‘Փարկուր. Ապրելակերպ, որի համար չկան սահմաններ, այլ գոյություն ունեն միայն խոչընդոտեր’

1921

8 տարի առաջ Նարեկ Ավոյանը 14 տարեկան հասակում սիրում էր թռչել ավտոտանկների տանիքներից, հաղթահարել խոչընդոտները, այն ժամանակ նա չգիտեր, որ Դեվիթ Բելն ու Սեբաստիան Ֆուլակը դեռ 1980-ական թվականներից սկսած առաջ էին քաշել շարժում՝ ապրելակերպ, որը ենթադրում էր իրենից քաղաքային պայմաններում տեղաշարժման արվեստ:

«Փարկուրը սպորտաձև չէ, այլ ապրելակերպ է: Ինչու չի համարվում սպորտաձև, քանի որ դու մրցակից չունես, քո միակ մրցակիցը դու ինքդ ես: Դու ունես վախեր, որոնք պետք է հաղթահարել: Փարկուրի փիլիսոփայությունը նրանում է, որ չկան սահմաններ, կան միայն խոչընդոտներ: Երբ դու կանգնած ես բարձր տեղ ու որոշում ես այդտեղից ցակտել, բանականաբար, դու ունես վախ, պետք է ուժ գտնել ու կարողանալ, արդյունքում դու հաղթող դուրս կգաս: Ստացվում է` դու ինքդ քեզ հաղթեցիր»,- iLur.am-ի հետ զրույցում պատմում է Փարկուրի հայաստանյան ֆեդերացիայի նախագահ Նարեկ Ավոյանը, ով մինչ այժմ արդեն իսկ տարել է ոտքի երկու վիրահատություն փարկուրի ժամանակ սխալ վայրէջք կատարելու հետևանքով:

Նրա պնդմամբ՝ ինքը փարկուրի հնարքներն սովորել է միայն բազմաթիվ վնասվածքների ու կոտրվածքների արդյունքում, քանի որ չի ունեցել ուսուցիչ: Իսկ այժմ, երբ 2011 թվականից հիմնել է Փարկուրի հայաստանյան ֆեդերացիան, ունի սաներ, որոնց հետ պարապունքներ է անցկացնում մարզասրահում՝ դարձնելով փարկուրով զվաղվելը գրեթե անվնաս, թեև Նարեկի խոսքով՝ իսկական թրեյսեր, այսինքն` փարկուրով զբաղվող, կարելի է դառնալ միայն փողոցային պայմաններում՝ ասֆալտի վրա: Նարեկը նկատում է, սակայն, որ ցանկացած սպորտաձևով զբաղվելն էլ կարող է վնասվածների պատճառ դառնալ, փարկուրն էլ բացառություն չէ:

Նարեկը պատմեց նաև, թե ինչ խելահեղ բաներ է արել՝ լինելով թրեյսեր: «Ընկերուհուս տարեդարձին, գիշերով բարձրացել էի իրենց տուն՝ 3-րդ հարկ, լուսամուտից ներս էի մտել, ծաղկեփունջ դրել սենյակում ու աննկատ հեռացել: Առավոտյան նկատելով ծաղկեփունջը՝ թե՛ ընկերուհիս, թե՛ իր ծնողները զարմանքի մեջ էին, թե ինչպես էի կարողացել անաղմուկ մտնել տուն»,- պատմում է թրեյսերը՝ հիշելով մի դեպք ևս, թե ինչպես է օգնել իր հարևաններից մեկին, ով տան բանալին մոռացել էր, իսկ դուռը փակ էր, իսկ տանը մնացել էր փոքրիկ երեխան: Նարեկի հարևանը որոշել էր կանչել ԱԻՆ փրկարարներին, սակայն Նարեկը կարողացել է մագլցել 3-րդ հարկ և ներս մտնելով բնակարան՝ բացել դուռը:

Թրեյսեր Նարեկի խոսքով՝ փարկուրով զբաղվողն առաջին հերթին կամքի ուժ պետք է ունենա, լինի համարձակ ու մի քիչ էլ խենթ: Նրան փարկուրը տվել է արագ կողմնորոշվելու ունակություն, իսկ հայտնվելով արտակարգ իրավիճակներում՝ սկսել է ավելի սթափ դատել:

Այժմ Փարկուրի ֆեդերացիան օրեցօր ընդլայնվում է, կան բազմաթիվ հրավերներ տարբեր երկրներից, նախատեսվում են օտարերկրյա գործընկերների հետ համատեղ միջոցառումների անցկացում: Ֆեդերացիան նախատեսում է միջազգային ցուցադրություններ կազմակերպել Երևանում, որին կհրավիրվեն թրեյսերներ ամբողջ աշխարհից, նախաձեռնելու են նաև բարեգործական ցուցադրություններ` քաղցկեղով հիվանդ երեխաներին օգնելու նպատակով:

Պատրաստեց Լիլիթ Լալայանը

Լուսանկարները տրամադրել է Հայաստանի փարկուրի ֆեդերացիան

Նախորդ հոդվածը‘Norway Chess 2013. Կարյակինը դարձավ հաղթող. Արոնյանը 5-րդն էր’
Հաջորդ հոդվածը‘Մահացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Ստեփան Միրզոյանը’