‘Տիմոշենկոն հանդես է եկել ռուսական նավատորմը Ուկրաինայից անհապաղ դուրս բերելու առաջարկով’

832

«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն այն կարծիքին է, որ Խարկովյան համաձայնագրերը, որոնք երկարաձգում են Ուկրաինայում ՌԴ Սևծովյան նավատորմի մնալու ժամկետը, պետք է անհապաղ խզվեն՝ կապված Ղրիմի վերջին իրադարձությունների հետ: «Սևծովյան նավատորմը, հատկապես վերջին դեպքերից հետո, պետք է դիտարկել որպես Ուկրաինայի տարածքում ռազմական անկայունության աղբյուր: Դրա համար պետք է անհապաղ Ուկրաինայից դուրս բերել այդ նավատորմը: Նկատի ունեմ, որ Խարկովյան համաձայնագրերը պետք է խզվեն»,- հայտարարել է նա BBC հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

Տիմոշենկոն նաև պնդել է, որ 2009 թ. կնքված «գազային » պայմանագրերը ճիշտ էին: Միևնույն ժամանակ՝ նրա կարծիքով՝ «մինչև 2020 թ. մենք արդեն ռուսաստանյան գազ չենք օգտագործի»:

2010 թ. ապրիլին Խարկովում Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը և Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը պայմանագիր են ստորագրել, որի համաձայն՝ ՌԴ Սևծովյան նավատորմի գտնվելը Ղրիմում երկարացվել է 25 տարով ՝ սկսած 2017 թվականից, և ևս հինգ տարի երկարացնելու հնարավորությամբ, եթե կողմերից մեկը չհայտարարի պայմանագրից դուրս գալու մասին: Դրա փոխարեն ուկրաինական կողմը ստանում էր գազի գնի զեղչ՝ 30%-ով, սակայն 100 դոլարից ոչ ավելի՝ հազար խմ-ի համար: Փոխանցում է podrobnosti.ua-ն:

Նախորդ հոդվածը‘Ջրամատակարարման դադար ս. թ. մարտի 6-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանը հայ գերուն հանձնել է առողջական լուրջ խնդիրներով’