‘ՏՄՊՊՀ. Հայ արտադրողները սուտ մակնանշումներով թյուրիմացության մեջ են գցում սպառողներին ‘

824

Որոշ հայ ընկերություններ, որոնք մասնագիտանում են հացամթերքի, հրուշակեղենի, մեղրի, ձավարեղենի և թեյի արտադրությամբ, իրենց սուտ մակնանշումներով թյուրիմացության մեջ են գցում սպառողներին: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի ծառայությունից:

Աղբյուրի համաձայն, լայնածավալ հետազոտության արդյունքում Հանձնաժողովը բացահայտել է, որ «Թալին Ֆուդ»,«Կալաչ» Էջմիածնի պահածոների «Կոնսեր» գործարանը, Արմավիրի պահածոների «Նյու Վեյվ» գործարանը, «Ռաֆայել Էոնթինի Թրեյթինգ Քոմպանի»,«Գ.Հյուստոն» և «Ամարտի» ընկերությունները տեղյակ չլինելով օրենքի պահանջներին, իրենց արտադրանքի վրա կիրառել են յուրօրինակ` «Էկոլոգիապես մաքուր արտադրանք», «Բիո», «Էկո»,«Օրգանական» և այլ մակնանշումներ,  թյուրիմացության մեջ դնելով սպառողներին և շուկայում առաջացնելով անառողջ մրցակցություն:

Համաձայն երկրի օրենսդրության, ապրանքների վրա «Էկոլոգիապես մաքուր արտադրանք»,«Բիո»,«Էկո», «Օրգանական» և այլ մակնանշումներ կարելի է կիրառել միայն համապատասխան սերթիֆիկատի առկայության դեպքում: Միևնույն ժամանակ, ցանկացած ձեռնարկատիրական փորձ, որը սպառողին կարող է կամ դնում է թյուրիմացության մեջ, դիտարկվում է որպես անբարեխիղճ մրցակցության դրսևորում: Ըստ օրենքի պահանջների, տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են իրենց ապրանքների վերաբերյալ սպառողին տրամադրել լիարժեք և արժանահավատ տեղեկություններ: Հանձնաժողովի որոշմամբ վերոհիշյալ ընկերություններն ստացել են խիստ զգուշացում և տասնօրյա ժամկետում պարտավոր են վերացնեն բացահայտված խախտումները:

Հանձնաժողովը դիտարկումներ է իրականացրել նաև ոչ պարենային շուկայում, բացահայտելով, որ որոշ մաքրող, լվացող միջոցների և սանիտարա-հիգիենիկ նշանակության ապրանքների փաթեթավորման վրա նույնպես օգտագործված են «էկոմակնանշումներ»: Ներկայումս երկրի օրենդսրությունը չի կարգավորում այս խմբի ապրանքների մակնանշումների կարգը, սակայն, ՏՄՊՊՀ-ն մտադիր է առաջիկայում համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ դիմել էկոնոմիկայի նախարարությանը: Միաժամանակ, Հանձնաժողովը բոլոր սպառողներին կոչ է արել կասկածների դեպքերում դիմել ՊՄՊՊՀ-ին, (010) 54-40-04 թեժ գծով: 

Նախորդ հոդվածը‘Ամալյանին պաշտոն են տվել’
Հաջորդ հոդվածը‘Էդիկ Բարսեղյանը հրաժարվել է Արարատի մարզպետի պաշտոնից. Նրան կփոխարինի ՀՅԴ-ական նախկին նախարարը’