսաթոշակային փոփոխությունների արդյունքում  ժողովրդի վիճակը ավելի վատացավ՝ մտցրին նոր հարկատեսակ, իսկ այդ պարտադրանքը չվերացավ:

Երկրորդ կարեւոր խնդիրներից մեկը «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխություններն են, որին պետք է անմիջապես անդրադառնային: Մեր 12 պահանջների մեջ այս հարցի վերաբերյալ ներկայացված էին մի քանի հարցադրումներ, որոնցից միայն մեկն են կատարել՝ շրջանառության հարկը 3.5%-ից իջեցնելով 1%-ի: Միեւնույն ժամանակ՝ մենք պահանջում էինք, որ շրջանառության առավելագույն շեմը մոտ 58 մլն դրամից բարձրացվի 15 մլն դրամի, արտոնագրային վճարներով սահմանված 9 միլիոնը դրամը՝ 15-ի, ինչպես նաեւ սահմանի վրա ավելացրած արժեքի հարկը հանվի: Այս ամենը փոխկապակցված է իրար հետ, եւ պատահական չէ, որ հարցադրումները այդպես էին կատարվել: Արդյունքում՝ ի՞նչ է ստացվեց, նրանք իրականացրին են այդ պահանջների միայն մի մասը եւ դրա վրա ավելացրին փաստաթղթային հիմնավորումները, ինչից էլ հենց հիմա դժգոհում են մանր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները:

Հաջորդ տնտեսական կարեւոր կետը «Որոտան» ՀԷԿ-ի հարցն է. ընկերության վաճառքի հետ կապված իրենց բացատրությունները ընդհանրապես չեն համապատասխանում իրականությանը: Իրականում այդ գործարքը այսօր առ ոչինչ է, քանի որ պայմանագրի մեջ 180 մլն վաճառքի գինը մինչ օրս այդպես էլ չի վճարվել: Այն հիմնավորումները, որ դա օրենքի շրջանակներում է, այդպես չէ. տեղի է ունեցել օրենսդրական կոպիտ խախտում. այն ընդգրկված չի եղել մասնավորեցման համապատասխան ցուցակում: Մենք, շատ լավ տիրապետելով օրենքի պահանջներին՝ պնդում էինք, որ այդ հարցը պետք է վերադառնա Ազգային ժողով, ինչը չիրականացվեց»,- հայտնեց Վահագն Խաչատրյանը:

Անդրադառնալով քաղաքական մասին՝ տնտեսագետը նշեց, որ առաջին կարեւոր կետը ընտրական օրենսգրքի փոփոխություններն են՝ 100 տոկոսանոց համամասնական համակարգին անցումը, իսկ երկրորդը՝ ցուցակների հրապարակումը: «Ցուցակների գաղտնիության հանգամանքը կառավարությունը հիմնավորում է Վենետիկի հանձնաժողովի տեսակետով, ինչը միայն խորհրդատվական մոտեցում է. ցուցակի հրապարակումը չի նշանակում անձի վերաբերյալ գաղտնի տվյալների բացահայտում:

Կառավարությունը քաղաքական մասով նույնպես մեր ներկայացրած հարցերին կոնկրետ պատասխաններ չի տալիս: Նրանց տված պատասխաններից ամենահստակը այն է, որ գոյություն ունեն սահմանադրական փոփոխություններ, որոնց ընթացքում մենք մեր առաջարկները կարող ենք ներկայացնել, չնայած՝ իրենք դրանից խուսափում են:

Հավելեմ, որ կարեւոր հարց է նաեւ ընդդիմության ներկայացուցիչների ներգրավումը վերահսկիչ մարմիններում, ինչը իրենք նույնպես բացառում են: Այս մասով ընդհանուր եզրակացությունն այն է, որ իշխանությունները չեն պատկերացնում, թե ինչպես կարելի է իրենց մենանշնորհային դիրքից որեւիցե զիջում կատարել»,- նշեց Վահագն Խաչատրյանը:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Հայաստանի իրականությունը եւ կառավարման մոդելները’
Հաջորդ հոդվածը‘Նշանակվել են Ոստիկանության պետի նոր տեղակալներ’