‘Տըխկըլը-տըմբըլը. Գեղամյանը Կոնգրես-ԲՀԿ համախմբման մասին (տեսանյութ)’

1645

Նախկին կարկառուն ընդդիմադիր, ներկայում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանն այսօր բավականին ուշագրավ հայտարարություն է արել: Մասնավորապես, մեկնաբանելով Հայ ազգային կոնգրեսի եւ ԲՀԿ-ի հնարավոր համախմբման հավանակությունը` հայտարարել է, թե «պետք է մենք ձեզ հետ միասին մտածենք, որ ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի համախմբումից հետո իրենք համախմբվեն Հանրապետական կուսակցության հետ և միասնաբար կազմեն այն բռունցքը, որը կկարողանա միասնաբար դիմագրավել Հայաստանի Հանրապետության առաջ ծառացած շատ լուրջ աշխարհաքաղաքական մարտահրավերների։ Այնպես որ իրենց համախմբումը պետք է դիտարկել որպես առաջին քայլ ավելի լուրջ համախմբման ճանապարհին։ Ես նկատի ունեմ լայն կոալիցիայի ստեղծումը, բնականաբար՝ Հանրապետական կուսակցության գլխավորությամբ»:

Լրագրողի այն հարցին էլ, թե, այնուամենայնիվ, Կոնգրես-ԲՀԿ համախմբումը կարո՞ղ է լուրջ մարտահրավեր դառնալ Սերժ Սարգսյանի համար, Գեղամյանը պատասխանել է. «Իմ կարծիքով՝ դա միայն ու միայն կօգնի Սերժ Սարգսյանին։ Դա մեծ ծառայություն կլինի գործող նախագահին։ Շատ լուրջ օգնություն կլինի, որովհետև շատ կհեշտացնի Սերժ Սարգսյանի հետագա պայքարը»: 

Ճիշտն ասած՝ եթե այս խոսքերն ասած լիներ շարքային մի հանրապետական կամ իշխանական թեւի մեկ այլ ներկայացուցիչ, ապա գուցե մանրամասն կանդրադառնայինք այս հայտարարությանը, պարզ տրամաբանությամբ կբացատրեինք, որ այս խոսքերն ուղղակի հակատրամաբանական են: Բայց քանի որ այս խոսքերի հեղինակը Գեղամյանն է, ապա  ի պատասխան այս խոսքերի` ներկայացնենք վերջինիս նախկին հայտարարություններից եւ հարցազրույցներից մի քանի հատվածներ, ինչպես նաեւ` իր վերաբերյալ ներկայիս իշխանությունների կողմից տրված գնահատականներ: Գեղամյանին պատասխանենք Գեղամյանով: 

«..ինչ վերաբերում է իշխանության համախմբվածությանը և ընդդիմության պառակտված վիճակին: Ի դեպ, այդ հարցը նոր հարց չի և այդ հարցը, Դուք հաստատ հիշում եք, արծարծված է Լև Նիկոլաևիչ Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն»  հայտնի պատմավեպում: Երբ Տոլստոյը Անդրեյ Վալկոնսկու մտորումների ժամանակ ուզում է հասկանալ` որոնք են պատերազմն սկսելու մայր պատճառները: Եզրակացությունը մեկն է` վատ մարդիկ, անազնիվ մարդիկ համախմբվելու ներքին մեծագույն պահանջ ունեն, որովհետև գիտակցում են` ինչքան վատություն են արել, և դրա փոխհատուցման ժամը գալու է, ու համախմբվում են: Իսկ լավ մարդիկ, համաձայն Տոլստոյի, անհատականություններ են լինում, և յուրաքանչյուրը, ցավոք սրտի, ստեղծում է իր երևակայական արևի աշխարհը և այդ աշխարհում է տապակվում, իսկ, ցավոք սրտի, վատը սկսում է գերիշխել»: 

«..Մեզ արդեն, կներեք, հիասթափություն, զզվանք է պատճառում էդ շաբլոն ելույթները, էդ շաբլոն քննադատությունը, երբ հեռուստաէկրանի առաջ քննադատում են, միջանցքում էլ ում քննդատել են` համբուրում-ողջագուրվում են, ասելով, որ, դե, ախպեր, հասկանում ես, պետք էր էլի, էսա: Եվ սրա մասին, որ ասում եմ, քյարս էլ մնում է էն, ժողովուրդ ջան, որ մի տարի էլի կզրկեն ուղիղ եթերից, դուք էլ կկարծեք, որ Գեղամյանին լռեցրեցին, Գեղամյանին վախեցրեցին, կամ Գեղամյանը լեզու գտավ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հետ: Ցավոք սրտի, սա է»: 

