‘Տեղի է ունեցել «Սուպեր մամա» ֆիլմի պրեմիերան’

1277

Հոկտեմբերի 8-ին հայկական կինովարձույթ կմտնի «Սուպեր մամա» ռոմանտիկ կատակերգությունը, որի գլխավոր դերակատարն է Հայկ Մարությանը (Կարգին Հայկոն): Ըստ սյուժեի, գործազուրկ դերասանն անվճար բնակարան ստանալու համար  որոշում է մասնակցել միայնակ մայրերի համար բարեգործական ծրագրին, ինչի համար ստիպված է լինում կերպարանափոխվել, այսինքն՝ հանդես գալ կնոջ կերպարով, ինչը նրա համար զվարճալի արկածների է վերածվում: Դերասան Կարենի և «միայնակ մոր»` Կարինեի դերը էկրանին մարմնավորել է հենց Հայկ Մարությանը:

Ինչպես նախորդ օրը մամուլի ասուլիսում պատմել է Մարությանը, ֆիլմի  աշխատանքներն զբաղեցրել են, ընդհանուր առմամբ, մեկ տարի:  Տարիներ շարունակ Կարգին Հայկոն «Կարգին հաղորդման» շրջանակում բազմիցս մարմնավորել է կանանց կերպարներ` տնային տնտեսուհուց մինչև մարմնավաճառ, որոնք շատ սիրելի են դարձել հաղորդման երկրպագուներին: Չնայած այդ հանգամանքին, ինչպես խոստովանել է Մարությանը, նկարահանումը «Սուպեր մամայի»` Կարինեի դերում շատ բարդ է եղել: «Այստեղ ամեն ինչ ավելի լուրջ հիմքի վրա էր», — նշել է նա:

Ֆիլմում նկարահանվել է նաև հումորիստ, «Վիտամին» ակումբի ռեզինդենտ Գարիկ Պապոյանը: Շոումենը խոստովանել է, որ միշտ երազել է նկարահանվել կինոյում, և «Սուպեր մաման» նրա դեբյուտն է մեծ էկրանին: «Նկարահանման հրապարակում ես անհարմարավետություն էին զգում, քանի որ սովոր եմ հանդես գալ բեմում, սովոր եմ դահլիճի արձագանքին և ծափահարություններին: Խաղալ ֆիլմում, չտեսնելով հանդիսատեսին, հեշտ չէր», — ասել է նա:

Ֆիլմի ռեժիսորներն են  Արման Մարությանն ու Վահագն Խաչատրյանը, սցենարի հեղինակը` Վարդան Զադոյանը, իսկ համահեղինակը՝ Հայկ Մարությանը: Ֆիլմի բյուջեն կազմել է 250 հազար դոլար: «Սուպեր մաման» կցուցադրվի նաև Հայաստանի մարզերում, ընդ որում, տոմսերի գներն ավելի ցածր կլինեն` քան մայրաքաղաքում:

Նախորդ հոդվածը‘Փայլակ Հայրապետյանը դիմել է ՄԻԵԴ և 5 մլն դոլար է պահանջում’
Հաջորդ հոդվածը‘Դատապարտյալը երկվորյակ եղբոր միջոցով փախուստի փորձ է կատարել’