‘Փաստաբան. Ֆինանսական բուրգի գործով մեղադրյալի վիճակը ծանր է’

1051

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի գլխավորությամբ շարունակվեց «Ֆինանսական բուրգի» գործով դատավարությունը: Ամբաստանյալ Արթուր Անդրեասյանի պաշտպան Համազասպուհի Գրիգորյանը միջնորդություն էր ներկայացրել իր պաշտպանյալի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ, որը սակայն մերժվեց դատարանի կողմից:

iLur.am-ի հետ զրույցում փաստաբանը հայտնեց, որ Արթուր Անդրեասյանի վիճակը կայուն ծանր է. նա իրեն շատ թույլ է զգում, չի կարողանում տեղաշարժվել եւ խոսել:

«Դատավորը դատական նիստի ժամանակ հայտարարեց, որ ենթադրվում է՝ Անդրեասյանի առողջական վիճակը լավացել է, քանի որ դատապարտյալների հիվանդանոցից տեղեկություն է ստացվել, որ պետք է տեղափոխվի Նուբարաշեն քրեակատարողական: Չնայած մասնագետների եզրակացությանը՝ դատավորը ինքը նիստի ժամանակ համոզվեց, որ Արթուր Անդրեասյանի վիճակը ծանր է, ինչի պատճառով գործի քննությունը հետաձգվեց մինչեւ փետրվարի 6-ը»,- նշեց փաստաբան Գրիգորյանը:

Տեղեկացնենք, որ Անդրեասյանը այժմ տառապում է գլխուղեղի հետին պատի անիֆրիզմայով, ինչի վերաբերյալ փաստաբանը պնդեց, որ  փորձաքննության նշանակումը պարտադիր է՝ հավելելով, որ  այսպիսի հիվանդության առկայության դեպքում մեղադրյալը չի կարող գտնվել անազատության մեջ, իսկ կայացված որոշումը պատրաստում է բողոքարկել, քանի որ ամբաստանյալը պարտավոր է գտնվել բժիշկների վերահսկողության տակ:

Հիշեցնենք, որ Արթուր Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բուքմեյքերական գործունեությամբ և արտարժույթի առուվաճառքով զբաղվելու արդյունքում հայտնվելով փաստացի անվճարունակ վիճակում, 2010թ. հունիսին որոշել է ՀՀ ԿԱ ոստիկանությունում ղեկվար պաշտոններ զբաղեցնող գնդապետ Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, վերջինիս որդու՝ Երևան քաղաքում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների հետ ունեցած մտերմության ու դրանով պայմանավորված իր անձի նկատմամբ շրջապատում ձևավորված վստահության շահարկմամբ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ձեռնարկատիրական գործունեության մեջ ներդնելու և դրա դիմաց շահույթներ ստանալու պատրվակով հափշտակել տարբեր քաղաքացիների առանձնապես խոշոր չափերով գումարները և ձեռք բերել իրավունք նրանց անշարժ գույքի նկատմամբ։

Ի դեպ, սա այն պատմությունն է, որի հետևանքով աշխատանքից ազատվեց Ներսիկ Նազարյանը: 

Նախորդ հոդվածը‘Պան Գի Մունը Իրանին հրավիրել է մասնակցելու Սիրիայի հարցով բանակցություններին’
Հաջորդ հոդվածը‘Ի գիտություն Ռուսաստան մեկնողների’