‘Փակ շուկան վերականգնելու որոշումը պիտի պաշտպանության նախարարությունը կայացներ. Մամուլ’

1038

«Չորրորդ ինքնիշխանությունը» իր «լուր-մեկնաբանություն» խորագրի ներքո գրում է.

«ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի նիստում որոշվել է ապամոնտաժել Փակ շուկայի նորակառույց հատվածը, իսկ հետագայում՝ վերականգնել շուկան:

«ՉԻ» — Մշակույթի նախարարությունն ակնհայտորեն «տեղը չի բերում»: Եթե հիշում եք՝ անցած տարվա մայիսին Սերժ Սարգսյանն անձամբ է ընտրողներին կոչ արել քվեարկել Սամվել Ալեքսանյանի օգտին: Բացի այդ էլ՝ Սամվել Ալեքսանյանի տիկնոջը պատկանող ձեռնարկությունները պետությանը որպես հարկ վճարում են մի քանի անգամ ավելի շատ, քան այդ նույն պետությունը՝ ՀՀ մշակույթի ամբողջ ոլորտին: Այլ կերպ ասած՝ իր այդ որոշմամբ մշակույթի նախարարությունը խարխլում է մեր պետականության հիմքերը: Եվ ընդհանրապես, եթե հաշվի առնենք ուժերի հարաբերակցությունը, ապա Փակ շուկայի նորակառույց հատվածը քանդելու որոշումը պիտի պաշտպանության նախարարությունը կայացներ:

Մնում է հուսալ միայն, որ մեզ այնուամենայնվի կհաջողվի խուսափել բախումներից: Կարծում ենք՝ առաջիկայում Մալաթիա-Սեբաստիա համայնքի մի խումբ 60-ն անց մշակույթի գործիչներ իրենց բողոքի ձայնը կբարձրացնեն մշակույթի նախարարության կամայականությունների դեմ, և հանրության կարծիքը հաշվի կառնվի»:

Նախորդ հոդվածը‘Սաակաշվիլի. Վրաստանը գտնվում է մեծ ճնշման ներքո’
Հաջորդ հոդվածը‘Աշոտ Ադամյան. Ավազակապետությունը մեզ չի սազում’