‘Վ. Կարապետյան. Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման ողջ գործընթացը փակ է ‘

1273

Հուլիսի 15-ին Երևանում տեղի է ունեցել Եվրամիություն-Հայաստան Ասոցացման համաձայնագրի բանակցային գործընթացին եւ սպասվելիք նախաստորագրմանը նվիրված հանրային քննարկում: Միջոցառումը նախաձեռնած ԵՄ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի Գործադիր կոմիտեն պաշտոնական հայտարարություն է ներկայացրել, որում իր մտահոգություններն ու կոչն է հղում Հայաստանի իշխանություններին և Եվրամիության կառույցներին:

Քննարկման ժամանակ շոշափվող խնդրի վերաբերյալ իրենց մոտեցումներն են ներկայացրել ՀՀ քաղաքական կուսակցությունների, մի շարք հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:

Քննարկման ժամանակ Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը նշեց, որ Հայ Ազգային Կոնգրեսը պաշտպանում է եվրոպական ինտեգրման քաղաքականությունը եւ կողմ ենք խորացնելու գործընկերությունը ԵՄ հետ, սակայն, միևնույն ժամանակ, ունի որոշ մտահոգություններ և վերապահումներ:

Ահա Վլադիմիր Կարապետյանի տեսակետը.

«Հայ Ազգային Կոնգրեսը պաշտպանում է եվրոպական ինտեգրման քաղաքականությունը եւ կողմ ենք խորացնելու գործընկերությունը ԵՄ հետ: Միեւնույն ժամանակ ունենք վերապահումներ ու մտահոգություններ.

 -ՀՀ իշխանությունների նկատմամբ, որոնք բանակցում են Ասոցացման Համաձայնագրի շուրջ: Այդ նույն մարդիկ մի քանի տարի առաջ բանակցեցին Թուրքիայի հետ հայտնի Արձանագրությունների շուրջ եւ պարզվեց, որ Հայաստանը պայմանավորվել է պատմաբանների հանձնաժողովի ստեղծման մասին: Ո՞վ կսպասեր նման զարգացում, ո՞ւմ մտքով նման բան կանցներ: Այսօր արդեն Թուրքիան իրեն թույլ է տալիս արհամարական հայտարարություններ, երկկողմ հարաբերություններին էլ հասցված է ծանրագույն վնաս: Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Շ.Քոչարյանը հայտարարեց, որ Հայաստանը երբեք նպատակ չի դրել անդամակցել ԵՄ-ին: Նման հայտարարություն էլ ՀՀ ԱԳՆ երբեք չէր արել: Հասկանալի չէ, թե ինչո՞ւ պետք էր բանակցությունների այս փուլում նման բան ասել:

-ԵՄ կառույցների եւ պաշտոնյաների` իրենց հայտարարություններին եւ ընդունված փաստաթղթերին հավատարիմ չմնալը: Դա վերաբերում է Հայաստանում քաղբանտարկյալի առկայության փաստի անտեսումը, Մարտի 1-ի սպանությունների բացահայտմանը, Ընտրական օրենսգրքի`  մինչեւ նախագահական ընտրությունները բարեփոխելուն: Այս բոլոր հարցերում, չնայած ԵՄ բազմաթիվ հայտարարություններին` որեւէ առաջընթաց չկա: Չկա նաեւ ԵՄ գնահատականը` ՀՀ իշխանությունների նման վարքագծին:

Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման ողջ գործընթացը փակ է, չկան քննարկումներ, հասարակությունը տեղեկացված չէ ընթացող գործընթացների մասին: Սա նույնպես մտահոգիչ է: Կա անհրաժեշտությունը նախաձեռնել հանրային լսումներ փաստաթղթի վերաբերյալ՝ ներգրավելով հասարակության տարբեր շերտերին: Հայ Ազգային Կոնգրեսը կլինի այդ քննարկումների ակտիվ մասնակցը, իսկ փաստաթղթի` հրապարակային դառնալուց հետո կքննարկվի այն վարչության նիստում»: 

Նախորդ հոդվածը‘Պռոշյանի գյուղապետի դաշնակցական թեկնածուն բողոքարկում է քվեարկության արդյունքները’
Հաջորդ հոդվածը‘Մանկապարտեզի վարիչը աշխատավարձերը ստացել եւ անհետացել է’