‘Տարոն Մարգարյանի ցուցմունքով կարող է բացահայտվել Հայաստանի 1,5 տոննա ոսկու աֆյորան’

12673

Տարոն Մարգարյանն իր անունով 6-10 միլիոն դոլարի ունեցվածքի հայտարարագրով էականորեն տարբերվում է մյուս հայ պաշտոնյաներից։ Սամվել Ալեքսանյանն, օրինակ, «թղթերով» ոչինչ չունի, եւ հավատացնում է, որ ամեն օր կնոջից է «պապիրոսի ու պերերիվի փող» խնդրում։ Ռ. Քոչարյանի ունեցվածքը ռուսական փորձագետները դեռ երեք տարի առաջ 4 միլիարդ դոլարից ավելի էին գնահատում, բայց այստեղ էլ «թղթերով» դա իր որդու բիզնես-գործունեության արդյունքն է։ Ինչպես հայտնի է` նրա որդին դեռ ուսանողական շրջանում Անդրկովկասի ամենահարուստ գործարարն էր։ Մի զարմացեք` բոլոր ասպարեզներում էլ, թեկուզ մի քանի հարյուր տարին մեկ, լինում են բացառիկ հանճարեղ, «վունդերկինդ» մարդիկ։ Նապոլեոնն, օրինակ, 22 տարեկանում արդեն գեներալ էր, Սեդրակն էլ նույն տարիքում՝ միլիարդատեր։ Սերժ Սարգսյանը նույնպես «թղթով մաքուր» է, չնայած նրա ունեցվածքը վաղուց չպիտի զիչի Ռ. Քոչարյանի 4 միլիարդին։ Սա էլ իր անունով ոչինչ չունի։ Այստեղ էլ մի ուրիշ հրաշք է պատահել. «ՊԱԶ» ավտոբուսի երկարամյա վարորդ նրա եղբայր Սաշիկը մի օր արթնացել է քնից՝ երազում այցի եկած հրեշտակից գործարարի երկնատուր շնորհ ու հրեշտակային հմայք ստացած։ Մի կողմից՝ անդիմադրելի այդ հմայքի հանդիման անզոր, մյուս կողմից՝ նրա ստացած երկնային շնորհին հաղորդակից դառնալու համար է, ահա, որ Հայաստանի գործարարաները հերթ կանգնեցին՝ նրա հետ իրենց ունեցածը 50/50 կիսվելու անդիմադրելի ցանկությամբ։ Երկնային շնորհ ստանալն էլ եզակի բան չի, բնության մեջ դա էլ է պատահում։ Օրինակ. երբ իր սոխի մարգերը ջրող ու քաղհանող սովորական մի գեղջկուհու երազում այցելած հրեշտակը ապագան կանխատեսելու երկնային շնորհ տվեց, քիչ անց աշխարհին հայտնի դարձավ նրա Վանգա անունը։

***

Տարոն Մարգայրանի դեպքը մի քիչ այլ է։ Նա ո՛չ ինքն է վունդերկինդ, ո՛չ էլ նրա մերձավորներից որեւէ մեկի հետ է երկնային հրաշք կատարվել։ Եւ նա վերցրել ու իր անունով ձեւակերպել, ապա հայտարարագրել է անհայտ ծագումով մոտ 10 միլիոն դոլարի ունեցվածք, որ ձեռք է բերել պետական պաշտնավարման մի քանի տարվա ընթացքում։ Այսպես կարող է լինել երկու դեպքում։ Առաջին՝ երբ մարդ-պաշտոնյան ծայրահեղ «հաբռգած» է եւ թքած ունի օրենքի վրա էլ, հասարակության վրա էլ, նրա կարծիքի վրա էլ։ Գոնե վերոթվարկյալ երեքին Տարոն Մարգայրանը այդ հատկանիշով հազիվ թե գերազանցի։ Այսինքն՝ «հաբռգածությամբ» բացատրելու տարբերակը քիչ հավանական է։ Երկրորդ տարբերակ. մարդը պարզապես տեղյակ չի որեւէ օրենքից, գաղափար էլ չունի դրանց գոյության մասին, վերցրել ու, շաաա՜տ մեղմ ասած, «միամտորեն» ապօրինի ճանապարհով ձեռքբերածի մի մասը գրանցել , ապա հայտարարագրել է իր անունով՝ ակամա անբեկանելի հիմք ստեղծելով քրեական ծանր մեղադրանքի համար։ Երրորդ տարբերակ, թվում է թե չկա։ Բայց կա շաա՜տ հասկանալի շարժառիթ. թալանածը լեգիտիմացնելու, օրինականացնելու, այլ խոսքով՝ «լվանալու» կարիք, որպեսզի երկրից փախչելու անխուսափելի հեռանկարի դեպքում հնարավոր լինի այն դուրս տանել։ Երբ ինչ-որ բան արձանագրվում է հայտարարագրում ու որեւէ իրավական հետեւանք չի ունենում, հաջորդ հայտարարագիրը ներկայացնելիս նախորդը արդեն «լվացված» է համարվում։ Այս անգամ Տարոնի բախտը չբերեց. Հայ Ազգային Կոնգրեսը դիմեց դատախազություն։ 

