‘Խմբագրական. Հայաստանի իրականությունը եւ կառավարման մոդելները’

1895

Թեեւ սահմանադրական փոփոխությունների մասին բովանդակային քննարկումները հասկանալի պատճառներով համարում ենք անիմաստ, բայց կա մի նրբերանգ, որը բովանդակային քննարկման սահմանին է, եւ որը կարեւոր է հասկանալ՝ ինչ-որ տեղ վերջնական դարձնելու համար ընդհանուր թեմայի պատկերը:

Տարբեր հրապարակումներում արդեն մանրամասն ներկայացվել է այն դրույթը, որ այս կամ այն կառավարման կաղապարը, տվյալ դեպքում՝ խորհրդարանական կամ նախագահական հանրապետությունը, ոչ թե իրենք իրենցով են լավ կամ վատ, ճիշտ կամ սխալ, արդյունավետ կամ ոչ, այլ՝ կախված տվյալ երկրի եւ տվյալ ժամանակի կոնկրետ պայմաններից եւ քաղաքական կառուցվածքից: Այսինքն, մեղմ ասած՝ նույնը չեն Գերմանիայի եւ Հյուսիսային Կորեայի, Իտալիայի եւ Սոմալիի, Շվեյցարիայի եւ նախկին ՍՍՀՄ քաղաքական համակարգերը, չնայած բոլոր թվարկածներն էլ խորհրդարանական հանրապետություններ են (կամ՝ էի՛ն, ինչպես ՍՍՀՄ-ը): Դա պատահական չէ, եւ կախված է ոչ այնքան այս կամ այն երկրի վերնախավի բարի կամ չար կամքից, այլ ամեն տվյալ հասարակության փաստացի ուժից:

«Ծիծիլյոն» կուսակցություն եւ շաքարի մեկ ներկրող

Խնդիրն այն է, որ խորհրդարանական հանրապետությունը ենթադրում է ուժեղ եւ հասուն հասարակություն: Ձեւականորեն՝ խորհրդարանական հանրապետությունը կարող ենք համարել առավել ժողովրդավարական, քան նախագահականը, բայց այդ ձեւը համապատասխան բովանդակություն եւ հիմք է պահանջում, այլապես կարող է վերածվել  կամ այնպիսի «մոնստրի», ինչպիսին էր սովետական համակարգը, էլ չասած՝ հյուսիսկորեականի մասին, կամ էլ արտահայտել սոմալիական տիպի անիշխանականությունն ու «բարդակը»: Չի կարելի Արագածի գագաթին խաղողի աճեցման փորձից հետո զարմանալ, թե ինչու այդ փորձը տապալվեց, չնայած նույն լեռան ստորոտում գտնվող դաշտերում խաղողը հաջողությամբ մշակվում եւ բերք է տալիս:

Ի՞նչ է նշանակում ուժեղ հասարակություն: Տվյալ դեպքում՝ նկատի ունենք հասարակություն, որտեղ ոչ միայն իշխանությունը, այլեւ հասարակության այլեւայլ շերտեր ու խմբեր նույնպես տիրապետում են քիչ թե շատ անկախ, քանակապես եւ որակապես պատկառելի, կայուն ռեսուրսների, եւ այդպիսով իշխող խմբի եւ հասարակության տարբեր շերտերի միջեւ ուժային հարաբերությունը քիչ թե շատ հավասարակշիռ վիճակում է: Եթե ավելի հստակեցնենք, խոսքն այն մասին է, որ ոչ միայն նեղ վերնախավը, այլեւ գոնե միջին խավը, որոշ իմաստով՝ նաեւ միջինից ցածր համարվողները, նման հասարակության մեջ տնօրինում են քիչ թե շատ աչքի ընկնող ռեսուրսների, հետեւաբար՝ կարող են այս կամ այն չափով պարտադրել իրենց շահերը եւ տեսակետները, սահմանափակել նեղ վերնախավի ձգտումները, ստիպել հաշվի նստել մյուս խավերի հետ:

