‘Տրվել է աղբահանության և սանմաքրման միջազգային օպերատորի աշխատանքների մեկնարկը’

915

Երևանում աղբահանության գործընթացը կանոնակարգելու նպատակով քաղաքապետարանի կողմից հայտարարված միջազգային մրցույթում հաղթած լիբանանյան «Sanitek s.a.r.l» ընկերությունը մայրաքաղաքում տվել է պայմանագրով պահանջվող համապատասխան ծառայությունների մատուցման մեկնարկը: Նոր մեքենասարքավորումները ներկայացվել են Շահումյան հրապարկում:

Ինչպես նշվում է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ, դեռևս 2012թ.-ին հայտարարված միջազգային մրցույթին աշխարհի 8 երկրներից հայտ ներկայացրած մասնագիտացած ընկերություններից 2013-ին ընտրվեցին երկուսը՝ Արևմտյան հատվածով (Աջափնյակ, Դավթաշեն, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջաններ)՝ լիբանանյան «Sanitek s.a.r.l» ընկերությունը և Արևելյան հատվածով (Արաբկիր, Ավան, Էրեբունի, Քանաքեռ-Զեյթուն, Նորք-Մարաշ, Նոր Նորք և Նուբարաշեն վարչական շրջաններ)՝ հայ-շվեդական «Էկոգրուպ» և «ԼԼ Միլյոքոնսուլտ» ընկերությունների կոնսորցիումը:

Հարկ է նշել, որ վերոնշյալ երկու օպերատորների հետ համապատասխան պայմանագրերի կնքումից հետո, հատուկ նշանակության մեքենասարքավորումների պատվիրման, դրանց արտադրության և Հայաստան տեղափոխելու հետ կապված, օբյեկտիվորեն պահանջվում էր մոբիլիզացիոն երկար ժամանակ, ինչը և տրամադրվեց նրանց: Արևմտյան հատվածով հաղթող ճանաչված օպերատորը՝ «Sanitek s.a.r.l» ընկերությունը, ներկայումս ներկրել է ամբողջությամբ նոր, բավարար քանակությամբ եվրոպական մեքենասարքավորումներ ու գերմանական աղբամաններ, ինչի արդյունքում էլ արդեն իսկ մայրաքաղաքում տալիս է պայմանագրով պահանջվող համապատասխան ծառայությունների մատուցման մեկնարկը:

«Գործընթացն առայժմ կմեկնարկի միայն Կենտրոն վարչական շրջանում, որի անցումային փուլն ավարտելուց և ծառայությունները հունի մեջ գցելուց հետո հերթականությամբ կանցնի մյուս վարչական շրջաններ: Այսպիսով կարող ենք ասել, որ արդեն այսօրվանից Երևանում հետզհետե կսկսեն մատուցվել միջազգային ստանդարտներին համապատասխան աղբահանության և սանիտարական մաքրման ծառայություններ, ինչի առիթով շնորհավորում եմ մեր բոլոր համաքաղաքացիներին»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

 «Մեր կողմից շուրջ 10 մլն եվրոյի ներդրում է կատարվել, ինչը, կարծում եմ, արդեն իսկ խոսում է այն մասին, որ մենք իսկապես լրջորեն տրամադրված ենք մուտք գործում Երևան քաղաքի համար շատ կարևոր այս ոլորտ: Մեր կողմից պայմանագրով ստանձնած պարտավորությունների համաձայն՝ կիրականացնենք ինչպես աղբահանություն, այնպես էլ սանմաքրման աշխատանքներ: Ներկայումս ունենք 150 աշխատակից, բայց այդ թիվը դեռևս աճելու է և հասնի մինչև 300-ի: Միջին աշխատավարձը սահմանել ենք 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Առայժմ մեր աշխատանքների մեկնարկը տալիս ենք Կենտրոն վարչական շրջանից, բայց որոշ ժամանակ հետո մենք հետզհետե կանցնենք պայմանագրով մեզ վերապահված մյուս վարչական շրջաններ»,- նշել է «Սանիթեք» ընկերության հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Մադլեն Էլ Բոլբոլը:

Լրագրողների հարցին ի պատասխան Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ որակյալ ծառայությունների մատուցումից հետո բնակիչներից աղբահանության համար գանձվող գումարների չափը չի փոխվելու:

«Այս ծառայությունով պայմանավորված՝ աղբահանության վճարի չափը 2015թ.-ին չի փոխվելու, քանի որ կազմակերպությունների խոշորացման և աշխատանքի արդյունավետության բարձրացման հաշվին նախատեսում ենք նույն գումարով որակյալ ծառայության մատուցում»,- ընդգծել է քաղաքապետը:

Նախորդ հոդվածը‘«Վալենսիայի» երկրպագուն շիշ է նետել Մեսսիի վրա (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Դրամի արժեզրկումը սահուն շարունակվում է ‘