Ահա այդ, շաաա՜տ հասկանալի շարժառիթի բերումով է, որ նա, ինչպես երեւում է, «ծակել է» նաեւ մի գործ, որը ժամանակին մեծ աղմուկի պատճառ էր դարձել, բայց այդպես էլ մնացել առեղծված։

***

Տարոն  Մարգարյանի հայտարարագրում կա չնկատված մի տեղեկություն, որը կարող է հիմք դառնալ խմբակային աղմկոտ մի հանցագործության բացահայտման համար։ Խոսքը վերաբերում է նրա հայտարարագրի այն տեղեկությանը, թե ինքը 2007 թվականին 80 միլիոն դրամի եկամուտ է ստացել ոսկեղենի իրացումից։ Դա նշանակում է, որ վաճառել է մոտ 6 կգ ոսկի։

Որտեղի՞ց Տարոն Մարգարյանին այդքան ոսկին։ Նրան դա չէին կարող ժառանգել իր տատն ու պապը. հայտնի է, որ մանկավարժների այդ ընտանիքը, հազիվ կարողանալով վարձել փոքրկ մի սենյակ, շատ համեստ կյանք է վարել։ Բնականաբար՝ այդքան ոսկի չէր կարող վաստակած լինել հայրը՝ Անդրանիկ Մարգարյանը՝ խորհրդային շրջանում իր այլախոհական գործունեությամբ։ Նա դա չէր կարող վաստակել նաեւ խորհրդայինին հաջորդած տասնամյակում՝ 90-ական թվեականներին, երբ նրա համեստագույն կենցաղը բոլորովին այլ բան էր հուշում։ Համենայնդեպս՝ մինչեւ 1999թ.։

Որտեղի՞ց ուրեմն Տարոն Մարգարյանին 6 կգ ոսկին, որի իրացումից ստացել է 80 միլիոն դրամի եկամուտ։

Ինչպես ասացինք, չի բացառվում, որ Տարոն Մարգարյանի այս վկայությունը բանալի կարող է դառնալ լուծելու համար մի մութ առեղծված։ Այդ առեղծվածի մասին շատ երկար խոսվեել է, մեկնաբանվել, տարբեր վարկածներ են առաջ քաշվել, սակայն հավաստիանման ու համոզիչ որեւէ բան առ այսօր արձանագրված չէ։ Խոսքը Հայաստանի Կենտրոնական բանկի՝ 1 տոննա 396 կգ ոսկու պահուստի մասին է, որը խիստ գաղտնի պայմաններում կայացված որոշումներով 2003թ. իբր, «իրացվեց միջազգային շուկայում»։ Այն ժամանակ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը իշխանության անունից հայտարարեց, թե տնտեսական խորաթափանց ուսումնասիրություններով երկրի համար ֆինանսական շատ ձեռնտու գործարք են կատարել։ Շատերն, իհարկե, հակառակն էին պնդում։ Երեք- չորս տարի հետո պարզվեց, որ ճիշտ էին վերջիններս. ոսկու գինը շատ շուտով եռապատկվեց, ուստիեւ Հայաստանը կրեց 40 միլիոն դոլարի վնաս։ Եւ բոլորը սկսեցին քննադատել Տիգրան Սարգսյանին անգրագիտության ու սխալ հաշվարկի համար։

