‘Տարոն, սիրուն չի. «Երեւան» հիմնադրամը` քաղաքապետարանի ֆինանսական «սեւ անցք» (Փաստաթղթեր)’

4428

«Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 39. հոդվածի համաձայն, հիմնադրամը յուրաքանչյուր ֆինանսական տարվա ավարտին հաջորդող 6 ամիսների ընթացքում իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տեղեկություններ հրապարակող մամուլում պարտավոր է հրապարակել հաշվետվություն իր գործունեության մասին: Հաշվետվությունը, մասնավորապես, պետք է պարունակի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափի եւ դրանցում վարչակառավարչական ծախսերի չափի մասին:

Azdarar.am կայքում ծանոթացանք «Երեւան» հիմնադրամի 2012թ. հաշվետվությանը:

Համաձայն դրա,

1. Նախորդ տարվա ընթացքում «Երեւան» հիմնադրամը կանոնադրական նպատակների իրականացման համար ծախսել է 3 728 138 133 ՀՀ դրամ: Հաշվետվության մեջ, սակայն, ինչպես հարկն է, նշված չէ, թե կոնկրետ ի՞նչ ծրագրեր են իրականացվել, եւ որքա՞ն գումար է հատկացվել յուրաքանչյուր ծրագրի համար: Տրված է միայն ծրագրերի ընդհանուր նկարագիրը՝ բարեկարգում, կանաչապատում, կառուցապատում, սպորտային, մշակութային ծրագրերի իրականացում եւ այլն:

2. Հիմնադրամը ֆինանսական միջոցներ է ստացել Երեւան քաղաքի բյուջեից ստացված աղբյուրներից՝ 2 473 757 365 դրամ, (որպես նպատակ, հաշվետվության մեջ անորոշ նշվում է` «միջոցառումների համար»): Բացի դրանից, հիմնադրամին CIUDAD Gospel ծրագրի իրականացման համար 30 995 489 դրամ է հատկացրել Եվրամիությունը:
Սակայն «ֆինանսական աղբյուրները» հոդվածի ամենաաուշագրավ հատվածը հետեւյալն է՝ «Երեւան» հիմնադրամը նախորդ տարվա ընթացքում 1 միլիարդ 118 միլիոն 20 հազար 754 դրամ գումար է ստացել «կազմակերպություններից եւ անհատներից՝ քաղաքի բարեկարգման, կրթական, մշակութային եւ այլ կազմակերպություններին, անհատներին օժանդակություն տրամադրելու նպատակով»: Թե քանի՞սն են այդ «կազմակերպություններն ու անհատները», ի՞նչ է դրանց անունը, որքա՞ն գումար է նրանցից յուրաքանչյուրը հատկացրել հիմնադրամին եւ ի՞նչ նպատակով, հաշվետվության հեղինակները չեն նշել:

Մեկ միլիարդից ավել դրամ (շուրջ 2.5 միլիոն ԱՄՆ դոլար) «Երեւան» հիմնադրամին հատկացրել են ինչ-որ «անհատներ եւ կազմակերպություններ»` ինչ-որ ծրագրերի իրականացման համար:

Համեմատության համար ուսումնասիրեցինք մի քանի այլ հիմնադրամների հաշվետվությունները: Դրանցում, որպես կանոն, նշված են, թե՛ կոնկրետ ծրագրերի իրականացման համար տրամադրված գումարների չափը, թե՛ ֆինանսական աղբյուրները:

Օրինակ, ֆինանսական հոսքերի առումով «Երեւան» հիմնադրամի հետ համադրելի «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի 2012թ. հաշվետվության մեջ մանրամասն նշված են իրականացված ծրագրերը՝ յուրաքանչյուր տողով ծախսված գումարի հետ միասին: Այսպես, հիմնադրամը նախորդ տարի իր կանոնադրական նպատակների իրականացման համար ծախսել է 1.662.482.805 դրամ, այդ թվում, օրինակ, եկեղեցաշինության վրա՝ 302 402 747 դրամ, գյուղատնտեսական տեխնիկայի նվիրատվության նպատակի համար՝ 385.148.848 դրամ, պարարտանյութի եւ դիզելային վառելիքի բաշխման համար՝ 185.731.787 դրամ եւ այլն:
«Ծառուկյան» հիմնադրամի հաշվետվության մեջ հստակ նշված են նաեւ ֆինանսավորման աղբյուրները եւ դոնորների տրամադրած գումարների չափն ու թիրախները, օրինակ՝ «Մուլտի գրուպ» կոնցեռնը գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման համար հիմնադրամին տրամադրել է 26 միլիոն 260 հազար դրամ, Երեւանի «Արարատ գինու-կոնյակի-օղու կոմբինատ» ՓԲԸ-ը՝ հակակարկտային կայանների տեղադրման համար տրամադրել է 11.387.500 դրամ եւ այլն:

Մեկ այլ՝ «Արտակ Սարգսյան» հիմնադրամի 2011թ. հաշվետվությունից տեղեկանում ենք, որ ԱԺ պատգամավոր (ՀՀԿ), «ՍԱՍ գրուպ» ընկերության սեփականատեր Արտակ Սարգսյանի անձնական միջոցներից 836 768 դրամ է հատկացվել ծառատունկի, այգիների, բակերի մաքրման աշխատանքներ իրականացնելու նպատակով, 210 հազար դրամ է տրամադրվել` անապահով ուսանողի ուսման վարձը վճարելու համար,  տրամադրվել է օգնություն «Երկրապահ» ջոկատի ազատամարտիկներին՝ 373 հազար 250 դրամի չափով եւ այլն:

Նույն կերպ կազմված են գրեթե բոլոր գործող հիմնադրամների հաշվետվությունները: Եվ այս ֆոնին բավական կասկածելի է թվում «Երեւան» հիմնադրամի ընդհանրացված, հիմնադրամի դոնորների ու ծախսերի մասին փաստացի որեւէ տեղեկատվություն չպարունակող հաշվետվությունը:

Թեպետ, երեւանցիների համար այս «խորհրդապահության» պատճառներն առավել քան պարզ պետք է լինեն:
Քաղաքապետարանի հետ երբեւէ առնչություն ունեցած «կազմակերպություններն ու անհատները» լավ գիտեն, որ, սկսած  բաց պատշգամբը «շուշաբանդելու» թույլտվությունից մինչեւ շինարարական կամ դեղորայքի մատակարարման մրցույթում հաղթելու թույլտվության դիմաց քաղաքապետարանը պարտադրում է «կամավոր» վճարում կատարել «Երեւան» հիմնադրամի հաշվեհամարին:

Հիմա, պատկերացնենք նման տեսարան. Ասենք, հիմնադրամի ներկայացրած պատշաճ հաշվետվությունից պարզ դառնար, որ միջինից ցածր եկամուտ ունեցող քաղաքացի Անտոնյանը 2012-ի օգոստոսին «Երեւան» հիմնադրամին նվիրաբերել է 150 հազար դրամ` հանուն հարազատ բակում մանկական խաղահրապարակ սարքելու պատվաբեր գործի: Հետո հանկարծ պարզվեր, որ այդ նույն քաղաքացին զարմանալի զուգադիպությամբ` նույն օրերին բակի մեկ այլ հատվածում տարիներ առաջ իր զավթած ավտոտնակի օրինականությունը հաստատող թուղթ է հանել: Ընդունենք, որ այնքան էլ սիրուն չէր լինի:

Կամ, ասենք, զեկույցից պարզվեր, որ դեղորայքի առեւտրով զբաղվող «Արմ Ֆարմ Նատալյա» ընկերությունը «Երեւան» հիմնադրամին 6 միլիոն 606 հազար դրամ է փոխանցել`Մալաթիա-Սեբաստիա համայնքում ծառատունկ իրականացնելու նպատակով: Ինչ-որ հետաքննող լրագրող կամ «գրանտակեր» հ/կ-ի անդամ որոշեր համադրել այս իրողությունը այն փաստի հետ, որ «Արմ Ֆարմ Նատալիա»-ն նույն այդ ժամանակահատվածում քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիվանդանոցներին դեղորայք մատակարարելու մրցույթում միանձնյա  հաղթող է ճանաչվել: Եվ «գրանտակերի» գլխում անմիջապես «չուզողական» մտքեր ծնվեին` «գուցե «Արմ Ֆարմ Նատալյա»-ն ոչ թե սրտանց  կամեցել է օգնել հարազատ քաղաքին, այլ պարզապես «մեր ախպոր» լավության տակի՞ց է դուրս եկել: Հավատացեք, ոչ միայն սիրուն չէր լինի, այլեւ կարող էր վտանգավոր լինել թե՛ «մեր ախպոր», թե՛ «Արմ Ֆարմ Նատալյայի» տիրոջ համար (ի դեպ, «Երեւան» հիմնադրամի տնօրենը Աշոտ Ղազարյանն է, հոգաբարձուների խորհրդի նախագահը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը):   

Հասկանալի է, որ բազմամիլիոնանոց հիմնադրամի սեյֆի բանալիները գրպանում պահող քեռին չի կարող իրեն նման միամտություն թույլ տալ` հիմնադրամի գործունեության թափանցիկ հաշվետվություն ներկայացնել: 

Իհարկե, հնարավոր է նաեւ, որ մեր դատողությունները սխալ են: Բայց դա կարելի կլիներ պարզել, եթե հիմնադրամի ֆինանսական գործունեության մասին հաշվետվությանը պատշաճ ձեւով կազմված լիներ:

Համենայնդեպս, մենք հարցում ենք ուղարկել քաղաքապետարան` խնդրելով մանրամասն տվյալներ ներկայացնել հիմնադրամի գործունեության վերաբերյալ:

Հ. Գ. Ինչպես տատս կասեր` կոռուպցիան պոզով-պոչով չի լինում:

Բիրդան Աղայան

  \"\"

\"\"

\"\"

\"\"

 

 \"\"

\"\"

Նախորդ հոդվածը‘Սարյանի պուրակում կնշեն ապրիլի 7-ը ‘
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ պետքարտուղարը ժամանեց Թուրքիա’