‘Տիգրան Սարգսյան. ՀԱԿ-ԲՀԿ միասնական թեկնածու ունենալու հավանականությունը շատ փոքր է ‘

901

Այսօր Ազգային ժողով–Կառավարություն հարցուպատատասխանից հետո տեղի ունեցած ճեպազրույցում խոսելով Հայ ազգային կոնգրեսի եւ Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ նախագահի ընտրություններին միասնական թեկնածուով հանդես գալու հնարավորության մասին, վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, թե «քաղաքական դաշտում ոչինչ չի բացառում: «Բայց դրա հավանականությունը համարում եմ շատ փոքր», — ըստ «Ազատություն ռադիոկայանի, ավելացրել է նա։

«Ես նայում եմ մեր կուսակցությունների անցած ճանապարհը։ Մենք միասին ճանապարհ ենք անցել, մենք միմյանց լավ ճանաչում ենք, գիտենք, թե ինչ արժեքների շուրջ է տեղի ունենում այդ համախմբումը, ովքեր են այդ գաղափարների կրողները, եւ այդպիսի կտրուկ շրջադարձը քաղաքականության մեջ ավելի քիչ հավանական է, քան այն գործելակեպրը, որը կար նախկինում, բայց չբացառելով, որ կարող են այլ սցենարներ եւս զարգանալ», — նշել է Սարգսյանը։

Ըստ նույն աղբյուրի, լրագրողները հետաքրքրվել են, թե վարչապետը շարունակո՞ւմ է պնդել, որ ուժի մեջ է դեռեւս 2011-ին ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի միջեւ կնքված հուշագիրը, որով ԲՀԿ-ն պարտավորվել էր նախագահական ընտրություններում սատարել Սերժ Սարգսյանին։

«Մենք համախմբված ենք եղել ԲՀԿ-ի հետ մի հայտարարությամբ, որտեղ հստակ ֆիքսված էր, որ այդ 3 կուսակցությունները, որոնք ստորագրել են այդ հայտարարությունը, պաշտպանելու են գործող նախագահի թեկնածությունը 13 թվականի ընտրությունների ժամանակ։ Եղե՞լ է արդյոք այդ 3 կուսակցություններից որեւիցե մեկի կողմից պաշտոնական հերքում, որ նրանք հրաժարվում են այդ հայտարարությունից։ Ես ասել եմ՝ այդպիսի պաշտոնական հերքման հետ ես ծանոթ չեմ», — նշեց Տիգրան Սարգսյանը։

Ճշտող հարցին՝ Գագիկ Ծառուկյանի՞ հերքման մասին է խոսքը, քանի որ ԲՀԿ-ականները արդեն իսկ բազմիցս հերքել են, վարչապետը պատասխանեց՝ «այո»։

Տիգրան Սարգսյանը խոսել է նաեւ հարյուր տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու եւ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու հեռանկարի մասին:

«Մենք նոր ենք մեր Ընտրական օրենսգիրքը փոփոխել, եւ կարծում եմ, որ նախագահական ընտրություններից հետո մենք հնարավորություն կունենանք կառավարման համակարգի արդյունավետության վերաբերյալ քաղաքական բանավեճ ունենալ Ազգային ժողովում, լսել տարբեր տեսակետներ։ Բայց կարծում եմ այսօր՝ ընտրություններից ընդամենը մի քանի ամիս առաջ, անդրադառնալ այդ խնդրին այնքան էլ ճիշտ չէ եւ մեր օրակարգում այդ հարցը առաջնահերթ հարց չէ», — ասել է Տիգրան Սարգսյանը։

Նշենք, որ տարվա սկզբին նույնպես, երբ Հայ ազգային կոնգրեսը, ՀՅԴ-ը, «Ժառանգությունը» եւ ԲՀԿ-ը մայիսին կայանալիք ընտրություններին ընդառաջ առաջարկում էին ԸՕ-ում փոփոխությունների միջոցով անցում կատարել հարյուր տոկոս համամասնական ընտրական համակարգին, իշխող Հանրապետական կուսակցությյան ներկայացուցիչների հիմնական հակափաստարկը նույնն էր՝ «Մենք նոր ենք փոխել Ընտրական օրենսգիրքը»: 

Նախորդ հոդվածը‘Ֆլեշ-մոբ՝ նվիրված դիաբեթի տեմ պայքարին (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ուրուգվայի խորհրդարանական պատվիրակության այցը ԼՂՀ (Ֆոտոշարք)’