‘Փորձագետ. Կառավարության որոշումն անլուրջ մոտեցման հետեւանք է’

3558

iLur.am-ի հետ զրույցում ասում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախակին նախարար, իրավագիտության թեկնածու, դոցենտ Գեւորգ Պետրոսյանը

Պարոն Պետրոսյան, վերջերս լուծարվեց ՀՀ աշխատանքի տեսչությունը, եւ արդյունքում՝ այն քաղաքացիները, որոնք աշխատանքային խնդիրներ ունեն, ըստ էության, մնացել են «օդի մեջ» կախված վիճակում, քանի որ չկա այն մարմինը, որտեղ դիմում էին նման դեպքերում: Դուք ի՞նչ կարծիք ունեք այս առթիվ:

— ՀՀ կառավարությունը 2013թ. հուլիսի 25-ին ընդունել է մի որոշում, որի համաձայն` ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը վերակազմակերպվեց Առողջապահության նախարարության սանիտարական հսկողության պետական տեսչության հետ, եւ պետք է դառնա միասնական կառույց` Առողջապահության պետական տեսչություն, որը պետք է գործի Առողջապահության նախարարության կազմում: Ի սկզբանե պետք է ասեմ, որ այդ տեսչության գործունեությունն այդ նախարարության կազմում այնքան էլ ճիշտ չէ, քանի որ ՀՀ-ի կողմից դեռեւս 2004թ. վավերացված Աշխատանքի պետական տեսչության մասին Կոնվենցիայի համաձայն,` տեսչությունը պետք է գործի պետության կենտրոնական իշխանության վերահսկողության ներքո: Իսկ կենտրոնական իշխանություն ասելով՝ ես հասկանում եմ, տվյալ դեպքում, գործադիր իշխանությունը`  ՀՀ կառավարությունը: Այստեղ, սակայն, հիմնական խնդիրն այն չէ, թե տեսչությունը ո՛ր մարմնի կազմում կգործի, ավելի կարեւոր է, որ այդ մարմինն իսկապես գործի եւ հետեւողական լինի օրենքով իրեն վերապահված լիազորությունները պատշաճ իրականացնելու հարցում: Բայց որ այդպիսի մարմին անհրաժեշտ է՝ այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող: Աշխատանքի պետական տեսչությունը, չունենալով օրենքով ամրագրված իրավապաշտպան գործառույթ, այնուամենայնիվ, իր գործունեությամբ նպաստում էր աշխատողների խախտված կամ վիճարկվող աշխատանքային իրավունքների պաշտպանությանը: Նրա գործառույթների մոտ 80 տոկոսն ուղղված էր հենց աշխատողների իրավունքների պաշտպանությանը: Այս պահի դրությամբ, փաստացի՝ այդպիսի մարմին չի գործում, մինչդեռ նման հրատապ որոշոմից առաջ կառավարոթյունը պետք է նախապես հոգ տաներ իներցիոն շրջանի համար, ունենար փոխարինող միջոցներ կամ, ինչպես երբեմն ասում են` գործիքներ` մինչև նոր համակարգի լիարժեք գործարկումը:

Եվ այս իրավիճակում ի՞նչ պետք է անեն այն աշխատողները, որոնց իրավունքները խախտվել են:

