‘«Տեխնոման» ՍՊԸ-ն ոստիկանական ուժերի հետ գրոհել է Լիճք համայնքը’

1613

jfhr.am-ի փոխանցմամբ, այս պահին Տեխնոման ՍՊԸ-ն ոստիկանական ուժերի հետ համատեղ գրոհ է կազմակերպել Լիճք համայնքի Չայիրներ տարածքում գտնվող հանքաղբյուրը գրավելու և ապօրինաբար շահագործելու համար: Ահազանգը կայքը ստացել է Լիճք գյուղի դպրոցի տնօրեն, ավագանու անդամ Աշոտ Հոխիկյանից: Հեռախոսազրույցի ընթացքում լսվում էր Մարտունու ոստիկանապետ Վահան Մարգարյանի սպառնալիքներն ուղղված դպրոցի տնօրենին՝ «քեզ բերման կենթարկեմ» :      

Ոստիկանների հետ գյուղ ժամանած Տեխնոման ՍՊԸ-ին հաջողվել է ահաբեկել նաև գյուղացիներին և սկսել իրենց սև գործը:  «Գյուղացիներին վախեցրել են, մարդիկ վախենում են տներից դուրս գալ: Գյուղապետն էլ փախել է գյուղից, չի գալիս տեր կանգնի»,- կայքին ասել է Հոխիկյանը:   

Հանրապետական գյուղապետ Գնել Գրիգորյանը առանց համայնքին տեղյակ պահելու ամիսներ առաջ, առանց հանրային լսումների և ավագանում հարցը քննարկելու՝ ստորագրել է փաստաթղթերը և հանձնել Տեխնոման ՍՊԸ-ին, ով և դրանք ներկայացնելով որպես օրինական փաստաթղթեր՝ փորել էր հանքաղբյուրը որպես իր սեփականություն: Սակայն հանդիպելով գյուղացիների բողոքին՝ հեռացել էին տարածքից ու հիմա, որոշ ժամանակ անց, ապավինելով ոստիկանությանը՝ նոր հարձակում են սկսել:   

Կայքի փոխանցմամբ, «Տեխնոման» ՍՊԸ-ի գործողությունները, փաստորեն, այժմ օրինականացված են, սակայն դրանց սկզբնաղբյուրն է եղել անօրինական: Արձանագրության մեջ նշված է, թե այս տարվա հունիսի 13-ին Լիճքի գյուղապետրանաում տեղի ունեցավ ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի, Լիճք համայնքի և «Տեխնոման» ՍՊԸ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ հասարակական լսումներ», ինչը չի համապատասխանում իրականությանը. ոչ մի լսում էլ տեղի չի ունեցել: Համենայն դեպս ոչ Լիճքի բնակիչների մասնակցությամբ: 

Աշոտ Հոխիկյանի վկայությամբ արձանագրության մեջ իբրև լիճք համայնքի բնակիչներ են նշված միայն գյուղապետարանի աշխատակիցները՝ իրավաբանը, աշխատակազմի ղեկավարը, նախկին գյուղապետ Շամս Հայրապետյանը: Ավագանու ցուցակից կամ հասարակ բնակչությունից ոչ մի մարդ «լսումներին» չէր մասնակցել: 

Աշոտ Հոխիկյանը դժվարացել է ասել, թե այս իրավիճակում ինչ կարող են անել, երբ ոստիկանությունը պաշտպանում է անօրինականությունը:  

 

Նախորդ հոդվածը‘Հունվար-սեպտեմբերին գնաճի ցուցանիշներով Հայաստանը 4-րդ տեղն է զբաղեցրել նախկին ԽՍՀՄ երկրների թվում’
Հաջորդ հոդվածը‘«Յաբոլոկո»-ի առաջնորդը Ժիրինովսկուն մեղադրել է ծայրահեղականության մեջ’