Թուրքիայի վերաբերյալ տարբեր կարծիքներ ԳԴՀ իշխող դաշինքում և ընդդիմությունում

228

ԳԴՀ «Միություն-90» իշխող դաշինքի կազմի մեջ մտնող  «կանաչների» կուսակցության համանախագահ Օմիդ Նուրիպուրի կարծիքով՝ Թուրքիայի իշխանությունները, նախագահի պաշտոնում Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերընտրվելուց հետո, պետք է դադարեն արգելափակել Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։

«Թուրքական կառավարության ընթացքը վերջերս խորացրել է տարաձայնությունները Թուրքիայի և Եվրամիության միջև և վախեցրել է արևմտյան ներդրողներին, որոնց կարիքը երկիրն զգում է»,- ասել է Նուրիպուրը՝ հույս հայտնելով, որ հարաբերություններն ավելի հուսալի կդառնան։ «Դա պետք է սկսվի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արգելափակումը չեղարկելով»,- հավելել է «կանաչների» առաջնորդը։

Իր հերթին՝ նույնպես ԳԴՀ-ի իշխող դաշինքի մեջ մտնող Գերմանիայի ազատ դեմոկրատական կուսակցության գլխավոր քարտուղար Բիջան Ջիր Սարայը, ընդհակառակը, կոչ է արել վերջ դնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացին։ «Թուրքական այս կառավարությունը մի քանի լուսային տարով հեռու է Եվրոպայից»,- հայտարարել է նա և հավելել, որ Գերմանիայում թուրքերից ոմանց պահվածքն ընտրությունների ժամանակ նույնպես հիասթափեցնող էր, ինչը «ինտեգրման քաղաքականության ոլորտում շատ հարցեր է առաջացնում»։

Ընդդիմադիր Քրիստոնեա-դեմոկրատական միության ներկայացուցիչ Նորբերտ Ռյոտգենն սպասում է Թուրքիայի տնտեսության հետագա անկման։ «Էրդողանի կեղծ հաղթանակի համար ամբողջ Թուրքիան  շատ թանկ կվճարի տնտեսության հետագա անկմամբ։ Դա կարող է Էրդողանին մղել ներքին արմատականացման և ավելի անկանխատեսելի դառնալու»,- ասել է քաղաքական գործիչը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը ապատեղեկատվություն է․ ՊՆ
Հաջորդ հոդվածըՍենատոր Գրեհեմը՝ ՌԴ իշխանություններին․ «Կհանդիպենք Հաագայում»