«Բնականաբար, ենթադրել եմ, որ ինչպե՞ս կարելի էր 98 թ. իշխանափոխություն անել, երբ քո դրոշի վրա գրված էր` մի թիզ հող չենք զիջի, և հանկարծ ուրանալ սեփական խոստումը: Ես, ճիշտ է, դրական կարծիք չունեմ իշխանությունների մասին, բայց որ այդ աստիճան, հանուն աթոռները պահելու, կարող են գնալ զիջումների, կներեք, իմ երևակայությունից դա դուրս էր: Մեղավոր եմ, սիրելի հեռուստադիտող, չէի կարծում, որ Լևոն Տեր-Պետրոսյանին` բռնի ուժով, դավաճանի պիտակ կպցնելով, կհեռացնեն քաղաքական ասպարեզից, ասելով, որ զիջում է, իսկ իրենք ավելի մեծ զիջումների են այսօր պատրաստ, քան 98 թ. Լևոն Տեր-Պետրոսյանը, որի քաղաքականությունը բազմիցս քննադատել են»: 

«…Պատմությունը լավն է, ինձ թվում է, Սերժ Ազատիչը երազ կտեսնի ու Ռոբերտին կասի. «Այ մարդ, ձեռ քաշի, չի ստացվում մեր մոտ»»: 

«…Ռ.Քոչարյանը և Ս.Սարգսյանը, իհարկե, անզոր են իշխանությունը պահել, անգամ իսկ, եթե ձև անեն, թե ավելի արևմտամետ են, քան իրենք՝ արևմտյան հայտնի ժողովրդավարությունները: Ի՞նչ է նշանակում վարել ընդգծված արևմտամետ քաղաքականություն: Դա առաջին հերթին նշանակում է պետականորեն հովանավորել արևմտյան արժեքների արմատավորումը մեր կյանքի բոլոր բնագավառներում: Այն է՝ ավտորիտարիզմի գրկում հայտնված Հայաստանի Հանրապետությունում անշրջելի դարձնել ժողովրդավարացումը ներքին և արտաքին քաղաքականության ոլորտներում: Մղել անողոք պայքար կոռուպցիայի և կաշառակերության դեմ, մարդու իրավունքների, օրենքների ոտնահարմանը հակադարձել օրենքի գերիշխանությունը: Կլանային, մենաշնորհային տնտեսությունը փոխարինել օրենքով հավասար, մրցակցային պայմաններում գործող տնտեսվարմամբ: Ապահովել դատական իշխանությունների՝ գործադիրից անկախ գործունեությունը, հասնել չորրորդ իշխանության լիակատար ազատությանը և անկախությանը: Այսինքն՝ ձերբազատվել բոլոր այն արատներից, որոնց կրողներն ու հովանավորն են այս իշխանությունները, որոնք անընդունելի են արևմտյան քաղաքակրթության համար»: 

Իսկ ահա թե ինչպես են ժամանակին պատասխանել ներկայիս իշխանավորները Գեղամյանին: 

Սերժ Սարգսյանի եղբորը ոչ վաղ անցյալում հարցրել էին, թե ինչի՞ դատի չի տալիս Արտաշես Գեղամյանին: Ի պատասխան՝ Սաշիկ Սարգսյանն ասել է. «…Հիվանդ մարդուն ի՞նչ դատի տաս…»: 

Սերժ Սարգսյանն էլ ժամանակին այսպես է բնութագրել Գեղամյանին. «Այդ մարդը դհոլի նման դատարկ է եւ իր դատարկությունը լցնելու համար նման հայտարարություններ է անում»: 

Հ.Գ. Ի դեպ, անկախ Սերժ Սարգսյանի հանդեպ մեր ունեցած դիրքորոշումից, Արտաշես Գեղամյանի բնութագրման հարցում մենք լիովին համամիտ ենք նրա հետ: Մենք մեր կողմից ավելացնելու ոչինչ չունենք, պարոնայք, դուք լիովին ճիշտ եք նկարագրել պարոն Գեղամյանին: Մեզ մնում է միայն ձեր դատին ներկայացնել մի տեսանյութ, որը այս տարվա ԱԺ ընտրություններից առաջ տարածվեց համացանցում. ինչ-որ երիտասարդներ, Գեղամյանին Սերժ Սարգսյանի տված գնահատականից ոգեշնչված, այսպիսի յուրահատուկ ֆլեշ- մոբ էին կազմակերպել վերջինիս ղեկավարած կուսակցության գրասենյակի մոտ:

 

Պարգեւ Ապրեսյան 

Նախորդ հոդվածը‘World Soccer-ը հրապարակել է տարվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուների ցանկը’
Հաջորդ հոդվածը‘Տարտուի թանգարանի աշխատակիցները ցանկանում են վերարտադրել կղանքով պատրաստված ցուցանմուշը (Ֆոտոշարք)’