‘Տեղի է ունեցել Պակիստանի նորընտիր վարչապետի երդմնակալության արարողությունը’

774

Այսօր կայացել է Պակիստանի ազգային ասամբլեայի (խորհրդարանի ստորին պալատ) ընտրություններում հաղթած կուսակցության՝ Պակիստանյան մուսուլմանական լիգայի առաջնորդ Նավազ Շարիֆի երդմնակալության արարողությունը երկրի վարչապետի պաշտոնում, հաղորդել են տեղական ԶԼՄ-ները:

 Շարիֆի երդումն ընդունել է Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին: Դրանից մի քանի ժամ առաջ Ազգային ասամբլեան Շարիֆին ընտրել էր երկրի 18-րդ վարչապետի պաշտոնում: 63-ամյա Շարիֆի օգտին քվեարկել է 342 պատգամավորներից 244-ը: Այդպիսով՝ Շարիֆը դարձել է Պակիստանի պատմության մեջ առաջին վարչապետը, որն արդեն երրորդ անգամ է զբաղեցնում այդ պաշտոնը. նա կառավարությունը ղեկավարել է 1990-1993 և 1997-1999 թթ.:

Ելույթ ունենալով խորհրդարանում՝ Շարիֆը հայտարարել է, որ իր կառավարության առաջնահերթություններից են լինելու հզոր ենթակառուցվածքների ստեղծումը, տնտեսական բարենորոգումները և պայքարը կոռուպցիայի դեմ:Նա նաև խոստացել է բարելավել կրոնական փոքրամասնությունների վիճակը Պակիստանում և ԱՄՆ-ից պահանջել է դադարեցնել անօդաչու սարքերի գրոհները երկրի հյուսիս-արևմուտքում, հաղորդում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է էներգետիկ անվտանգության հարցեր’
Հաջորդ հոդվածը‘Անգլիա-Իտալիա՝ Ուղիղ’