‘Փիառ-ը «Խիյար»-ից տարբերելու ժամանակը’

2297

Սերժ Սարգսյանի քարոզչական թիմն այնքան է զբաղված նախագահական ընտրությունները մրցակացային ցույց տալու ծանր գործով, այնպես են խառնվել իրար, որ մարդիկ գոնե գնան քվեարկելու (ընդ որում՝ որ ամենաուշագրավն է՝ առաջնորդվում են «կարեւոր չէ՝ ում, միայն թե գնացեք եւ քվեարկեք» սկզբունքով), որ Սարգսյանի փիառի մասին կարծես թե այնքան էլ հոգ չեն տանում: Միայն հիշենք անցած նախագահական ընտրությունները՝ այդ ժամանակաշրջանը: Ընդդիմության մի մասն արդեն բանտերում էր, փողոցներում երթ անել չէր լինում, հանրահավաքները իրար հերթ չէին տալիս: Մի խոսքով, հայաստանյան նախագահական ընտրությունների շունչն ամենուր էր: Այս անգամ, սակայն, փաստացի մնալով մեն-մենակ՝ սարգսյանական թիմի գերնպատակը դարձել է ընտրությունների գոնե իմիտացիա ստեղծելը: Ու քանի որ բուն քարոզարշավի վրա մեծ ջանք ու եռանդ վատնելու կարիք չկա, սարգսյանական թիմը որոշել է նախագահական ընտրություններում կիրառել անցած տարի Ավանում անցկացված ԱԺ լրացուցիչ ընտրությունների փորձը: Իշխանական թեկնածուն այժմ, հատկապես՝ մայրաքաղաքում, հանրահավաքներ չի անցկացնում: Նրա հանդիպումները անցնում են հիմնականում փակ դահլիճներում, այն լուսաբանելու համար հատուկ պետք է հավատարմագրվել, իսկ Յերկիր կայքի փորձը փաստացի ցույց է տվել, որ անգամ հավատարմագրվածներից ոչ բոլորին է հաջողվում մուտք գործել դահլիճ, այնտեղ հավաքում են հիմնականում հանրապետականներին, եւ իրար ջան են ասում, ջան լսում: Իսկ ահա մարզերում մի փոքր ուրիշ է: Այնտեղ՝ մայրաքաղաքից հեռու, սարգսյանական թիմը մեծ ջանք չի ներդրել նույն տեղեկատվական զգուշավորությունն ապահովելու համար: Ու այդ իսկ պատճառով, եթե որեւէ չնախատեսված լրագրողի հաջողվում է «բռնացնել» Սերժ Սարգսյանին որեւէ քաղաքացու հետ զրուցելիս, կիքսեր են, որ հայտնվում են. էլ լոդր, էլ թամբալ, էլ խիյար եւ այլն: Ի դեպ, «խիյարի» պահով: Այս կիքսից հետո Սարգսյանի թիմի ներկայացուցիչները փորձում են չվհատվելով հայտարարել, թե որեւէ խնդիր այդտեղ չկա, եւ որ Սարգսյանն ուղղակի անմիջական շփում է ունենում մարդկանց հետ: Փաստորեն, ինչպես տեսնում ենք, սարգսյանական թիմը պոստֆակտում փորձում է «խիյարը» վերածել փիառի: Բայց խնդիրն էլ հենց այդ է, որ ամեն դեպքում՝ «խիյարային» փիառով որեւէ մեկին չես խաբի: Այո, պոստֆակտում սարգսյանական թիմը փորձում է փիառ անել Սարգսյանի կիքսերի վրա՝ դա ներկայացնելով որպես անմիջական շփում: Իբր՝ տեսեք, Սերժ Սարգսյանը, ով սովորաբար գրական հայերենով սիրուն ելույթներ է ունենում, մարդկանց հետ շփվելիս մի կողմ է թողնում գրական հայերենը եւ իր բարձունքից իջնելով՝ մարդկանց հետ անմիջական շփում է ունենում «հասարակ մահկանացուների լեզվով»: Սարգսյանական փիառ թիմը, սակայն, այդպես էլ չհասկացավ, որ քաղաքական գործիչների՝ մարդկանց հետ անմիջական շփումների ժամանակ ամենակարեւոր բանը ոչ թե բուն խոսքն է, այլ այն, թե որքանով է խոսքը ասվում տեղին: Օրինակ՝ եթե նույն «խիյար» կամ լոդր բառերը ասվեին լիովին այլ հանգմանքներում, հնարավոր է, որ լիովին համահունչ լինեին իրավիճակին, մարդիկ կխնդային, կանցներ կգնա: Սակայն, խնդիրն էլ հենց այն է, որ խոսքերը չեն ասվել ճիշտ տեղում, ճիշտ պահին: Սարգսյանի խնդիրը ոչ թե, կամ ոչ այնքան այն է, որ նա չգիտե՝ ինչ պետք է ասել, այլ հիմնականում այն, որ նա չգիտե, թե հատկապես որտեղ ինչ է պետք ասել: Արդյունքում էլ ստացվում է այն, որ նա Եռաբլուրում իրեն լացելով մոտեցած կնոջն ասում է, թե «ինչի՞ ես եկել մեր տոնը փչացնելու», գյուղացուն ասում է՝ «տենց եք մտածում, որ խիյարը ծուռ է բուսնում», մեկ այլ մարդու հետ խոսում է դու-ով, ու կիքսերը կիքսերի հետեւից շաղ տալով՝ քարոզարշավ է անում:

Հ.Գ. Ի դեպ, Սերժ Սարգսյանի թեթեւ ձեռքով, «խիյարը» դարձել է համացանցի ակտիվ օգտատերերի հիթը: Գրեթե չկա մեկը, ով «խիյարի» մասին մի կոլաժ կամ գոնե մի ստատուս չգրի: Չեբուռաշկայից ու Մովսեսից հետո «խիյարը», փաստորեն, դարձել է քաղաքական ամենաշրջանառվող բառը:

Քրիստիե Խանումյան

«Չորրորդ Ինքնիշխանություն» 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ում 6-ամյա երեխային առևանգած տղամարդը թույլ է տվել նրան դեղորայք փոխանցել’
Հաջորդ հոդվածը‘Ճապոնիայի վարչապետը սահմանադրական փոփոխություններ է նախապատրաստում’