‘Տիգրան Առաքելյան. Անտարբերությունը կարող է հանգեցնել 20-ամյա երիտասարդի մահվան’

1747

Գրում է ՀԱԿ անդամ, քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը բանտից.

Հայցում եմ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի, իրավապաշտպան կազմակերպությունների, ԱԺ պատգամավորների, քաղաքացիական հասարակության, մտահոգ քաղաքացիների ու լրագրողների ուշադրությունը, քանզի անտարբերությունը կարող է հանգեցնել 20-ամյա երիտասարդի մահվան:

Խոսքը խցակցիս՝ Սերոբ Մխիթարյանի մասին է, ով նախօրեին` հունվարի 14-ի լույս 15-ի գիշերը, ինքնասպանության փորձ կատարեց։ Նրան գտանք լոգարանում՝ կախված, բայց, Փառք Աստծո, դեռ լրիվ շնչահեղձ չեր եղել… Սերոբը մեր խցում է շուրջ երկու ամիս՝ հոկտեմբերի վերջից, և սա արդեն ինքնասպանության նրա երկրորդ փորձն էր. նախորդ անգամ երակներն էր փորձել կտրել:

Բանն այն է, որ նա չի կարողանում համակերպվել իրեն առաջադրված մեղադրանքների հետ և պնդելով, որ ինքն անմեղ է, բայց իր ձայնը ոչ ոք հաշվի չի առնում՝ փորձում է վերջ տալ կյանքին:

Սերոբին Ղարաբաղում կատարված ինչ-որ գողության համար մեղադրանք են առաջադրել և Երևանից տեղափոխել Շուշիի բանտ։ Իր պատմածի համաձայն՝ այնտեղ ենթարկվել է ամենօրյա ծեծի և նվաստացումների… 4 ամսից ավել պահվել է պատժախցում։ Դա եղել է մի մութ սենյակ՝ մոտավորապես 2×1.20մ տարածքով՝ առանց սանհանգույցի։ Նույնիսկ զուգարան գնալու համար հատուկ թույլտվություն է անհրաժեշտ եղել (օրը երեք անգամ)։ Անտանելի պայմաններից ու անմարդկային վերաբերմունքից ազատվելու միակ ելքը համարելով Երևանի քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելը՝ Սերոբն ինքնախոստովանական ցուցմունքներ է տալիս բոլորովին այլ՝ իր կողմից իբրև թե Երևանում կատարված գողությունների մասին, որոնց հետ նա, իր պնդմամբ, ընդհանրապես առնչություն չունի. միայն թե Շուշիի բանտից օր առաջ դուրս գա ու Երևան տեղափոխվի։ Ի վերջո, տեղափոխվելով Երևան և արդեն այստեղ ամեն ինչ պատմելով՝ հրաժարվել է իր ցուցմունքներից։

Սերոբը Ղարաբաղում կատարված գողության համար դատապարտվել է 6 տարվա ազատազրկման։ Ի նշան բողոքի՝ վերջերս հայտարարել էր հացադուլ և կարել բերանը։ Խոստացան գործը վերանայել և այդ օրը Սերոբին բերեցին մեր խուց։ Շատ ընկճված էր, բայց հույս ուներ, որ ինչ-որ բան կփոխվի։ Սակայն մոտ մեկ ամիս անց Ս. Մխիթարյանին այցելեց քննիչը և Երևանում կատարված գողությունների համար մեղադրանք առաջադրեց։ Այդ օրվանից Սերոբի հոգեկան վիճակը կտրուկ վատացավ: Նա այլևս ոչ մի բանի չի հավատում։

Հունվարի 14-ի առավոտյան ստացավ գրություն, որ գործն արդեն դատարանում է։ Շփոթված էր… ոչ մի բան չեր խոսում: Ամբողջ օրն անցկացրեց առանց մեզ հետ բառ անգամ փոխանակելու: Իսկ արդեն գիշերը Սերոբին գտանք լոգարանում՝ կախված… Մի կերպ կտրելով պարանը՝ իջացրեցինք, և երջանիկ պատահականությամբ նա դեռ ամբողջությամբ շնչահեղձ չէր եղել…

Ահազանգում եմ, երիտասարդի ինքնասպանության հաջորդ փորձը կարող է անցանկալի ավարտ ունենալ այսօր անտարբեր մնալու դեպքում. վաղը դրա համար բոլորս կլինենք պատասխանատու..

Տիգրան Առաքելյան

15.01.2013թ

\"\"

Նախորդ հոդվածը‘Հրանտ Մաթևոսյան. Այս նեղությունից, միևնույն է, դուրս ենք պրծնելու՝ միայն ազգովի. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’