Դրա հետ կապված՝ շրջում էր մի այլ վարկած, այն է՝ ոսկին իրականում չի վաճառվել միջազգային շուկայում, այլ, երբ դրա գինը հասել է ամենացածր սահմանագծին, հնարավոր էժան գնով մեջ-մեջ է արվել իշխանական վերնախավում։ Այսինքն՝ Տ. Սարգսյանը տվյալ դեպքում ոչ թե անգրագիտություն է դրսեւորել, այլ ընդհակառակը. շատ լավ հասկացել է, որ ինչ-ինչ հանգամանքների պատճառով այդ պահին ոսկու միջազգային գինը ամենացածր մակարդակում է եւ առաջիկա տարիներին անխուսափելիորեն կտրուկ բարձրանալու է։ Ու տեղնուտեղը կազմել է Կենտրոնական բանկի ոսկին «միջազգայն շուկայում» իրացնելու ծրագիրը, իսկ իրականում իրենք տարել են եւ 3-4 տարի անց վաճառել եռակի բարձր գնով։ Այսինքն, այդ աֆյորայի հետեւանքով Հայաստանի կրած 40 միլիոն դոլարի վնասը կանխիկով մտել է իշխանավորների գրպանը։ Ահա, Տարոնի հայտարարագրած 80 միլոն դրամի  եկամուտը ոսկեղենի վաճառքից, դրա մի մասն ու վկայությունն է ըստ երեւույթին։

Այստեղ փակագծում հիշեցնենք մի չգրված, բայց բոլորն հայտնի օրենք. ինչպես մարդը (ընտանիքը), այնպես էլ պետությունն իր ունեցած ոսկին վաճառում է ամենածայրահեղ դեպքում, երբ համատարած սով է, մահտարաժամ, աներեւակայելի բնական աղետ, երբ բոլոր ռեսուրսները սպառվել են, եւ դրանից է կախված հարյուրավոր ու հազարավոր մարդկանց կյանքի փրկությունը։ 2003թ., երբ վաճառվեց Հայաստանի մեկուկես տոննա ոսկին, Հայաստանը նման խնդիրներ չուներ, ընդհակառակը, ամեն տարի գրանցում էր «երկնիշ տնտեսական աճ»։ Իմիջայլոց հենց Տարոն Մարգարյանի դեպքում էլ անհասկանալի է, թե ինչու է նա վաճառել իր «ողջ ընտանեկան ոսկին», երբ ինքն էլ ընտանիքով ինչ-որ կատաստրոֆայի առաջ կանգնած չի եղել։ Նա դա կարող էր անել միայն մի դեպքում՝ «վտանգավոր բեռից» ազատվելու համար։

Այսինքն, ամենեւին չի բացառվում, որ «որտեղի՞ց Տարոն Մարգարյանին 6 կիլոգրամ ոսկին» հարցի պատասխանը հետեւյալն է. դա այն ոսկին է, որ հասել է նրա հորը՝ որպես վարչապետ, Կենտրոնական բանկի մեկուկես տոննա ոսկին «միջազգային գնելով» իշխանական վերնախավում մեջ-մեջ անելիս։ Վարչապետի համար քի՞չ է։ Բայց նախ՝ հնարավոր է, դա ամբողջը չէ, երկրորդ՝ ինչպես հայտնի է, Անդրանիկ Մարգարյանը միշտ է «բավարարավել է քչով»։

Քանի դեռ Տարոն Մարգարյանը այդ ոսկու (եւ մնացած ունեցվածքի) ծագման համար որեւէ այլ աղբյուր ցույց չի տվել, սա է միակ տրամաբանական բացատրությունը։

Բոլոր դեպքերում, Տարոն Մարգարյանը լիակատար հիմք է տվել, որ հաջորդ, օրինակարգ իշխանությունները Հայաստանի ոսկու աֆյորայի գործը քննելիս սկսեն հենց իր ներկայացրած հայտարարագրից ու առաջինը հարցաքննեն իրեն՝ որպես հույժ կարեւոր վկայի։

Գագիկ Խաչատրյան

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնա»-«Բավարիա» Մեկնարկային կազմերը’
Հաջորդ հոդվածը‘Ավտոմեքենան գլորվել է հանգստացողների վրա. 6 զոհ, 4 վիրավոր (լուսանկարներ)’