-ՀՀ Աշխատանքային օրենսգրքի համաձայն` աշխատողների իրավունքների պաշտպանությունն իրականացվում է հասարակական ու դատական կարգով: Հասարակական կարգով աշխատանքային իրավունքների պաշտպանությունն իրականացնում են արհեստակցական միությունները: Սակայն կարծում եմ` ինքներդ էլ գիտեք, թե որքան ցածր է արհմիությունների ներկայիս կշիռը հասարակական ու պետական կայքում: Արհմիություններն իրենց մի քանի լիազորություններից զրկվելու պատճառով, արդյունավետ չեն իրականացնել մարդկանց աշխատանքային իրավունքների պաշտպանությունը: Կա նաև մարդկային կապիտալի, այսինքն`  անբավարար աշխատանքային ռեսուրսների խնդիրը. երբ արհմիությունների որոշ հաստիքային պաշտոնյաներ իրենց հիմնական առաքելությունը համարում են անպտուղ սեմինարների ու կոնֆերանսների կազմակերպումն ու դրանց  մասնակցությունը: Ես գիտեմ դեպքեր, երբ արհմիությունները, աշխատողների իրավունքների պաշտպանության փոխարեն, ընդհակառակը, քայլեր են անում նրանց դեմ` հօգուտ գործատուի: Սա գալիս է նրանից, որ արհմիությունները մեզանում սխալ կոնցեպցիայով են աշխատում: Արհմիությունները չպետք է կախված լինեն գործատուների կամքից: Նրանք չպիտի հիմնականում սնվեն գործատուի միջոցներով, քանի որ այդպիսով կանխորոշվում են նրա գործողությունները: Այս պայմաններում աշխատանքային  իրավունքների պաշտպանության միակ ատյանը մնում է դատարանը: Սակայն դատարաններն այսօր աշխատում են գերծանրաբեռնված, եւ շատ լավ կլիներ, եթե լիներ մի մարմին, որը կիսեր  աշխատանքային իրավունքների պաշտպանության բեռը: Այդ մարմինը աշխատանքի պետական տեսչությունն էր: Շատ են եղել դեպքեր, երբ տարաձայնությունները լուծվել են տեսչությունում, եւ բանը չի հասել դատարան: Ես չէի ասի, թե Տեսչությունն աշխատել է լիովին անսխալ, կամ նա աշխատողները երբեևէ չեն հարուցել պատժիչ օրենսդրության զայրույթը, բայց մի ամբողջ համակարգ մի հարվածով տապալելը նույնպես ընդունելի չէր:

Այդ դեպքում ի՞նչ իմաստ ուներ կառավարության կողմից վերացնել Աշխատանքի պետական տեսչությունը:

— Որքանով գիտեմ` դա եղել է համաշխարհային բանկի կողմից ներկայացվող պահանջ, որպեսզի հնարավորինս սեղմվեն գործարար աշխարհի նկատմամբ հսկողություն, վերահսկողություն իրականացնող պետական մարմինները: Այսինքն` գործարար աշխարհի նկատմաբ պետական վարչարարության բեռը թոթափելու համար է արվել դա: Սակայն ներկայիս աշխարհում, որտեղ գերակա է մարդն` իր իրավունքներով, չպետք է գործարար միջավայրի բարելավումներն արվեն աշխատողների իրավունքների հաշվին: Եթե անգամ կար գործարար միջավայրում ավելորդ, անհարկի վարչարարությունը կրճատելու անհրաժեշտություն, ապա վստահաբար կարող եմ պնդել, որ դա չէր կարելի անել Աշխատանքի պետական տեսչությունը վերացնելու և աշխատողների իրավունքների պաշտպանության երաշխիքները կտրուկ նվազեցնելու հաշվին: Էլ չեմ խոսում  զուտ իրավաբանական սխալների մասին, երբ, օրինակ` արդեն շուրջ երեք ամիս է, ինչ տեսչությունն իրավաբանորեն լուծարվել է, սակայն այդ նույն տեսչության մասին օրենքը դեռ շարունակում է գործել:

Դուք խոսեցիք աշխատանքային իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու իրավունքի մասին: Աշխատանքային իրավունքի խախտման մի աղմկահարույց օրինակ էլ եղավ կառավարության կողմից, երբ աշխատանքից ազատվեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանը: Նա հիմա կառավարության այդ որոշումը բողոքարկել է դատարան: Տեղյա՞կ եք այդ գործից ,և Ձեր տեսակետը՝ այդ աղմկահարույց գործի մասին:

