‘Փաստաբան. Աղբյուրի բացահայտումը բացասաբար է անդրադառնում լրատվամիջոցի վրա’

893

Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում շարունակվեց iLur.am-ի եւ «Հրապարակ» օրաթերթի բողոքի քննությունը: Նշենք, որ լրատվամիջոցները բողոքարկում են առաջին ատյանի դատարանի՝ լրատվության աղբյուրը բացահայտելու պահանջով կայացրած վճիռը:

Ավելի վաղ դատարանը որոշել էր չեղյալ համարել դատավարությունը դռնփակ անցկացնելու՝ ավելի վաղ կայացված որոշումը, իսկ նիստը հետաձգվել էր դատախազի՝ համապատասխան փաստաթուղթ չներկայացնելու պատճառով:

Այսօրվա դատական նիստին iLur.am-ի եւ «Հրապարակ»-ի ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանը, Լուսինե Հակոբյանը, Արմեն Խաչատրյանը եւ Արտակ Զեյնալյանը դատարանին ներկայացրին վերաքննիչ բողոքը: Մասնավորապես, Արմեն Խաչատրյանը մեջբերեց Եվրոպայի խորհրդի հանձնակատարների կողմից հաստատված դրույթները, որոնց առկայության պարագայում դատարանը կարող է պարտավորեցնել լրատվամիջոցին բացահայտելու աղբյուրը: Դրանք են՝

  1. Ծանր հանցագործության առկայություն
  2. Հանցագործություն, որը ուղղված է ազգային անվտանգության դեմ
  3. Առնչվում է հասարակության քրեաիրավական կենսական շահին
  4. Սպառված են վարույթն իրականացնող մարմնի բոլոր հնարավորությունները:

Փաստաբան Տիգրան Եգորյանը իր խոսքում անդրադարձավ դատական նիստը դռնփակ անցկացնելու մասին ավելի վաղ կայացված որոշմանը՝ նշելով, որ այն չի բխում օրենքից: iLur.am-ի ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանը մեջբերեց ՄԻԵԴ-ի որոշումը, որտեղ մասնավորապես նշվում է, որ աղբյուրի բացահայտումը բացասաբար է անդրադառնում լրատվամիջոցի վրա: «Քանի որ սույն գործը առնչվում է ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյային, ապա տեղեկատվության աղբյուր հանդիսացած մարդու վրա կարող են ճնշումներ իրականացվել եւ խոչընդոտել հետագա տեղեկատվության տրամադրման հարցում»,-նշեց Լուսինե Հակոբյանը:

Արտակ Զեյնալյանի խոսքով՝ նման պարագայում պատասխանատվություն է կրում ոչ թե լրատվամիջոցը կամ խմբագիրը, այլ նյութի հեղինակը՝ լրագրողը:

Կողմերը պահանջեցին ամբողջությամբ բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը:

Ներկայացված նյութերին ծանոթանալու համար դատախազ Հայկ Պետրոսյանը խնդրեց հետաձգել դատական նիստը. այն նշանակվեց սեպտեմբերի 22-ին, ժամը 15:00-ին:

Մանրամասները՝ քիչ անց:

 

Նախորդ հոդվածը‘Սերբիա-Ֆրանսիա ընկերական հանդիպումն ավարտվել է ոչ ոքի (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնայի» երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստի հաղթարշավը Ասիայում (տեսանյութ)’