‘Փորձագետ. «Զվարթնոցի» հին շենքը քանդելն ու նորը կառուցելը վերանորոգելուց 10-15 անգամ թանկ կարժենա’

802

«Զվարթնոց» օդանավակայանի հին, կլոր շենքի ճակատագիրը դեռ անորոշ է: Նոր տերը, որը օդանավակայանը 2002թ. վարձակալել է 30 տարի ժամանակով, որոշել է այն քանդել:

Պատճառաբանությունը, թե շենքը վթարային է եւ անպիտան, ճարտարապետները համարում են անգրագիտություն։

«Կարելի է ասել, որ Երեւանի շենքերի 80 տոկոսը նույն վիճակում են, ինչպես եւ «Զվարթնոց» օդանավակայանը»,- «Ա1+»-ին ասել է «Հայնախագիծ» ԲԲԸ տնօրեն Գրիգոր Ազիզյանը։
Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի կարծիքով էլ մնում է, որ մենք նոր մայրաքաղաք ունենանք բոլորովին նոր կառույցներով:

«Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքը, որ ժամանակին բոլոր հայերի հպարտությունն էր, կառուցվել է 1961թ։ Այն դադարել են շահագործել 1982թ.ից, սակայն մինչեւ 2000թ. եղել է պատմամշակութային հուշարձանների պահպանության ցանկում: Այն ցանկից հանվել է Երեւանի քաղաքապետարանի որոշմամբ։

«Հայնախագիծ» ընկերության տնօրեն Գրիգոր Ազիզյանը վստահեցնում է` «Զվարթնոց»-ի հին շենքը կառուցվել է ժամանակի պահանջներին համահունչ, որոնք փոփոխության են ենթարկվել 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո: Ճարտարապետը վստահեցնում է՝ այսօր ընդամենը 10-12 մլն ԱՄՆ դոլար է անհրաժեշտ հին շենքը վերանորոգելու համար. «Դա այն գումարը չէ, որի մասին կարելի է խոսել, քանի որ քանդել ու վերակառուցելը 10-15 անգամ ավելի թանկ կարժենա»:

Ճարտարապետները կոչ են անում մրցույթ հայտարարել, եւ հանրությանը հնարավորություն տալ որոշել «Զվարթնոց»-ի հին շենքի ճակատագիրը:

Տվյալ դեպքում հերթական հարուստ մարդը արգենտինահայ գործարար, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ի սեփականատեր Էդուարդո էռնեկյանն է, ում ձեռքում հայտնվել է Զվարթնոցի ճակատագիրը։

Ավելին

Նախորդ հոդվածը‘Վիճակագրություն. Իտալիան ԵՐԲԵՔ չի պարտվել ԱԱ ընտրական փուլի տնային խաղերում’
Հաջորդ հոդվածը‘Պոլիտեխնիկի դասախոսներին կվերադարձվեն նախկին աշխատավարձերը’