‘Փորձագետ. Հայրիկյանի վրա կրակել են հին զենքից, «ցանկալի արդյունքի» հասնել հնարավոր չէր’

1076

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի գործով այսօր դատարանում ցուցմունք են տվել երկու փորձագետներ, ում դատարանը հրավիրել էր՝ բավարարելով ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանի միջնորդությունը:

Ինչպես փոխանցում է Epress.am-ը, իր ցուցմունքում դատաբժիշկ Վիգեն Ադամյանն ասել է, որ ինքն իրականում տեսել է Հայրիկյանի մարմնի մեկ վերքը, որը պատճառվել է առաջին կրակոցով, իսկ երկրորդ՝ «շոշափող վնասվածքը» ինքը չի տեսել, իսկ եզրակացության մեջ դրա մասին գրել է՝ հիմնվելով  բժշկի խոսքերի վրա:

Դատավոր Գագիկ Պողոսյանի հարցին, թե արդյոք հնարավոր է՝ փորձագետը այլ եզրակացություն տար, եթե տեսներ վնասվածքը, Վիգեն Ադամյանն ասել է, որ դա չի բացառում: Հիշեցնենք, որ, ըստ եզրակացության, շոշափող վերքը ևս հրազենային է, իսկ եզրակացությունը հիմնվել է բուժող բժշկի խոսքերի վրա:

Այսօր ցուցմունք է տվել նաև հանցանքի զենքի քննությունն անցկացրած փորձագետ Արայիկ Ասլանյանը: Նա  վստահաբար ասել է, որ հենց ուսումնասիրված զենքից արձակված կրակոցից է վիրավորվել Հայրիկյանը: Փորձագետի համոզմամբ՝ զենքի առաձնահատկությունն այն է, որ այն հին էր, փամփուշտները հին էին: Ասլանյանն ասել է, որ նման հին զենքով հնավոր չէր լինի հասնել «ցանկալի արդյունքի»:

Հիշեցնենք, որ Պարույր Հայրիկյանի վրա կրակել էին հունվարի 31-ին: Մարտին նա բուժման է մեկնել Հոլանդիա, իսկ ապրիլին վիրահատվել է Բելգիայում:

Հանցափորձ կատարելու մեղադրանքով ձերբակալել են Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը, ովքեր, ըստ ԱԱԾ-ի հաղորդագրության, ինքնախոստովանական ցուցմունք են տվել:

Համաձայն մեղադրական եզրակացության, Պողոսյանը կրակել է Հայրիկյանի վրա, Հարությունյանը կազմակերպել է մահափորձը, իսկ պատվիրատուն եղել է ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը:

Պողոսյանն ու Հարությունյանը աշխատել են Սեդրակյանի տանը, զբաղվել են բնակարանի նորոգմամբ: ՀՀ նախագահի նախկին թեկնածուն մինչև ձերբակալվելն ասել էր, որ նախընտրական շրջանում Պողոսյանին ու Հարությունյանին է պատվիրել իր քարոզչանյութերը բաժանելը:

Նախորդ հոդվածը‘Հանրապետականները մերձենում են չին կոմունիստներին’
Հաջորդ հոդվածը‘Հովհաննես Թեքգյոզյան. Եթե քո գործը գրելն է, ու՞մ մասին ես գրում՝ անոտուձեռ ու անբան-ման արարածի՞… ‘