‘Տիգրան Սարգսյանը ներկայացրել է նորանշանակ նախարարներին’

1603

Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը էկոնոմիկայի, ֆինանսների և սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների աշխատակազմերին ներկայացրեց նորանշանակ նախարարներին:

էկոնոմիկայի նորանշանակ նախարարը քաջատեղյակ է իր ոլորտի խնդիրներին և ունի մեծ փորձ: Մայիսի 8-ին այդ մասին նշեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին ներկայացնելով նորանշանակ նախարար Վահրամ Ավանեսյանին: «Պարոն Ավանեսյանը մեր լավագույն տնտեսագետներից մեկն է և ունի աշխատանքային մեծ փորձ ինչպես պետական կառավարման համակարգում, այնպես էլ անձնապես»,- «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ ասաց ՀՀ վարչապետը: «Կարծում եմ, որ այս փոփոխությունը սահուն կլինի, և պարոն Ավանեսյանը միանգամից կանցնի գործի` նրա համար բավական ծանոթ ոլորտում»,- ասաց Սարգսյանը: Վարչապետը շնորհակալություն հայտնեց Տիգրան Դավթյանին համատեղ աշխատանքի համար՝ բարձր գնահատելով նրա մասնագիտական ունակություները:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը ֆինանսների նախարարության աշխատակազմին ներկայացրեց ֆինանսների նորանշանակ նախարար Դավիթ Սարգսյանին:

«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ Տիգրան Սարգսյանը նշեց, որ նրան որպես մարդ և ղեկավար ներկայացնելու կարիք չկա, քանի որ բոլորը նրան ճանաչում են: «Իր կարիերան Դավիթ Սարգսյանը սկսել է հենց ֆինանսների նախարարությունում, աշխատել է Կենտրոնական բանկում, կառավարությունում, ուստի մենք վստահ ենք, որ նրա փորձն ու մասնագիտական կարողությունները միայն օգտակար կլինեն բոլորիս համար»,- ասաց նա: ՀՀ վարչապետը նշեց, որ բազմաթիվ բարեփոխումներ են սպասվում տարբեր ոլորտներում, իսկ այգ գործում շատ կարևոր դերակատարություն ունի ֆինանսների նախարարությունը: «Մենք վստահ ենք, որ Դավիթ Սարգսյանը կկարողանա լիարժեք կատարել իր առջև դրված բոլոր խնդիրները»,- ասաց կառավարության ղեկավարը՝ միաժամանակ երախտագիտություն հայտնելով նախկին ֆինանսերի նախարար Վաչե Գաբրիելյանին պարտաճանաչ աշխատանքի համար:

Տիգրան Սարգսյանը սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմին ներկայցրել է նորանշանակ նախարար Յուրի Վարդանյանին:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի հեղինակության հարց’
Հաջորդ հոդվածը‘Միլիարդատերերի թվով Մոսկվան աշխարհում գրավում է երկրորդ տեղը’