‘Վ.Կարապետյան. Ի՞նչ ազգային շահի մասին էր խոսում Սերժ Սարգսյանը’

2536

Հունվարի 30-ին Չեխիա կատարած այցի ընթացքում՝ մամուլի ասուլիսի ժամանակ, Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ «Մաքսային միությանը միանալու որոշման հիմքում ընկած է ազգային շահը, և այն պետք է օր առաջ իրականություն դարձնել»: Այնուհետև նա ընդգծել էր, որ «Մաքսային միությունը, առաջին հերթին, տնտեսական կառույց է, և ոչ ռազմական: Եվ բնավ պետք չէ կասկածի տակ դնել հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը»՝ ավելացնելով, որ «մենք ունենք բոլոր հնարավորությունները պաշտպանելու մեր տարածքների ամբողջականությունը, մեր սահմանների անառիկությունը: Եվ, իմիջիայլոց, Ձեզ պիտի ասեմ, որ մեր այդ կարողությունները ձևավորվել, հիմա էլ համալրվում են նաև Ռուսաստանի Դաշնության ջանքերով»:

Այսպիսով՝ արվել է երկու կարևոր շեշտադրում.

-Տնտեսական կառույց հանդիսացող Մաքսային միությանը միանալու հիմքում ազգային շահն է:

Այդ որոշումը որևէ կապ չունի հայ-ռուսական ռազմավարական գործակցության, ռազմական ոլորտում համագործակցության հետ, որոնք հիմնվել են Հայաստանի անկախության ձեռք բերումից ի վեր և երբևէ չեն շաղկապվել այս կամ այն (տնտեսական) կազմակերպության հետ Հայաստանի համագործակցությամբ:

Հիմա կարծում ենք՝ անհրաժեշտ է, որ իշխանությունները «օր առաջ» բացատրեն, թե ո՞րն են համարում ազգային շահ, որի հիմքում է հենց ՀՀ միացումը Մաքսային միությանը:

Հասկանալի է, որ ռազմավարական հարցերը չէին կարող լինել դրա հիմքում, քանի որ այդ հարցերում Հայաստանը մշտապես վերընթաց գործակցություն է ունեցել ՌԴ հետ, հետևաբար, եթե իշխանությունը խոստովանի, որ հենց ռազմավարական նշանակության խնդիրներն էին Մաքսային միությանը միանալու հիմքում, ապա կխոստովանի, որ վստահության այնպիսի անընդունելի մակարդակի են հասցվել ՌԴ հետ մեր գործակցությունը, որ ոչ հայ-ռուսական Մեծ պայմանագիրը, ոչ էլ ռազմական ոլորտի տասնյակ համաձայնագրերն ու ՀԱՊԿ-ի շրջանակներում մեր գործընկերությունն այլևս չեն ապահովում մեր երկրների միջև գործընկերային հարաբերություններ, և Հայաստանը ստիպված պետք է մտնի Մաքսային միություն:

Ռազմավարական նշանակության հարցերը չեն կարող լինել Հայաստանի՝ ՄՄ-ին միանալու հիմքում նաև այն պատճառով, որ կհակասեն հենց Սերժ Սարգսյանի՝ Չեխիայում տված մեկնաբանություններին:

Այսինքն՝ գալիս ենք տնտեսական հարթություն: Հենց այստեղ է, որ մեր իշխանությունները հիմա օրուգիշեր պետք է խոսեն, բացատրեն հանրությանը, թե այդ ի՞նչ «ազգային շահի» մասին էր խոսում Սերժ Սարգսյանը: Մինչ օրս նման բացատրություն չենք լսել: Մեզ չի ասվում, թե Հայաստանի քաղաքացին ի՞նչ օգուտ է ստանալու այս որոշումից, Հայաստանը ի՞նչպես է շահելու ՄՄ-ի անդամ դառնալով:

ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման՝ հանրությանը ներկայացված օգուտները

Եվրոպական Հանձնաժողովի պատվերով ECORYS-ի նիդերլանդական կազմակերպության իրականացրած վերլուծության համաձայն՝ երկարաժամկետ առումով Հայաստանի ազգային եկամուտը պետք է ավելանար 146 մլն եվրոյով: Հայաստանի տնտեսությունը կարճաժամկետ առումով աճելու էր հավելյալ 1,1 տոկոսով, իսկ երկարաժամկետ՝ հավելյալ 2.3 տոկոսով: Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) համաձայնագրի ստորագրման արդյունքում Հայաստանից արտահանումը երկարաժամկետ հեռանկարում ավելանալու էր 15.2%-ով, ներմուծումը՝ 8.2%-ով։ Դրանով աստիճանաբար կբարելավվեր նաև Հայաստանի արտաքին առևտրի հաշվեկշիռը։ ԽՀԱԱԳ համաձայնագրի ստորագրումը դրական ազդեցություն կունենար նաև Հայաստանում վարձատրության չափի վրա։ Այսպես, միջին աշխատավարձը կաճեր 2.6 տոկոսով, իսկ սպառողական գները կնվազեին սահմանափակումների վերացման արդյունքում։ Սա նշանակում է, որ կբարձրանար բնակչության իրական տնօրինվող եկամուտը կամ գնողունակությունը։  

Արդեն առիթ ենք ունեցել նշելու, որ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրմանը պետք է հետևեր դոնորների կոնֆերանսի անցկացումը, որը պետք է մեկ միլիարդ եվրո հանգանակեր՝ Հայաստանում իրականացվելիք բարեփոխումներին անհատույց օժանդակելու համար:

Հիշեցնենք նաև, որ 2013 թ. օգոստոսի 28-ին այցելելով կրթության նախարարություն՝ Ս. Սարգսյանը, հիմնվելով Եվրոպական Միության հետ բանակցությունների վրա՝ հայտարարել էր. «Վստահորեն կարող եմ ասել, որ 2014թ. հունվարի 1-ից, օրինակ, նախարարության գլխավոր մասնագետն ստանալու է 200-280 հազար դրամ աշխատավարձ, բաժնի պետը, եթե չեմ սխալվում, 280-350 հազար դրամ աշխատավարձ՝ կախված աշխատանքային ստաժից: Դա զուտ հաշվարկային աշխատավարձն է: Կարծում եմ, բնական է, որ դրան ավելանալու են նաև տնտեսումներից գոյացող պարգևատրումները, որոնք մշտապես կան: Սոցիալական փաթեթներն էլ ենք ընդլայնելու: Այսինքն՝ մենք 2018թ. պետք է գանք հասնենք աշխատավարձի մի մակարդակի, որը պետական ծառայողին հնարավորություն է տալիս իր աշխատավարձով ապահովելու իր ընտանիքի նվազագույն կարիքները»: 

Այդ առատ շռայլվող խոստումները հիմնված էին ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների վրա: Սերժ Սարգսյանի՝ արդեն սովորական դարձած խոստման դրժումը ի ցույց է դնում, թե ինչից են զրկվել բազմահազար ՀՀ պետական ծառայողները: Հիշեցնենք, որ հունվարի 1-ից աշխատավարձի բարձրացում, փաստորեն, չի արվել, իսկ տարվա երկրորդ կեսից նախատեսվածը զգալի զիջելու է խոստմանը:

Դառնալով ռազմավարական նշանակության հարցերին՝ հարկ է նշել, որ շնորհիվ Եվրոպայի հետ կանոնավոր շփումների, տարբեր ոլորտներում արդյունավետ փոխգործակցության, քաղաքական երկխոսության, մեզ, որոշ չափով, հաջողվել էր դիմագրավել ադրբեջանական փորձերը եվրոպական տարբեր ատյաններում  հակահայկական բանաձևեր անցկացնելու հարցում: Դիվանագիտական բացթողումների արդյունքում թե՛ ՆԱՏՕ-ում, թե՛ Եվրոպական խորհրդարանում ընդունվել էին ադրբեջանանպաստ ձևակերպումներով փաստաթղթեր, սակայն դրանք շատ ավելի վտանգավոր կլինեին, եթե Հայաստան-ԵՄ հարաբերությունները չլինեին պատշաճ մակարդակի:

Այս ամենին կարող ենք հավելել վիզայի ռեժիմի դյուրացումը, իսկ տեսանելի ապագայում՝ վիզայի վերացումը Շենգենյան գոտու հետ, եվրոպական ուսումնական հաստատություններում մեր ուսանողների համար լրացուցիչ արտոնությունների հնարավորությունը:

Նշված առավելությունները բազմիցս հրապարակվել են, և Հայաստանի հանրությունը դրանց քաջատեղյակ է: Այս ամենից հրաժարվելու համար հասարակությանը պետք է ներկայացվեին ավելի ծանրակշիռ փաստարկներ, որոնք կհիմնավորեին Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը:

Սակայն այդ հիմնավորումները չկան, իսկ այն, ինչ ասում են ՀՀ պաշտոնյաները, միայն տարակուսանք է առաջացնում:

Մաքսային միության անդամակցության հետևանքները՝ ըստ ՀՀ պաշտոնյաների

Ինչպես նշել էինք, Մաքսային միության միանալը չի կարող ունենալ քաղաքական բաղադրիչ՝ անվտանգության խնդիրները կարգավորվում են հայ-ռուսական համապարփակ բնույթ ունեցող հարյուրավոր պայմանագրերով, համաձայնագրերով և այլ փաստաթղթերով, ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությամբ, ՆԱՏՕ-ի հետ առկա գործընկերությամբ: ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում նույնպես որևէ փոփոխություն չկա՝ նույնն է Մինսկի խմբի և՛ մանդատը, և՛ կազմը: Եթե նշյալ գործոններից որևէ մեկում փոփոխություն չկա, և եթե Հայաստանի վարկանիշի ու վստահելիության հարցում խայտառակ ձախողում տեղի չի ունեցել, ապա Մաքսային միությանը միանալու համար քաղաքական պատճառներ չկան:

Գանք տնտեսական հիմնավորումներին:

Այստեղ է, որ հարկատուների հաշվին իրենց աշխատավարձը ստացող պետական պաշտոնյաները թերանում են ներկայացնելու Սերժ Սարգսյանի հիշատակած «ազգային շահը»: Տեսնենք, թե դրա փոխարեն ի՞նչ են ներկայացնում տնտեսական քաղաքականության պատասխանատուները.

Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյան.  «Մենք նոր առևտրային բանակցություններ Եվրոպական միության հետ այս պահի դրությամբ չենք վարում: Գիտեք՝ այստեղ մի նրբություն կա Մաքսային միության անդամ դառնալուց հետո առևտրային ռեժիմին առնչվող շատ հարցեր բանակցվում են արդեն որպես Մաքսային միություն, ոչ որպես առանձին երկրներ»: 

Այսինքն՝ ասվում է, որ այսուհետ մեր փոխարեն ԵՄ-ի հետ առևտրային բանակցությունները վարելու է Մաքսային միությունը: Իսկ ո՞ր երկրի դրույքաչափերի վրա է հիմնված այդ Միությունը: Ըստ փոխնախարարի՝ «Այո, Մաքսային միության գործող ընդհանուր տարիֆային համակարգը, այսինքն՝ մաքսատուրքերի դրույքաչափերի ողջ փաթեթը հիմնված է Ռուսաստանի մաքսատուրքերի դրույքաչափի փաթեթի վրա»: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը պատրաստվում է ինքնիշխան պետության հիմնական գործառույթներից մեկը՝ արևտրային քաղաքականությունը, ամբողջությամբ զիջել Ռուսաստանին:

Ըստ Գ. Մելքոնյանի՝ Մաքսային միությունում մոտ 7 հազար անուն ապրանքների մաքսատուրքերի դրույքաչափերը ավելի բարձր են, Հայաստանի կառավարությունը բանակցում է ընդամենը 850-ի վերաբերյալ: Այսինքն՝ մնացած շուրջ 6000 անուն ապրանքների մաքսազերծումը թանկանալու է: Հավելենք նաև, որ էկոնոմիկայի նախարարն էլ իր հերթին հայտնել էր, որ Մաքսային միությանը անդամակցելու հետևանքով սպասվում է որոշակի գնաճ:

Որևէ խոսք չի ասվել դեպի Իրան երկաթուղու շինարարության, Հայաստանի ապաշրջափակմանը նպաստող՝ երկաթգծի աբխազական հատվածի վերաբացման, Հայաստանում նոր ատոմակայանի շինարարության, խոշոր այլ ծրագրերում Մաքսային միության անդամների մասնակցության վերաբերյալ: Հարց է առաջանում՝ եթե մենք տնտեսական, առևտրային հարցում որևէ օգուտ չենք ունենում, ո՞րն էր պատճառը ՄՄ-ին միանալու: Այս հարցը առավել քան արդիական է՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանը այսօր էլ օգտվում է 1992 թ. Ռուսաստանի հետ ստորագրած Ազատ առևտրի համաձայնագրի դրույթներից: Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալը որևէ կերպ չէր բարելավելու Ռուսաստանի հետ առևտրային պայմանները: Այսինքն՝ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման համար կային բոլոր իրավապայմանագրային հիմքերը՝ թե՛ քաղաքական, թե՛ ռազմական և թե՛ տնտեսական/առևտրային: Այդ իրավապայմանագրային դաշտից օգտվում էին Ռուսաստանի հետ առևտուր անող հազարավոր հայ գործարարներ: Որևէ նոր բան այդ գործարարները չեն ստանալու նաև Մաքսային միության անդամներ Բելառուսի և Ղազախստանի մասով՝ երկու երկրների հետ առևտուրը իրականացվում է գործող Ազատ առևտրի համաձայնագրերի դրույթների համաձայն  (Ղազախստանի հետ այն ստորագրվել է 1999 թ., Բելառուսի հետ՝ 2000 թ.):

Այս պայմաններում առավել հրատապություն է ստանում հետևյալ հարցը. այդ ի՞նչ «ազգային շահ» է գտել Սերժ Սարգսյանը՝ մեզ Մաքսային միության անդամ դարձնելու համար՝ այն պայմաններում, երբ մենք ունեինք և ունենք փայլուն հիմքեր է՛լ ավելի խորացնելու երկկողմ գործակցությունը Ռուսաստանի հետ:

Իշխանությունը պարտավոր է պատասխանել այս հարցին, և Հայաստանի զարգացման մեջ շահագրգիռ ցանկացած մարդ պետք է հետամուտ լինի այս հարցի պատասխանը ստանալու արտաքին բոլոր խնդիրները հիմնահատակ ավերած այս իշխանությունից:

Այս հարցի պատասխանը պետք է անդրադառնա նաև այն բացասական հետևանքներին, որոնք առաջ են գալիս Արևմտյան գործընկերների հետ շփումներում, որի ականատեսը դարձանք Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստում:

Նախորդ հոդվածը‘Ուղերձ ոստիկանապետին. Երեխաներիս հաշվին փեսայիդ նկատմամբ սերը մի՛ արտահայտեք (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Նոր բացառիկ ֆոտոներ՝ Սերժ Սարգսյանի կորեական այցից’