‘Տարոն Մարգարյանը և իր աներձագը «Ռոբերտ-Տարոն» ՍՊԸ-ի հիմնադիրներն են (փաստաթղթեր)’

9300

Ռուսաց լեզվում շատ տարածված է «Ежу ясно» ասացվածքը, որը նշանակում է, թե խելքի առկայությամբ առանձնապես աչքի չընկնող ոզնուն անգամ հասկանալի է այս կամ այն բանը: Բայց արի ու տես, որ կան մարդիկ, անգամ՝ ԱԺ պատգամավորներ, որոնք նույնիսկ ոզնու չափ խելք չունեն: Բացատրենք, թե ինչու:

Երեւանում հանրային տրանսպորտի 5 և 32 երթուղիները սպասարկող «Ռոբերտ-Տարոն» ՍՊԸ-ն որեւէ կապ չունի Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ նրա աներորդի, ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանի հետ, իսկ այդ մասին տարածված խոսակցություններն ապատեղեկատվություն են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդի Ռոբերտ Սարգսյանը: Նրա խոսքով՝ միայն զուգադիպությամբ են այդ անունները համընկնում, ուրիշ ոչինչ:

Հարցին, թե ինքը հետաքրքրվե՞լ է, թե ում է պատկանում այդ «Ռոբերտ-Տարոն» ՍՊԸ-ն, նա պատասխանել է. «Չէ, չեմ հետաքրքրվել, պետք չի, որ հետաքրքրվեմ: Գիտեմ, որ դա իմը չի, եւ վերջ»:

Ռոբերտ Սարգսյանի խոսքով՝ եթե անգամ այդ հարցով էթիկայի հանձնաժողով են դիմելու, ո՛չ ինքը, ո՛չ Տարոն Մարգարյանը, միանշանակ, մտահոգվելու խնդիր չունեն:

Դիտարկմանը, թե ինչպես կբացատրի «Ռոբերտ-Տարոն» անունների զուգադիպությունը, նա ասել է. «Դա ի՞նչ կապ ունի: Տարոն նահանգ էլ կա: Ռոբերտո կոշիկի ֆաբրիկա էլ: Հիմա, եթե անունները համընկնում են, նշանակում է՝ մե՞րն է»:

Ստացվում է, որ Տարոն Մարգարյանի աներձագը նույնիսկ ոզնուն է զիջում իր մտավոր ունակություններով: Ճիշտ է, դա նորություն չէ, քանի որ Սարգսյանն արդեն աչքի ընկել է իր անհոդաբաշխ արտահայտություններով՝ անվանելով, օրինակ, Նեմեց Ռուբոյին՝ Ավանի հիմնադիր թաղապետ: Այս նորաթուխ պատգամավորը երևի չի էլ պատկերացնում, որ Հայաստանում գոյություն ունի էլեկտրոնային ռեգիստր, և ցանկացած ոք կարող է այնտեղ գրանցվելով ու մուծելով 3000 դրամ՝ այս կամ այն կազմակերպության մասին լիարժեք տեղեկատվություն ստանալ: Եւ այդ դեպքում Ռոբերտ Սարգսյանի և իր նմանների սուտը նույնիսկ մեկ օրվա կյանք չի ունենա:

Հենց այսպես վարվեցինք նաև մենք: Եվ շատ արագ պարզեցինք, որ «Ռոբերտ-Տարոն» ՍՊԸ –ն հիմնադրվել է Սարգսյան Ռոբերտի կողմից: Մի քանի տարի անց էլ ՍՊԸ-ն փոխանցվել է Տարոն Մարգարյանին: Վերջինիս մասին տեղեկանում ենք, որ նա բնակվում է Հայաստան, Երևան, Ավան, Սայաթ-Նովա 8Շ-7 հասցեում: Այնուհետև բացում ենք ՀՀ ԿԸՀ կայքի «Երևանի Ավագանու ընտրություններ» բաժինը, ներբեռնում ենք ՀՀԿ ցուցակը և պարզում, որ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը բնակվում է այդ նույն հասցեում՝ ք. Երևան, Սայաթ-Նովա թաղ., 8շ., բն. 7:

Համարյա նույն գործողությունը կատարում ենք Ռոբերտ Սարգսյանի մասով և պարզում, որ սույն սուտասան երիտասարդը բնակվում է Հայաստան, Երևան, Չարենցի թաղ.18-39 հասցեում: Կրկին բացում ենք ՀՀ ԿԸՀ կայքի՝ այս անգամ «ԱԺ մեծամասնական ընտրություններ» բաժինը և տեղեկանում ենք, որ թիվ 1 ընտրատարածքում 2012 թ. դեկտեմբերի 2-ին նշանակված՝ ԱԺ մեծամասնական համակարգով լրացուցիչ ընտրություններին առաջադրված թեկնածու Ռոբերտ Սարգսյանը ծնվել է 1972թ. հուլիսի 22-ին: Քանի որ այստեղ նշված չէ թեկնածուի հասցեն, մենք կդիմենք ՀՀ ընտրողների ռեգիստրի օգնությանը և կպարզենք, որ Ռոբերտ Սարգսյան անուն ազգանունով Հայաստանում կա ընդամենը մեկ մարդ, որը ծնվել է 1972 թ. հուլիսի 22-ին, և այդ Ռոբերտ Սարգսյանը բնակվում է ճիշտ նույն հասցեում՝ Երևան, Ավան, Չարենց թղմ. 18 39, ինչ այն Ռոբերտ Սարգյանը, որի անունը նշված է «Ռոբերտ-Տարոն» ՍՊԸ-ի հիմնադիրների կազմում: Պետք է նշել, որ Տարոն Մարգարյանը և Ռոբերտ Սարգսյանը ՍՊԸ-ն ֆորմալ փոխանցել են Ռոբերտ Սարգսյանի հարևան Բունիաթյան Արմենին: Սակայն նշենք նաև, որ որպես ընկերության իրավաբանական հասցե՝  մինչ այժմ նշված է Սարգսյան Ռոբերտի բնակարանի հասցեն՝ Երևան, ՉԱՐԵՆՑԻ ԹԱՂ., 18, 39:

Այսպիսով՝ փաստացի ապացուցվում է, որ 5 և 32 երթուղիները սպասարկող «Ռոբերտ-Տարոն» ՍՊԸ-ն հիմնադրել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և իր աներձագը՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը:

Հիշեցնենք նաև՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի»  գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը Բաղրամյան 26 հասցեում գործող Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Էմիլ Բաբայանին հասցեագրված դիմումով խնդրել է պարզել՝ «ներքաղաքային փոխադրավարձը բաձրացնելիս քաղաքապետ Տարոն Մագարյանը գտնվե՞լ է արդյոք շահերի բախման իրավիճակում, կամ եղե՞լ է նման ռիսկ»:

Նույն դիմումով Վարուժան Հոկտանյանը նաև խնդրում է պարզել՝ «Ներդրումները կառավարելիս քաղաքապետը չի՞ օգտագործել արդյոք պաշտոնական դիրքը և լիազորությունները»:

Դիմումի մեջ նշված է. «Վերջին օրերին, կապված ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձի բարձրացման հետ, առավել հաճախացել են հրապարակումները քաղաքապետի բիզնես-գործունեության, մասնավորապես՝ այն մասին, որ որոշ երթուղիներ սպասարկող կազմակերպություններ պատկանում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և նրա մերձավոր ազգականներին»:

Մեր հրապարակումից հետո ակնհայտ է, որ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» դիմումը պետք է դրական պատասխան ստանա, բայց միայն այն փաստը, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը գործում է Բաղրամյան 26 հասցեում, կասկածի տեղիք չի տալիս, որ դիմումը ստանալու է բացասական պատասխան:

Մեր հերթին՝ Ռոբերտ Սարգսյանին խորհուրդ կտանք ընդհանրապես հրապարակավ չարտահայտվել, իսկ սուտ խոսելիս էլ  օրինակ վերցնել իր կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանից, որի սուտը գոնե մի քանի օր ապրում է:

 

 

Հ.Կուբատյան

Նախորդ հոդվածը‘Հենրիկ Նավասարդյանը չի ուզում հրաժարվել պաշտոնից. «Ես ոչ մեկին չեմ հայհոյել»’
Հաջորդ հոդվածը‘«Բռնենք ճանապարհի համար պատասխանատու չինովնիկի ականջից». Վթարային իրավիճակ՝ Երեւան-Գյումրի ճանապարհին’