‘Ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ է ներկայացվել Ֆրանսիայի ԱԺ’

410

Ֆրանսիայի Ազգային ժողովին է ներկայացվել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր նախագիծ, որի հեղինակը կրկին Բուշ դը-Ռոն շրջանը ներկայացնող պատգամավոր Վալերի Բուայեն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Nouvelle d\’arménie-ին տեղեկացրել է հայազգի փաստաբան Ֆիլիպ Գրիգորյանը: Նախագիծը հիմնված է Եվրոպայի խորհրդարանի կողմից ընդունված «Ցեղասպանության և ռազմական հանցագործությունների ժխտման քրեականացում» նախատեսող հոդվածի վրա։ Նոր նախագծով նախատեսվում է Հայոց ցեղասպանությունը ժխտողի նկատմամբ կիրառել 2 տարվա ազատազրկում կամ 45 հազար եվրո դրամական տուգանք:

Բուայեի և Գրիգորյանի համատեղ հեղինակած Ցեղասպանության քրեականացման մասին նախորդ օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Սենատի կողմից, սակայն երկրի Սահմանադրական խորհուրդն այն հակասահմանադրական էր ճանաչել: Հակասահմանադրական ճանաչված օրինագծով պատժաչափը կազմում էր 1 տարի ազատազրկում կամ 40 հազար եվրոյի տուգանք:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ևս բազմիցս խոստացել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրենք ընդունել: Իր այդ խոստումը նա վերահաստատել էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ նախորդ տարվա աշնանը Փարիզ կատարած այցի ժամանակ:

Նախորդ հոդվածը‘Արաֆաթի այրին իր ամուսնությունը մեծ սխալ է համարում’
Հաջորդ հոդվածը‘Զանգվածային ծեծկռտուք «Կրասնոդար» — «Դնեպր» խաղում. Տեսանյութ’