— Որքանով տեղյակ եմ այդ գործի մանրամասներից, կառավարության որոշման հիմքում վկայակոչվել է ՀՀ քաղծառայության մասին օրենքի 33 հոդվածի այն կետը, որը նախատեսում է պաշտոնից ազատում` քաղծառայողի` քաղաքական կամ հայեցողական պաշտոնի ընտրվելու կամ նշանակվելու դեպքում: Այսինքն` կառավարության որոշումից առաջ պետք է լիներ համապատասխան պաշտոնում նշանակվելու կամ ընտրվելու մասին անհատական իրավական ակտ: Ես որքան տեղյակ եմ, կառավարության լիազոր ներկայացուցիչը հայտարարել է, թե մինչեւ կառավարության որոշումը, Վահե Էլոյանից ստացվել է դիմում` աշխատանքից ազատվելու եւ այլ աշխատանքի փոխադրվելու մասին: Բայց, որքան գիտեմ, այդ դիմումը որեւէ մեկն այդպես էլ չի տեսել: Եթե կա, պետք է այդ դիմումը ներկայացվեր դատարան: Եթե չի ներկայացվել, ուրեմն կարելի է ենթադրել, որ այդպիսին գոյություն չունի և չի ունեցել: Կառավարությունը, մինչեւ այդ դիմումը և այդ հիման վրա արձակված անհատական իրավական ակտը` հրամանը, ձեռքի տակ չունենար, չպետք է Էլոյանին աշխատանքից ազատելու որոշում կայացներ: Այլապես՝ կարող է մի օր էլ նախարարը կառավարությանը միջնորդել աշխատակազմի ղեկավար նշանակել մեկին, ում հոգին վաղուց սավառնում է հավերժության մեջ, եւ կառավարությունը, առանց ճշտելու` նման մարդ կա, թե ոչ, համապատասխան որոշում կայացնի: Եթե անգամ եղել է դիմում, ապա այն բավարար չէ կառավարության համար` կայացնելու նման որոշում: Դիմումին զուգահեռ՝ պետք է լիներ այդ անձնավորությանն այլ աշխատանքի նշանակելու մասին անհատական իրավական ակտը: Ավելին, եթե բացակայում է գրավոր դիմումը, ապա անգամ նշանակման հրամանի առկայության դեպքում էլ, եթե տվյալ անձը չի տվել իր համաձայնությունը, ապա նրա և գործատուի միջև նոր աշխատանքային հարաբերություններ չեն ծագում: Աշխատանքային իրավահարաբերությունների ծագումը կամային գործարք է, և դրա համար միայն մեկ կողմի կամարտահայտությունը բավարար չէ: Այլապես,կարող է ստացվել, որ հիմա, օրինակ` Երևանի պետական կրկեսի տնօրենը, առանց իմ անունից գրավոր դիմումի, մի գեղեցիկ հրաման ստորագրի ինձ Վայրի կենդանիների վարժեցման բաժնի ղեկավարի պաշտոնում նշանակելու վերաբերյալ, կամ մեր նամակատարն առավոտյան ինձ հանձնի մշակույթի նախարարի հրամանը ինձ դիրիժոր Լորիս Ճգնավորյանի օգնական նշանակելու մասին, սա ինչպե՞ս կարող է իմ և հիշյալ հիմնարկների ու պաշտոնատար անձանց միջև առաջացնել աշխատանքային իրավահարաբերություններ: Իհարկե, չի կարող:

-Այսինքն` կարելի է ենթադրել, որ կառավարությունն ու սպորտի նախարար Յուրի Վարդանյանը անլուրջ մոտեցո՞ւմ են ցուցաբերել` այդ որոշումը կայացնելիս:

— Ես չէի ցանկանա վիրավորական արտահայտություն անել որեւէ մեկի հասցեին, բայց որ տեղի ունեցածն անլուրջ մոտեցման հետեւանք է, դա` միանշանակ: Ուրիշ ի՞նչ բնորոշում է վայել, երբ բարձրաստիճան պաշտոնյան կարողանում է մի ամբողջ կառավարության մոլորության մեջ գցել, կառավարությունն է այդպես հեշտ ու հաճույքով մոլորվում է: Իմ կարծիքով՝ ավելին ասելը կոռեկտ չէ` հաշվի առնելով գործը դեռևս դատարանում գտնվելու հանգամանքը:

— Իսկ Ձեր պաշտոնավարման ժամանակ նման դեպքեր չե՞ն եղել:

— Ոչ: Ոչ միայն նման դեպքեր չեն եղել, այլեւ` ես հետամուտ եմ եղել, որպեսզի պաշտպանվեն քաղաքացիների սոցիալ-տնտեսական բոլոր իրավունքները, այդ թվում եւ` աշխատանքային իրավունքները: Սոցիալական արժեքների հիմքը աշխատանքն է, եւ եթե մարդը չունի աշխատանք, թղթի վրա են մնում նրա մյուս իրավունքները:

— Ի դեպ, կենսաթոշակների յուրացման գործով այսօր ամբաստանյալի կարգավիճակում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կազմում գործող Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանը: Հայտնաբերված չարաշահումների մի մասը վերաբերում է Ձեր պաշտոնավարման ժամկետներին: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հանգամանքը. Ձեզ հայտնի՞ էր, թե ինչ է կատարվում այդ ծառայությունում:

— Ես հարգում եմ անմեղության կանխավարկածը, բայց և խիստ բացասական եմ վերաբերվում կատարվածին: Եկեք մի պահ մոռանանք, թե ովքեր են անձերը: Խաչիկյանը չլինի, լինի ուրիշը: Բայց անթույլատրելի է կարիքավոր մարդկանց համար նախատեսված միջոցները ծառայեցնել սեփական շահերին: Անթույլատրելի է պետական բյուջեի միջոցներն օգտագործել սեփական բարեկեցությունն ապահովելու համար: Իհարկե, այն ժամանակահատվածը, որի ընթացքում կատարվել են չարաշահումները, տեւական ընթացք է եղել եւ ընդգրկում է ոչ միայն իմ, այլեւ ինձանից առաջ ու ինձանից հետո նշանակված նախարարների պաշտոնավարման ժամանակահատվածը: Այստեղ ոչ թե կարեւոր է` ում պաշտոնավարման ժամանակահատվածին  է բաժին ընկնում կատարվածը, այլ`  թե ովքեր են չարաշահման իրական մեղավորներն ու նրանց հանցակիցները:

— Որպես նախարար՝ չէի՞ք կարող վերահսկել ու թույլ չտալ Խաչիկյանին նման գործողություններ անել: Ինչպե՞ս կարող է նախարարը տեղյակ չլինել, թե ինչպես են հսկայական գումարներ յուրացվում:

— Եթե դա արվել է գաղտնի, արվել է մի քանի մարդու ձեռքով, նրանց տրամադրության տակ եղած ռեսուրսներով, ուրեմն` հնարավոր է նաև, որ նախարարը տեղյակ չլիներ: Ես ուղղակի չեմ ուզում կարծել, որ որեւէ նախարար կարող էր  տեղյակ լինել այդ ամենից ու միջոցներ չձեռնարկել` այն կանխելու համար: Համենայնդեպս, անմեղության կախավարկածի նկատմամբ հարգանքի տուրքը չի ներառում մեղավորության կանխավարկածի բացառումը, և եթե կան նաև այլ մեղավորներ, ովքեր այդ միջոցների հաշվին դեռ շարունակում են սրբի անվան տակ ըմբոշխնել երկրային կյանքի հաճույքներն  ու չարախնդալ Խաչիկյանի բախտին, ապա, ի վերջո, հանցանքի հետքերը մի օր տանելու են նաև նրանց դռները, իսկ այդպիսի որոնումները փակ դռներ չեն ճանաչում…

Արման Գալոյան

 

Նախորդ հոդվածը‘Նիկոլայ Ծատուրյանը Հասմիկ Պողոսյանի մոտ էր ‘
Հաջորդ հոդվածը‘Հասմիկ Պողոսյանը հրաժարվել է ընդունել Նիկոլայ Ծատուրյանին’