‘Տեր-Պետրոսյանի սեպտեմբերյան թեզիսները’

1820

Վերջին հայտնի իրադարձությունների զարգացման շուրջ արդեն իրենց գնահատականներն են տվել գրեթե բոլոր քաղաքական ուժերը կամ այդ ուժերը ներկայացնող գործիչները: Եվ այդ տեսանկյունից կարելի է առանձնացնել նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի տեսակետը, որը նա հնչեցրեց  Կոնգրեսի վարչության նիստում:
Համակարգելով նրա ասածները` փորձենք այն ներկայացնել թեզիսներով, որը նա ուղղեց հասարակությանը.

Առաջին թեզիս

Տեր-Պետրոսյանը վերջին 3 տարիների Հայաստանի արտաքին քաղաքականության ուղին, որն ի սկզբանե ընթանում էր եվրաինտեգրացիայի ճանապարհով եւ ընդամենը վերջին երեք օրվա մեջ 180 աստիճանով փոխվեց, գնահատեց որպես քաղաքական անմեղսունակություն: Քանի որ բանականության սահմաններում ոչ մի գործիչ այդպիսի էկլեկտիկ եւ տրամագծորեն հակառակ շարժումներ չէր անի, եթե, իհարկե, նա չէր գտնվում կազինոյում:

Երկրորդ թեզիս

Այս ամենի մեղավորը ո՛չ Ռուսաստանն է, ո՛չ էլ` Արեւմուտքը, այլ կոնկրետ Սերժ Սարգսյանը եւ նրա շրջապատը: Եվ նա հորդորեց իր կողմնակիցներին չմասնակցել հակաարեւմտյան կամ հակառուսական միջոցառումներին, քանի որ այն չի բխում Հայաստանի ազգային պետական շահերից` հատուկ շեշտելով, որ ՀԱԿ-ը չպետք է իր վրա վերցնի պոպուլիստական գեներատորի ֆունկցիան, այլ պետք է գործի այնպես, ինչպես կգործեր իշխանության մեջ:

Երրորդ թեզիս

Խոսելով Մաքսային միությանը միանալու մասին` Տեր-Պետրոսյանը այն չի գնահատում որպես դրական կամ բացասական` նշելով, որ նույնիսկ եթե Հայաստանը ստիպված պետք է միանար Մաքսային միությանը, ապա այն պետք է արժանապատիվ ձեւով կատարվեր, որպեսզի մաքսիմալ օգուտ քաղվեր այդ կառույցից: Մինչդեռ, ակնհայտ էր, որ Սերժ Սարգսյանին Մոսկվայում պարտադրեցին նման քայլին, իսկ պարտադրանքի դեպքում, սովորաբար, պետությունը ոչ մի էական օգուտ չի ստանում նման քայլից, եթե, իհարկե, չհաշվենք որոշ սոցիալական թուլափայ՝ «մեծ» երկրի կողմից: Սակայն, այստեղ էլ նա նշեց, որ մեղքը Մոսկվայինը չէ, քանի որ պարտադրանքը հետեւանք էր այն անմեղսունակ սիրախաղերին, որին պաշտոնական Երեւանը մասնակցում էր եվրաչինովնիկների հետ:

Չորրորդ թեզիս

Ըստ Տեր-Պետրոսյանի՝ դժվար չէր կանխատեսել, որ Սերժ Սարգսյանի այս սիրախաղը եվրաչինովնիկների հետ հենց այսպիսի ավարտ է ունենալու, քանի որ Հայաստանի իշխանությունները չունեին լուջ ռեսուրսներ` դիմակայելու արտաքին ճնշումներին, եւ այս սիրախաղով Սերժ Սարգսյանը կամա, թե ակամա խաբում էր նույն եվրաչինովնիկներին, ում ժամանակին զգուշացնում էին ՀԱԿ-ի ներկայացուցիչները: Ըստ Տեր-Պետրոսյանի՝ Ֆյուլեն եւ նրա շրջապատը այնքան էին ոգեւորված Հայաստանի պահվածքով, որ կորցնելով իրականությունը՝ աչք էին փակում Հայաստանի բոլոր անօրինականությունների վրա: Եվ այս ամենի արդյունքում նույն եվրաչինովնիկները քաղեցին այն, ինչ ժամանակին հնձել էին:

Հինգերորդ թեզիս

Ըստ Տեր-Պետրոսյանի՝ Հայաստանի նման երկրի համար կենսական կարեւոր է վստահելի գործընկերային հարաբերությունները թե՛ ռուսների եւ թե՛ Արեւմուտքի հետ: Եվ ինքն օրինակ էր բերում, որ ցանկացած գործընթաց, որը փորձում էր նախաձեռնել այս կամ այն կողմի հետ, միաժամանակ կիսվում էր մյուս կողմի հետ, որպեսզի անվստահություն չառաջանա: Իսկ Հայաստանի ներկայիս իշխանությունների պահվածքը եվրաինտեգրացիայի հարցում ուղղակիորեն անմեղսունակ բնույթ ուներ, եթե հաշվենք այն հանգամանքը, որ  Հայաստանը այս պրոցեսն իրականացնելիս անկեղծ շփումների մեջ չէր Մոսկվայի հետ: Մի՞թե վերջին երեք օրվա մեջ Սերժ Սարգսյանը պետք է գիտակցեր, որ ԼՂ խնդրի հետ կապված անվտանգության խնդիր կա, ի՞նչ է, 3 տարի նա այս ամենը չէ՞ր գիտակցում: Անշուշտ, այս ամենը ոչ թե քաղաքական-պետական գործչի, այլ հասարակ ղումարբազի պահվածք էր հիշեցնում, քանի որ միայն դրանով կարելի է բացատրել նման ոչ սկզբունքային եւ հապճեպ պահվածքը պետական պաշտոնյաների կողմից:

Տեր-Պետրոսյանն իր վեցերորդ թեզիսը չասաց, սակայն մենք կփորձենք լրացնել

Դա այն ծիծաղելի եւ զվարճալի իրավիճակն է, որի մեջ հայտնվել է Սերժ Սարգսյանի շրջապատը, որը երեք տարի մի բան էր ասում, իսկ վերջին 3 օրում 180 աստիճանով փոխեց իր դիրքորոշումը: Վերջինիս կարկառուն օրինակը փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն է:

Ընդհանուր առմամբ, գնահատելով Տեր-Պետրոսյանի թեզիսները, կարելի է ասել, որ Հայաստանում պահանջ է առաջացել նոր քաղաքական օրակարգի ձեւավորման համար: Օրակարգ, որն իր մեջ կպարունակի իշխանափոխության ճանապարհային քարտեզ, քանի որ նույնիսկ դպրոցականներին է արդեն պարզ, որ այս իշխանությունները ամբողջովին սպառել են իրենց, չունեն նույնիսկ ձեւական առաքելության խնդիր եւ կատարում են կույրաղիքի դեր Հայաստանի պետականության շինարարության հետագա զարգացման համար:

Արտակ Հակոբյան

zham.am

Նախորդ հոդվածը‘«Ամերիաբանկը» և օֆշորը. նոր մանրամասներ օֆշորային սկանդալից’
Հաջորդ հոդվածը‘Ս. Դանիելյան. ԵՄ ասոցացման գործընթացն ի սկզբանե բլեֆի վրա էր հիմնված’