Պատկերավոր ասած՝ դա այնպիսի հասարակություն է, ուր շաքարը մի հոգի չի ներկրում՝ անկախ բնակչության քանակից, եւ այդ շաքարի ներկրման արտոնությունն էլ չի ստանում իշխող խմբից, ոչ էլ կիսում է եկամուտը տվյալ երկրի նախագահի հետ: Նման հասարակության մեջ բնականից առաջանում է նաեւ իրական բազմակուսակցականությունը՝ խորհրդարանական հանրապետության կառուցվածքային հիմքը: Ճիշտ է, Հայաստանում էլ ունենք «ծիծիլյոն» հատ կուսակցություն, բայց դրանց ճնշող մեծամասնությունը չի կայանում՝ որպես իրական ուժ, հասարակական տարբեր շերտերի շահերը ներկայացնող գործիք, ոչ թե՝ որովհետեւ հայերս հիմար ազգ ենք, այլ որովհետեւ հասարակությունը չի տիրապետում կուսակցության պես բարդ եւ «սուր» գործիքը պահելու ու գործադրելու բավականաչափ ռեսուրսի: Իսկ այն կուսակցությունները, որոնք այսպիսի պայմաններում կարողանում են այս կամ այն կերպ գոյատեւել եւ ազդեցություն ունենալ գործընթացների վրա, անում են դա շնորհիվ ոչ թե սովորական, այլ, այսպես ասած՝ «արտակարգ», հավելյալ, եզակի ռեսուրսի (դա կարող է լինել, ասենք, քաղաքական առաջնորդի արտառոց հեղինակությունը, կամ հարյուրամյա պատմության շուրջ հյուսված լեգենդը, կամ որեւէ այլ հավելյալ, եզակի ռեսուրս, որի հնարավորությունը չունեն ուրիշները):

Արնուվանդասի Ռոլս-Ռոյսը եւ Սովետը

Ավելորդ է ասել, որ մեր՝ «մեկ շաքար-մեկ մշակույթ» հասարակությունում խորհրդարանական հանրապետությունը, լավագույն դեպքում՝ զուտ ձեւականություն եւ թիթիզություն կարող է դառնալ՝ փաստացի իրավիճակի հետ որեւէ կապ չունեցող: Իհարկե, կարելի է հռչակել ցանակացած բան, ասենք՝ Մեծ ու Փոքր Հայքերի եւ Կիլիկիայի միացյալ խորհրդարանական հանրապետություն, որն էլ, իր հերթին՝ համադաշնության մեջ կարող է մտնել վերականգնված Խեթական թագավորության վտարանդի կառավարության հետ, իսկ ծագմամբ ակնեցի, այսինքն՝ խեթերի հետ ինչ-որ առնչություն ունեցող Առաքել Սեմիրջյանին էլ օծել որպես վերակազմյալ Խեթական պետության արքա՝ Արնուվանդաս Դ գահակալական անվամբ: Բնականաբար, կարելի է հռչակել նաեւ խորհրդարանական հանրապետություն այսօրվա Հայաստանում՝ նմանվելով մի մարդու, ով նույնիսկ Ժիգուլու փող չունենալով՝ որոշում է Ռոլս-Ռոյս առնել, կամ էլ հենց իր չեղած Ժիգուլին հռչակում է Ռոլս-Ռոյս: Այս ամենի «արդյունավետությունն» ակնհայտ է:

Բայց եթե խնդիրը միայն ձեւականությունն ու թիթիզությունը լիներ, դեռ կարելի էր մի կերպ մարսել, բայց իրականությունն ավելի բարդ է ու վտանգավոր: Տվյալ երկրի փաստացի ներուժին չհապատասխանող զուտ իրավական, թղթային ձեւը ոչ միայն ձեւականության, այլեւ չարիքի կարող է վերածվել, ավելին՝ ինքն իր հակառակի: Այսինքն, եթե մենք հռչակում ենք խորհրդարանական համակարգ մի երկրում, ուր չկան դրա նախապայմանները, արդյունքում՝ կարող ենք ստանալ ոչ միայն այն, որ փաստացի այն չի գործելու, այլեւ մի քանի անգամ ավելի վատթար բռնապետություն եւ անազատություն, քան ունենք: Պատահական չէ, որ սկզբից հիշատակեցինք սովետական համակարգը: Այնպես չէ, որ 1917 թվականին սովետական համակարգի հիմնադիրները չարակամորեն ծրագրավորել էին ստեղծել աշխարհիս ամենաուժեղ բռնապետություններից մեկը սովետական, այսինքն՝ ժողովրդական ինքնակառավարման անվան տակ (Սովետ եզրի սկզբնական իմաստը հենց ժողովրդական ինքնակառավարման մարմինն է): Ճիշտ է, պետության լենինյան հայեցակարգը ենթադրում էր պրոլետարիատի դիկտատուրա, բայց դա սահմանվում էր որպես բնակչության մեծամասնության իշխանություն փոքրամասնության՝ նախկին նեղ վերնախավի նկատմամբ, եւ դիկտատուրայի մարմինն էլ հենց Սովետն էր, այսինքն, յուրահատուկ խորհրդարանը, որի մեջ ներկայացված պետք է լինեին բանվորներն ու գյուղացիները: Սովետն էլ օդից վերցված, մտացածին կառույց չէր, այլ Ռուսաստանում 1905-07 թթ. հեղափոխության ընացքում ինքնաբուխ ծագած ինքնակառավարման մարմին էր, այսինքն՝ իրապես տարերային ժողովրդավարական ուժ էր: Մեկ այլ երկրում, այս համակարգը գուցե այլ զարգացում ունենար, բայց աղքատ, հետամնաց, գյուղատնտեսական, այսինքն՝ շատ թույլ հասարակությամբ Ռուսաստանում ձեւականորեն առավել ժողովրդավարական համակարգը վերածվեց փաստացի առավել բռնապետականի, խորհրդարանական հանրապետությունը՝ փաստացի անօրինակարգ միապետության (իհարկե, նման զարգացման պատճառը միայն մեկը չէր, եւ կարեւոր դեր ունեցան նաեւ լենինյան հայեցակարգի մեջ ներդրված ներքին հակասությունները, բայց դա տվյալ դեպքում էական չէ): Հակառակից էլ եթե գանք, նույն արդյունքն ենք ստանալու: Գերմանիայում խորհրդարանական համակարգը քիչ թե շատ համապատասխանում է իր հռչակված ձեւին, ոչ թե՝ որովհետեւ գերմանական վերնախավը բարի է ու երազում է հաշվի առնել մյուս խավերի շահերը, այլ որովհետեւ հասարակությունն ինքը բավականաչափ ուժեղ է, որ գոնե մասամբ զսպի վերնախավի ախորժակները (անշուշտ, խոսքը մասամբին է վերաբերում, որովհետեւ պարզ է, որ նույնիսկ Գերմանիայի պես երկրներում վերնախավն ավելի ուժեղ է, քան մյուս խավերը, ու հետեւաբար՝ փաստացի ավելի իշխանություն ունի):

