‘Տարոն Մարգարյանի քաղաքապետության բնութագիրը՝ «Տարոն ջան, իրոք գեղեցիկ չի». Տեսանյութ’

6118

«Տարո՛ն, Աբովյան փողոցը կրպակներից մաքրելը քո մեծ ձեռքբերումն է: Մեր բոլորի ձեռքբերումն է: Դու ճիշտ ես վարվել նաեւ մարդկանց սեփականության իրավունքի հետ կապված հարցերում: Այո՛, չի կարելի անօրինականությամբ օրինականություն հաստատել: Եվ չի կարելի անօրինական գործողություններով հարմարավետություն ստեղծել: Ամեն ինչ շատ ճիշտ ես արել: Ճիշտ ես վարվել նաեւ այն առումով, որ ժամանակավոր որոշում ես կայացրել: Փաստորեն, 2-3 տարում այստեղից պետք է հանվեր այս ամբողջը, բայց, Տարո՛ն ջան, ինքդ էլ ես տեսնում, որ սա այդքան էլ գեղեցիկ չէՃիշտ որոշում եք կայացրել, բայց, իրոք, գեղեցիկ չէ, եւ լավ կլինի, որ ձեւը գտնես, այս ամենն ապամոնտաժեք»:

Անցած տարվա մայիսի 1-ին Սերժ Սարգսյանի կողմից Մաշտոցի պուրակում քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղղված այս խոսքերը դարձան վերջինիս՝ քաղաքապետության ողջ ընթացքի համառոտ բնութագիրը: Սերժ Սարգսյանը ընդամենը երեք բառով բնութագրեց Տարոն Մարգարյան քաղաքական գործչին (՞) եւ քաղաքապետին՝ հրապարակայնորեն օգտագործելով վերջինիս՝ ԱԺ ընտրությունների նախընտրական փուլում: Միայն այս փաստը բավարար էր, որպեսզի Տարոն Մարգարյանը հաջորդ իսկ րոպեյին հրաժարականի դիմում ներկայացներ`ապացուցելու համար, որ ինքը իրոք քաղաքապետ է, որը ենթարկվում է միայն ու բացառապես օրենքներին, եւ ոչ թե իշխանությունների ձեռքին գործիք կամ ավելի ստույգ՝ խաղալիք է: Քանի որ, եթե Սարգսյանն ասում է՝ քաղաքապետարանն ամեն ինչ ճիշտ է արել, այդ պարագայում՝ ի՞նչ է նշանակում, Սերժ Սարգսյանի՝ «ապամոնտաժել» հրահանգը:

Սակայն, Տարոն Մարգարյանը նման բան չարեց եւ մեծ հաշվով չէր էլ կարող անել: Մի շատ պարզ պատճառով: Տարոն Մարգարյանը իր պաշտոնավարման ընթացքում հենց այդպիսին էլ եղել է՝ իշխանությունների գործիքը: Ընդ որում, Տարոն Մարգարյանի օգտին իրականացվող բուռն քարոզչությանը՝ այն է, թե վերջինս չափազանց բարի մարդ է, հոգատար ամուսին ու օրինակելի հայր եւ այլն, ցույց են տալիս նաեւ, թե ինչ եղանակով է Մարգարյանը օգտագործվել որպես գործիք: Բոլոր այս քարոզչական հնարքները կիրառվել եւ կիրառվում են բացառապես որպես մի հուզիչ ֆասադ՝ քաղաքական գործչի մի անորոշ դրական կերպար ստեղծելու համար, ինչի միջոցով փորձ է արվում շեղել ուշադրությունը Տարոն Մարգարյան քաղաքական գործչից, թաղապետից, քաղաքապետից: Համացանցն այսօր էլ հեղեղված է Մարգարյանի ֆեյք երկրպագուների կողմից իրականացվող՝ «բարի հայր, օրինակելի ամուսին» քարոզչական նյութերով. զորօրինակ՝ «Մեր ժամանակների միակ ազնիվ եվ բարեխիղճ Քաղաքապետը, Օրինակելի ընտանիքի հայր, Ազնիվ եվ բարեպաշտ քրիստոնյան, Մարդ, որ շատ բան փոխեց մեր բակերում եվ մեր կյանքում, Մարդ,որ արժանի է գովասանքի…»:

Այնինչ, չպետք է մոռանալ, որ հանրությանը ամենեւեին էլ չի հետաքրքրում, թե ինչպիսի ամուսին կամ հայր է Տարոն Մարգարյանը, հանրությունը իր հարկերից ձեւավորվող բյուջեից Մարգարյանին հայր կամ ամուսին լինելու համար չէ վարձատրում. Տարոն Մարգարյանը հանրությանը հետաքրքիր է որպես քաղաքապետ, քանզի հենց քաղաքապետ Մարգարյանն է, որ հանրությունից գումարներ է ստանում՝ իր աշխատանքները իրականացնելու համար: Եւ քանի որ առաջիկայում ավագանու ընտրություններն են, Մարգարյանը, ով վերջին տարիներին եղել է Երեւանի քաղաքապետը, հենց որպես քաղաքապետ պետք է հաշվետվություն ներկայացնի հանրությանը, ոչ թե՝ որպես օրինակելի հայր:

Լա՞վ է աշխատում Մարգարյանն իր պաշտոնում, թե՞ ոչ, թափանցի՞կ է աշխատում, թե՞ ոչ, արդյունավե՞տ է աշխատում, թե՞ ոչ, արդյո՞ք ատկատներ անում է, արդյո՞ք քաղաքապետարանի ծախսերը ուռճացված են: Սա է հետաքրքրում հանրությանը:  Եւ հենց այս հարցերի պատասխաններն է, որ Մարգարյանը պետք է տա: Մնացածը՝ գեղարվեստական զեղումներ են: Ու եթե Մարգարյանը այդ հարցերի պատասխանները չտա, հոգ չէ, մենք ինքներս կփորձենք տալ այդ հարցերի պատասխանները: Առաջիկայում:

Իսկ մինչ այդ, հիշեցնենք մի շատ կարեւոր հանգամանքի մասին էլ: Տարոն Մարգարյանն այն գործիչն է, ով հանրությանը հայտնի դարձավ բացառապես իր ազգակցական կապերի շնորհիվ, եւ ավելին՝ ինքն էլ հետագայում չխորշեց այդ ազգակցական կապերն օգտագործել ՝ իր հարազատներին «պաշտոնով ապահովելու» համար: Հարգանքով հանդերձ առ վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, չպետք է մոռանանք, սակայն, որ Տարոն Մարգարյանը հենց իր հայրիկի անվան շնորհիվ մտավ քաղաքականություն: Տարոն Մարգարյանը այսօր էլ հանրության մոտ ընկալվում է որպես վաղամեռիկ Անդրանիկ Մարգարյանի որդին, եւ հաճախ՝ Անդրանիկ Մարգարյանի հետ ասոցացվող դրական վերաբերմունքը մարդիկ ավտոմատ կերպով ասոցացնում են նաեւ Տարոն Մարգարյանի հետ:

Մարգարյանը, սակայն, չմոռանանք նաեւ, որ որ ասոցացվում է նաեւ Ռուբեն Հայրապետյանի՝ Նեմեց Ռուբոյի հետ՝ համարվելով վերջինիս հովանավորյալը:  Իսկ ստանձնելով քաղաքապետի պաշտոնը՝ Մարգարյանը ինքն էլ շտապեց քաղաքականություն բերել իր ազգակցականին՝  իր աներձագ Ռոբերտ Սարգսյանին դարձնելով ԱԺ պատգամավոր: Ընդ որում, Տարոն Մարգարյանն ու յուր աներձագը Հայաստանյան քաղաքականություն բերեցին մի չտեսնված նորամուծություն՝ Սարգսյանը նախընտրական քարոզչություն իրականացրեց գրեթե առանց նախընտրական հանդիպումների, լրագրողների եւ բնակիչների աչքից հեռու: Եւ «հաղթեց» այնպես, ինչպես որ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ-ն եւ ՀՀԿ-ականները «հաղթում են» ընտրություններում:

Հ.Գ. Տարոն Մարգարյանի գործունեությանը առաջիկայում անդրադառնալու դեռ շատ առիթներ կունենանք: Բայց մինչ այդ, հիշեցնենք՝ «Տարոն ջան, ինքդ ես տեսնում, որ այս ամենը այնքան էլ գեղեցիկ չէ»:

Պարգեւ Ապրեսյան

 

 

Նախորդ հոդվածը‘ՀՅԴ ԳՄ. Տեղի է ունեցել կանխամտածված սպանություն’
Հաջորդ հոդվածը‘Նոր մանրամասներ Պռոշյանի գյուղապետ սպանության գործով’