‘Փաստաբան. Լյուքս Ստեփանյանի գործով դատարանը կանխակալ է ‘

844

Ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության գործով 17 տարվա ազատազրկման դատապարտված Դավիթ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ՀՀ վերաքննիչ դատարանում գործը քննող դատավորներին մեղադրեց օբյեկտիվ վերլուծություն չկատարելու եւ կողմնակալություն դրսեւորելու համար: Հայտնում է News.am-ը:

«Ի՞նչ է նշանակում՝ ցանկացած հասուն մարդ այդ հայհոյանքը պիտի վիրավորանք ընդուներ: Այսինքն՝ ձեզ մոտ արդեն կար համոզմունք, որ Դավիթը միանշանակ վիրավորվել է այդ հայհոյանքից առանց վելուծելու իրական պատճառները: Կամ մեկը չասեց՝ լավ, տղա ջան, որ եթե ուզում էիր կրակել, ինչի՞ մոտիկ չեկար, նոր կրակեիր, ինչի՞ մի հատ արդարացման հարց չի տրվում դատարանի կողմից, այսինքն տպավորություն է ստեղծվում, որ հարցերին Դավիթը չի կարողանում պատասխանել»,- վրդովված ասաց փաստաբանը, ինչին դատավորը հակադարձեց, որ իրենց հարցերում որեւէ միտում չկա:

Մեղադրող Արթուր Զաքարյանն էլ պատասխանելով փաստաբանի վերաքննիչ բողոքին, ասաց, որ այդ բողոքը չի բխում նախաքննության եւ դատաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներից, անհիմն է եւ ենթակա է մերժման:

Անդրադառնալով փաստաբանի՝ վերաքննիչ բողոքում բերված այն  հիմնավորմանը, որ Դավիթ Խաչատրյանը կատարվածից հետո դեպքի վայրում է մնացել, մեղադրողն ասաց. «Մենք գործ ունենք ամբաստանյալի աթոռին նստած մի մարդու հետ, որը հանցագործ չէ, ես ափսոսում եմ, որովհետեւ ինքը կարող էր կյանք մտնել եւ ավելի լուրջ օգուտ տար իր երկրին, իր ազգին, այնուամենայնիվ, կատարվել է դեպքը, ու այնքան տղամարդ պիտի լիներ, որ իր արածն ընդուներ, զղջար, ավելի մեղմ պատիժ խնդրեր: Բոլորի աչքի առաջ մարդ է սպանվել, ու իրեն չի հետաքրքրում, որ  մարդ մեռավ, ինքն ասում է «իմ ճակատագիրը խորտակվեց», այդ ի՞նչ մոտեցում է, կամ ո՞ւր պիտի փախչեր»:

Դավիթ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը խնդրեց նիստը հետաձգել եւ դատարան կանչել տուժող Հրաչյա Սարգսյանին՝ ցուցմունք տալու համար: Դատարանը բավարարեց փաստաբանի միջնորդությունը: Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 30-ին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Նախորդ հոդվածը
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայի նախագահը մտադիր է հանդիպել ՀԱԵ ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդի հետ’