‘Տ.Ուրիխանյան. Հանրահավաքին փորձում են խոչընդոտել ամենաանհեթեթ եղանակներով’

2286

Հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքի անցկացմանը փորձում են խոչընդոտել ամենաանհեթեթ եղանակներով: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր, կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը:

«Ինչպես հայտնի է, խանգարում և խոչընդոտում են բոլոր նրանց, ումից վախենում են, ով իրական վտանգ է ներկայացնում: Եվ, կարծում եմ, առկա իրավիճակը դրա վառ վկայությունն է: Անհեթեթությունն սկսվում է այն բանից, որ թույլ չեն տալիս բեմ տեղադրել Ազատության հրապարակում: Գործի են դրվում բոլոր հնարավոր և անհնար միջոցները, իրավիճակը հասնում է անհեթեթության», — պատմել է պատգամավորը: Նա նաև հաստատել է այն տեղեկատվությունը, որ փորձեր են ձեռնարկվում փակելու մարզերից դեպի մայրաքաղաք բերող ճանապարհները, որպեսզի մարդիկ չկարողանան մասնակցել ընդդիմության հանրահավաքին:

«Մենք դեռ առավոտյան Աշտարակի մի բնակչից ահազանգ  ենք ստացել, որ իրեն թույլ չեն տվել մուտք գործել մայրաքաղաք: Ընդ որում քաղաքացին եղել է իր անձնական ավտոմեքենայով: Այդուհանդերձ, երեք ուժերի` ԲՀԿ, ՀԱԿ և «Ժառանգության» ներկայացուցիչները լրագրողների ուղեկցությամբ շրջում են մայրաքաղաք տանող հիմնական ճանապարհներին` ոստիկանների կամ ուրիշ որևէ մեկի կողմից ապօրինի գործողությունները կանխելու նպատակով: Յուրաքանչյուր ոք, ով փորձի մեզ խոչընդոտել, պատասխանատվության կենթարկվի օրենքի ողջ խստությամբ», — ասել է Ուրիխանյանը:

Նախորդ հոդվածը‘Սևանի բաժնի ոստիկանները բռնություն են գործադրել կասկածյալի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Եռյակ. Իշխող վարչակարգը սպառված է’