Խորհրդարանական համակարգի մռայլ հեռանկարը Հայաստանում

Դառնանք նորից Հայաստանին: Խորհրդարանական համակարգի հռչակումը մեր երկրում, մեծ հավանականությամբ, հանգեցնելու է ոչ միայն ձեւականության (որն այսօր էլ կա), այլ ավելի վատթարի՝ բռնապետության, եւ ինչու ոչ՝ շատերի կողմից իբր այդքան չսիրված «օլիգարխիայի» վերջնական հաստատման՝ շատ ավելի վատ վիճակի, քան նույնիսկ այսօր ունենք: Թե ինչու այդպես, կարծում եմ, բավականչափ պարզ պիտի լինի նախորդ շարադրանքից, իսկ այստեղ մի բան եմ միայն ուզում ավելացնել: Հասկանալի է, որ քանի դեռ Հայաստանում շատ քիչ է անկախ, ուժեղ եւ կայուն հասարակական կառույցներ ստեղծելու եւ զարգացնելու ռեսուրսը, ապա մեր ժողովուրդն ուժը տեսնում է անձերի մեջ: Հենց այդ պատճառով էլ ցայսօր բռնապետության դեմ միակ համախմբող, դիմադրություն առաջացնող գործոնը եղել են նախագահական ընտրությունները: Ճիշտ է, նախագահական ընտրությունների շրջանում ծավալվող պայքարում իշխանությունը միշտ, ի վերջո, հաղթող է դուրս եկել, բայց ճիշտ է նաեւ այն, որ հասարակական ուժեղ դիմադրությունը լուրջ խնդիրներ է ստեղծել իշխանության համար, ստիպել է իշխող խմբին հրաժարվել որոշ կարեւոր ծրագրերից, թույլ չի տվել, որ իշխանության գերկենտրոնացում տեղի ունենա, նպաստել է, որ հասարակության մեջ գոյատեւեն այլընտրանքային որոշակի օջախներ: Կարելի է հիշել նաեւ, որ նախագահական ընտրությունների շուրջ ստեղծված իրավիճակներն արթնացրել եւ ակտիվացրել են հասարակական այլեւայլ խմբերի, որոնք հետագայում իրենց անկախ օրակարգերով են հանդես եկել, ձեւավորվել են նաեւ քիչ թե շատ կեսունակ քաղաքական ուժեր, որոնք դարձել են հասարակական դժգոհության խողովակներից, մամուլը նույնպես մեծապես շահել է (ամենամեծ տպաքանակները տպագիր մամուլն ապահովել է նախագահական ընտրությունների ժամանակ) եւ այլն, եւ այլն: Միով բանիվ, նախագահական ընտրությունները դարձել են հայաստանյան ավազակապետության թիվ մեկ խնդիրն ու մարտահրավերը, եւ մյուս կողմից՝ իրական, այլ ոչ թե հռչակված ժողովրդավարության կարեւորագույն գործիք: Որքան էլ ասենք, որ իշխանությունը միշտ հաջողության է հասել, միեւնույն է, ամեն նոր նախագահական ընտրության հեռանկար իշխանության համար մնում է սպառնալիք, իսկ ամեն տվյալ քաղաքական իրավիճակ իր ակունքներով հասնում է մինչեւ առնվազն մոտակա անցած նախագահական ընտրություն: Հենց այս՝ փաստացի հասարակական դիմադրության կարեւոր գործիքից էլ իշխանությունն ազատվելու է խորհրդարանական համակարգին անցման դեպքում:

Կարող է թվալ, որ եթե ցայսօր խորհրդարանական ընտրությունները չեն առաջացրել նույն հասարակական համախմբումը, ինչ նախագահականը, ապա խորհրդարանական համակարգին անցնելու դեպքում այդ իրավիճակը փոխվելու է: Նման ենթադրությունը բավականին կասկածելի է, եթե հաշվի առնենք մեր նախորդ շարադրանքի տրամաբանությունը: Նախագահական ընտրությունները ոչ թե դեպքերի բերմամբ էին այդպիսի արդյունք ապահովում, այլ, ինչպես նշեցինք, այն պատճառով, որ մեր հասարակության փաստացի իրավիճակի՛ց բխում է այն հանգամանքը, որ մարդիկ ավելի կարեւորություն են տալիս ուժեղ քաղաքական առաջնորդների, այլ ոչ թե կազմակերպությունների պայքարին: Սա առարկայական հանգամանքներով է պայմանավորված, բխում է մեր հասարակության ռեսուրսային թուլությունից եւ այլ՝ ավելի երկրորդական հանգամանքներից: Դրա համար էլ անցումը խորհրդարանական համակարգին կարող է ավելի հանգիստ կյանք ապահովել իշխող խմբին, ինչ-որ իմաստով հավերժացնել նրա իշխանությունը, ավելին՝ ի վերջո վերացնել ազատության նույնիսկ այն սահմանափակ ծիլերը, որոնք այսօր ունենք: Ձեւով՝ խորհրդարանական համակարգն առավել բազմակենտրոն է, բայց փաստով, մեր տիպի հասարակության պայմաններում, այն կարող է հանգեցնել առավել կենտրոնացված, հասարակության կողմից անվերահսկելի համակարգի՝ սցենար, որի իսկությունն ապացուցում է ՍՍՀՄ եւ սոցիալիստական ճամբարի այլ անդամ պետությունների փորձը:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Նախորդ հոդվածը‘Իրավապահ մարմիններն իրավունք չունեն ստիպել լրագրողներին բացահայտել աղբյուրը. ՄԻՊ’
Հաջորդ հոդվածը‘Վ. Խաչատրյան. Կառավարության պատասխանը ուղղակի պատասխան էր՝ պատասխանելու համար’