‘Փոխվում են միայն կամակատարների անունները’

1797

Օրերս Հյուսիսային պողոտայում մի շուն հարձակվել ու հոշոտել է զբոսանքի դուրս բերված մեկ այլ շան։Ականատեսներին, սակայն, զարմացրել էր ոչ այնքան միջադեպը, որքան դեպքին ներկա ոստիկանների անգործությունը:

Իհարկե, գզվռտոցին չմիջամտած ոստիկանները որևէ մեղավորություն չունեին: Այդ մարդիկ ինչ իմանային, որ բացի ընդդիմադիրներից նաև շներն էլ կարող են հասարակական կարգ խախտել: Նրանց համապատասխան հրահանգ տրված չէր, իրենք էլ չգիտեին, որ իրենց պարտականությունը հասարակական կարգի  պահպանումն է ցանկացած միջադեպից:

Հայաստանում արդեն շատ վաղուց ոստիկանները կատարում եմ ոչ թե իրենց պարտականություններն, այլ իշխող շրջանակների ապօրինի հրահանգները: Սակայն փորձը ցույց է տալիս, որ լինում են դեպքեր, երբ իրավապահների ուշադրությունը շների նկատմամբ մեծանում է: Իհարկե դա տեղի է ունենում միայն այն ժամանակ, երբ մարդկանց լավագույն ընկերները ինչ-որ կերպ առնչվում են ընդդիմադիրների հետ: Այդպես տեղի ունեցավ 2011 թվականին, երբ, հակառակ ձեռբակալված ընդդիմադիր երիտասարդների պնդման, որ իրենք փորձել են օգնել ապօրինաբար խուզարկության ենթարկվող երիտասարդին, Ալիկ Սարգսյանի ղեկավարած ոստիկանությունն առաջ քաշեց մի վարկած, ըստ որի, իբր, հատուկջոկատայինները նկատել են հասարակական կարգ խախտող, առանց դնչկալի մի շուն և, ինչպես միշտ, շտապել են զգուշացնել ու կարգի հրավիրել շրջապատի համար ակնհայտ վտանգ ներկայացնող շանն ու նրա տիրոջը: Վարկածը դրվեց շրջանառության մեջ և այն ավելի հավաստի դարձնելու համար ոստիկանները սկսեցին համատարած տեռորի ենթարկել շներին առանց դնչկալ ման տվողներին:

Սակայն հասարակական կարգի նմանատիպ պահպանության վերջը շատ արագ եկավ: Քանի որ «Դնչկալ» շոու-օպերացիան իրականացվում էր Կենտրոնում, որտեղ շուն ման տալու սովորություն ունեն տարբեր ուժեղ «պապաների» երեխաներն ու հենց «պապաները», ոստիկանների մարդասիրական գործողությունները սկսեցին հանդիպել հասկանալի խոչընդոտների և դնչկալները շատ արագ մոդայից դուրս եկան: 

Եվ ահա, ընդամենը երկու տարի անց, քաղաքի ամենամարդաշատ և իրավապահների կողմից ամենահսկվող պողոտայում արդեն Վովա Գասպարյանի կողմից հրահանգավորված ոստիկանները ոչ միայն չեն զգուշացնում վտանգավոր շան տիրոջը դնչկալի անհրաժեշտության մասին, այլ նաև բացարձակ անտարբերությամբ են հետևում մարտական շան գործողություններին, վերջում էլ անցորդներին սարսափեցրած շանն ու նրա տիրոջը թույլ են տալիս հանգիստ հեռանալ: Դեպքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հասարակական կարգի պահպանություն ասվածը նույքան հեռու է ոստիկանությունից, ինչպես Սերժ Սարգսյանը հեռու է լեգիտիմությունից:

Ինչպես տեսանք, մի դեպքում շների խնդրին բավարար ուշադրություն չի արժանանացնում Ալիկ Սարգսյանի ղեկավարած ոստիկանությունը, որ օր ու գիշեր զբաղված էր ընդդիմադիրների որսով, իսկ մյուս դեպքում՝ հասարակական կարգի պահպանությունը կրում է զուտ ձևական բնույթ, քանի որ Վովա Գասպարյանի գլխավորած կառույցի վրա դրված է ծանրագույն` «ընտրությունների կեղծման կարգը պահպանելու» պարտականությունը: Երկու դեպքում էլ ոստիկնությունը չի կատարում իրեն օրենքով վերապահված գործառույթները, քանի որ իր ողջ ներուժով լծված է Սերժ Սարգսյանի իշխանության պահպանման և վերարտադրման գործին: Եվ այստեղ արդեն որևէ նշանակություն չունի ոստիկանապետրի անձը: Ում էլ նշանակեն այդ պաշտոնում, նա մնալու է վարչախմբի հլու կամակատարը, ինչպիսին էր Ալիկ Սարգսյանը, ինչպիսին է Վովա Գասպարյանը, ինչպիսին և կլինի հաջորդ ոստիկանապետը, օրինակ` Պոլիփեդ Ուրաքյանը:

 

Արեգ Գեւորգյան 

 

 

Նախորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյանի սարսափելի երազը. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Գլոբալ տաքացումը սպառնում է ոչնչացնել կենդանիների և բույսերի հազարավոր տեսակներ’