‘ Տիգրան Սարգսյան. Մաքսային միությունը Հայաստանի տնտեսության համար «հնարավորությունների նոր պատուհան» է’

738

Մաքսային միությունը Հայաստանի տնտեսության համար «հնարավորությունների նոր պատուհան» է: Այդ մասին հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանն ուկրաինական «Սեգոդնյա» թերթում հրիապարակված հարցազրույցում:

«Երկարատեւ բանակցություններն ու ուսումնասիրությունները, ըստ իս, հաջող ավարտվեցին, եւ մենք ՄՄ անդամակցության հայտ ներկայացնելու հնարավորություն ստացանք: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ՄՄ-ի հետ ընդհանուր սահմանի բացակայությունը հարց էր, որը լրջագույն ուսումնասիրում ու թեր եւ դեմ կողմերի ըմբռնում էր պահանջում: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանը մեր հիմնական առեւտրային գործընկերն է եւ ներդրողը, իսկ հայկական արտադրանքը, հիմնականում, իրացվում է ռուսական շուկայում: Եվ ակնհայտ է, որ Եվրասիական տարածքից մեկուսացվածությունը կհանգեցնի մրցունակության կորստի, ավելին, կարող են որոշակի սահմանափակումներ ծագել մեր համագործակցության համար, ինչը կխանգարի ՀԱՊԿ-ում  մեր ռազմավարական, գործընկերային հարաբերություններին: Հետխորհրդային տարածքի փոխհարաբերություններում հսկայական ներուժ է «սառեցված», եւ հայկական ձեռնարկությունները խիստ շահագրգռված են, որպեսզի ՄՄ շուկան մեզ համար առավելագույնս մատչելի լինի: ՄՄ երկրների հետ ինտեգրման առավել բարձր մակարդակը, այդ թվում՝ առեւտրային  տեխնիկական խոչընդոտների հեռացումը, իհարկե, կխթանի Հայաստանի տնտեսական աճը: Սակայն կան նաեւ որոշակի ռիսկեր. ՄՄ-ում սակագները կրկնակի բարձր են, քան երրորդ երկրների հետ Հայաստանի մաքսատուրքերը: Մենք կբախվենք որոշակի դժվարությունների: Բայց ընդհանուր առմամբ տեսնում ենք, որ Հայաստանը շահում է Մաքսային միություն եւ Միացյալ տնտեսական տարածք մտնելով»,- հայտարարել է Սարգսյանը:

Հիշեցնենք, որ նույն Տիգրան  Սարգսյանը մինչեւ վերջերս հայտարարում էր, թե Մաքսային միություն մտնելը Հայաստանի համար անիմաստ է: 

Նախորդ հոդվածը‘Ֆեյսբուքը՝ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դեպքերի մասին’
Հաջորդ հոդվածը‘Շանթ Հարությունյանի հեղափոխությունը` «կադրից դուրս» (տեսանյութ)’