‘Տեր Եղիան հրաժարվում է Էջմիածնի միաբանության անդամությունից. Մայր Աթոռի մեկնաբանությունը’

3288

Էջմիածնի միաբան Տեր Եղիա աբեղա Խաչատրյանը բաց նամակով դիմել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին՝ հայտնելով, որ Մայր Աթոռում իր նկատմամբ անբարեհաճո վերաբերմունքի պատճառով հրաժարվում է Էջմիածնի միաբանության անդամությունից:

«Փարիզում աւարտելով աստուածաբանական բարձրագոյն ուսման դասընթացը` Ձերդ Սրբութեան թելադրութեամբ անցեալ տարուայ Սեպտեմբերին վերադարձայ Սուրբ Էջմիածնի Մայրավանք` ստանձնելով Գէորգեան ճեմարանի փոխտեսչի պաշտօնը: Առաջին օրուանից լծուեցի իմ հոգեւոր ծառայութեանը` բարձր գիտակցութեամբ, ամենայն պատասխանատուութեամբ, մեծ նախանձախնդրութեամբ ու խանդավառութեամբ: Ցաւ ի սիրտ, կարճ ժամանակ անց իմ բոլոր տեսիլքներն ու երազները յօդս ցնդեցին: Փոխտեսչի պաշտօնից ազատուելուց յետոյ ես չունեցայ որեւէ նոր նշանակում, եւ արդէն շուրջ վեց ամիս է, որ ես անորոշութեան մէջ եմ:

Իմ նկատմամբ դեռեւս ճեմարանից ձեւաւորուած եւ ապա միաբանական կեանքում ընդգծուած խիստ կողմնապահութիւնը, անբարեացակամ ու անհանդուրժող վերաբերմունքը, կապուած իմ հոգեւոր նկարագրի եւ աշխարհայեացքի հետ, ինձ մղեցին դառը յուսախաբութեան, գայթակղութեան, ինքնամեկուսացման եւ անելանելի կացութեան: Վերոյիշեալ խնդիրների առընչութեամբ քանիցս հանգամանօրէն զեկուցագրել եմ Ձերդ Սրբութեանը Յունուար 11, 2013, Փետրուար 14, 2013 եւ Յունիս 22, 2013 թուակիր նամակներով, սակայն հակառակ սպասուածին` գէթ իմ հարցով որեւէ դրական լուծում այդպէս էլ չարձանագրուեց:

Մնալով մենակ իմ խնդիրների հետ, որպէս յարմարագոյն լուծում  ստեղծուած կացութեան դիմաց, փափագ յայտնեցի մշտական ծառայութեամբ մեկնել Երուսաղէմի հայոց պատրիարքարան, ինչն անկատար մնաց` Էջմիածին-Երուսաղէմ ներեկեղեցական յայտնի լարուածութեան պատճառով:

Ակնյայտ է, որ այսօրինակ միջավայրի ներքոյ Մայր Աթոռում ապրելը գնալով դառնում է անհնարին, իսկ մթնոլորտը` վանող: Հոգեպէս ընկճուած եւ տագնապած առկայ ապառողջ յարաբերութիւններից` ձեռք բերեցի նաեւ առողջական խնդիրներ:

Վեհափա՛ռ Տէր, ելնելով այս իրավիճակից` այսու գրութեամբ տեղեկացնում եմ Ձերդ Վեհափառութեանը, որ այս պահից սկսեալ հրաժարւում եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանութեան անդամութիւնից` հաստատուն մնալով իմ քահանայական կոչման եւ կարգի մէջ», — նշում է հոգեւորականը նամակի մեջ:

Նամակի առնչությամբ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի պատասխանատու Տեր Վահրամ քահանա ՄԵլիքյանը «Հրապարակին» հայտարարել է, որ որ Տ. Եղիա աբեղա Խաչատրյանի կողմից հարապարակված հրաժարական նամակը  հանձնվել է Մայր Աթոռի կարգապահական հանձնաժողովին ի քննություն:

Նա նաեւ տեղեկացրել է, որ Տ. Եղիա աբեղա Խաչատրյանի վարքում թերացումներ են հայտնաբերվել եւ նա գտնվում էր պատժաշրջանում: «Ինչպես նախկինում, այնպես և վերջին շրջանում Հայր Եղիան իր հոգևոր ծառայության մեջ թերություններ էր արձանագրել, վարքի հետ կապված խնդիրներ կային, ինչի պատճառով նա գտնվում էր պատժաշրջանում: Պատժից խույս տալու համար հիվանդության պատրվակով Հայր Սուրբը հեռացել էր Մայր Աթոռից: Հարկ է նշել նաև, որ Մայր Աթոռի վանական խորհրդի և դիվանապետի կողմից նա քանիցս հրավիրվել է Մայր Աթոռ իր հետագա ծառայության հարցը քննարկելու համար, սակայն չի ներկայացել: Անպատասխան են մնացել նաև այս շրջանում արված կարգապահական հորդորները»,- ասել է Տեր Վահրամը:

 

Նախորդ հոդվածը‘Ծեծկռտուք «Գրանդ Քենդիի» աշխատակիցների ու բնակիչների միջև. հնչել է կրակոց’
Հաջորդ հոդվածը‘Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել’