‘Հասմիկ Պողոսյանը հրաժարվել է ընդունել Նիկոլայ Ծատուրյանին’

2483

Հայաստանի ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը չի պատրաստվում ինքնակամ ազատվել Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից: Այդ մասին մշակույթի նախարարության շենքից դուրս գալուց հետո iLur.am-ի թղթակցի հետ զրույցում  հայտարարեց արտիստը:

Ծատուրյանին այսօր հրավիրել էին մշակույթի նախարարի մոտ` առանց պաշտոնապես հրավերի նպատակի մասին տեղեկացնելու: Սակայն նախարարի ընդունարանում ժողովրդական արտիստին հայտնել են, որ Հասմիկ Պողոսյանը հրաժարվում է նրան ընդունել:

«Ասացին` նախարարը տեղում է, բայց հրաժարվում է ձեզ ընդունել», — հայտնեց թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Նիկոլայ Ծատուրյանը լսել է, որ իրեն առաջարկելու են ազատման դիմում գրել ան բանից հետո, երբ արտիստը մամուլում քննադատության է ենթարկել աշխարհիկ եւ հոգեւոր իշխանություններին:  
«Չգիտեմ, ասում են` էդպես է: Ես մտածում էի` կանչել են Մոնթեի ներկայացման հետ կապված հարցեր քննարկելու», — նշեց Ծատուրյանը` ընդգծելով, որ անգամ եթե նման առաջարկ արվեր, ինքը հրաժարվելու էր:

«Իսկ ինչու՞ հրաժարվեմ: Կարծում եմ, թատրոնի համար շատ բաներ ենք արել եւ դեռ շատ ծրագրեր ունենք անելու», — ի պատասպան մեր հարցի՝ նշեց Նիկոլայ Ծատուրյանը:   

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  Գյումրիի «Գալա» հեռուստաընկերության եթերով օրերս  հեռարձակված` Նիկոլայ Ծատուրյանի հարցազրույցը զայրացրել է Կաթողիկոս Գարեգին Բ-ին, քանի որ Ծատուրյանը սուր քննադատության է ենթարկել իշխանություններին և, մասնավորաբար, կաթողիկոսին՝ նրան համարելով սատանա: Կաթողիկոսն էլ, ըստ այդմ, զանգահարել է Սերժ Սարգսյանին, գանգատվել, պահանջել պատժել նշանավոր արվեստագետին: Նախագահականն էլ չի հապաղել, Ս.Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը հրահանգել է Հասմիկ Պողոսյանին՝ պարտադրել Նիկոլայ Ծատուրյանին՝ գրել հրաժարականի դիմում: 

Նախորդ հոդվածը‘Փորձագետ. Կառավարության որոշումն անլուրջ մոտեցման հետեւանք է’
Հաջորդ հոդվածը‘Միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 1.720 մլն.դոլար ‘