‘Տիգրան Ուրիխանյան. Գազի սակագնի բարձրացումը հերթական ահռելի, ուժգին հարվածն է լինելու սոցիալական ոլորտին’

1189

Գազի սակագնի բարձրացումը հերթական ահռելի, ուժգին հարվածն է լինելու տնտեսությանը, սոցիալական ոլորտին առհասարակ, անապահով խավերին, քաղաքացիներին՝ առաջին հերթին՝ չնայած սուբսիդավորման մասին խոսակցություններին: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: «Կառավարությունն առաջին հերթին պիտի այնպիսի սոցիալ-տնտեսական քաղաքականություն, այնպիսի կուրս իրականացներ, որ չհասցներ երկիրը այս վիճակին»,- նշեց նա:

Ուրիխանյանը գազի գնի խնդիրը չի դիտարկում արտաքին հարաբերությունների տեսանկյունից՝ հաշվի առնելով առկա գինը, տարբերությունը մյուս երկրներին մատակարարվող գնի հետ և այլն հանգամանքներ: «Բա որ երկրում 30 տոկոս աղքատություն կա պաշտոնական տվյալներով, դա ինչի՞ հետ կապենք: Սոցիալական և տնտեսական վիճակը պիտի լինեն այնպիսին, որպեսզի հաշվարկած  ունենանք պահուստային քայլեր, անելիք, երաշխիքներ՝ նմանատիպ խնդիրների դեպքում հարցերը լուծելու համար»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ օրերս վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ կառավարությունը կսուբսիդավորի գազի գնի 30 տոկոսը:

Նախորդ հոդվածը‘Լիոնել Մեսի. Մի պարտության պատճառով չպետք է խելագարվենք’
Հաջորդ հոդվածը‘Կարկուտը ծեծած տեղն է ծեծում, կամ one way ticket to the…’