‘Րաֆֆի Հովհաննիսյան. Սպասում ենք պարոն Սարգսյանին մինչև ապրիլի 9-ը, թույլ չտաք կեղծ երդում ‘

1670

Ոչ մեկը մեզ չի վռնդելու մեր քաղաքից, նա, ով սպառնա, ինքը պիտի վռնդվի դեպի արժանի վայր: Արարատում հանրահավաքի ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Արարատի քաղաքապետի այն հայտարարությանը, թե ինքը վռնդելու է Հովհաննիսյանին Արարատից: Այնուհետև նա քննադատել է Հանրապետական կուսակցությանը:

«Այն կուսակցությունը, որ Նժդեհ է մեջբերել, որ խոսել է Նժդեհի անունից, ով դատապարտում էր դավաճանությունը, սուտը, կեղծիքը որպես հակահայկական արժեքներ, հենց իրենք են, որ թշնամի են Նժդեհին՝ Նժդեհի խոսքը ասելով ու կենացը խմելով: Իրենց պահն անցել է, փետրվարի 18-ին հայ ժողովուրդը որոշել է, որ ինքն է գալիս իշխանության և իրենց հերթն է լինել փոքրամասնություն և պատասխան տալ սահմանադրության համապատասխան»,- նշել է Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ Արարատում են գրանցվել «տմարդի, բռնարար, հակասահմանադրական, հակազգային ընտրախախտումները»: Նա իշխանություններին կոչ է արել «դուրս գալ կուսակցականացված, կեղտախոս, ժողովրդին վերևից խոսելու սովորությունից»:

«Սպասում ենք պարոն Սարգսյանին մինչև ապրիլի 9-ը, թույլ չտաք կեղծ երդում, սա մեր ժողովրդի, հայրենիքի փորձությունն է, այսպես թե այնպես մենք ունենալու ենք նոր Հայաստանի հռչակումը»,- ասել է Հովհաննիսյանը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ տեղեկացրել է, որ հանդիպումների նպատակը ապրիլի 9-ին կայանալիք միջոցառումների մասին մարդկանց իրազեկելն է ու կոչ է արել մեկ մարդու պես ապրիլի 9-ին հավաքվել Ազատության հրապարակում:

Այժմ Րաֆֆի Հովհաննիսյանն ուղևորվում է Գոգավան, այնուհետև՝ մարզկենտրոն Արտաշատ:

Նախորդ հոդվածը‘Street dance-ի Հայաստանի առաջնությունը (տեսանյութ, ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Լեգենդար Beatles-ի երաժիշտների մակագրությամբ սկավառակը վաճառքի ռեկորդ է սահմանել’