‘Քաղաքապետարանը առանց մրցույթի գտել է էժանը ‘

920

Դեռեւս հոկտեմբերի սկզբին տեղեկացրել ենք, որ Երեւանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված «Էրեբունի-Երեւան» տոնակատարության հետ կապված հարցումներ ենք ուղարկել քաղաքապետարան: Հարցումները շատ պարզ էին՝  խնդրել էինք տրամադրել հովանավորների ցանկը, նրանց կողմից տրամադրված գումարների չափը, եւ նաեւ նշել, թե առանձին միջոցառումների վրա որքան գումար է ծախսվել, եւ ինչպես են ընտրել այդ տոնակատարության շրջանակներում ծառայություններ մատուցողներին՝ մրցույթո՞վ, թե՞ առանց մրցույթի:

Եւ ահա, պաշտոնական հարցումն ուղարկելուց 17 օր անց, քաղաքապետարանը պատասխանել է մեր հարցմանը: Ընդ որում, մեղմ ասած՝ պատասխանել է: Իրականում, սովորության համաձայն, մեզ է ուղարկվել մի կիսալղոզված տեքստ, որից շատ քիչ բան կարելի է քաղել:

Այսպես, ըստ այդ պատասխանի՝ տոնակատարության ծախսերը կազմել են  206.933.6 հազար դրամ, որից 95 միլիոն դրամը տրամադրվել է Երևան քաղաքի 2013 թվականի բյուջեից, իսկ մնացածը՝ հովանավորների կողմից:

«Հովանավորների մասին տեղեկատվությունը զետեղված է եղել «Էրեբունի-Երևան 2795» միջոցառումների մասին իրազեկող տեղեկատվական թերթիկների և ցուցապաստառների վրա: Հովանավորներից յուրաքանչյուրի կողմից տրամադրված գումարի չափը կարող է հրապարակվել վերջինների համաձայնությամբ կամ նրանց կողմից: Տոնակատարությունը նախատեսվել է որպես մեկ միասնական միջոցառում, ուստի գումարի հատվածային բաշխում չի իրականացվել»:

Ապա գալիս է ամենահետաքրքիր պահը. «Տոնակատարությունների կազմակերպման պատվերի ընտրության հիմքում դրվել են նմանատիպ միջոցառումների կազմակերպման կարողության և փորձառության առկայությունը, ինչպես նաև հնարավոր ցածր գնի չափորոշիչները: Ընտրությունը կատարվել է առանց մրցույթի, ուղղակի բանակցությունների միջոցով՝ հաշվի առնելով ժամանակի սղությունը»:

Այսպես, պատվերների հիմքում ընկած էր հնարավոր ցածր գնի չափորոշիչը, ապա հավելում են՝ մրցույթ չի եղել, ուղղակի բանակցություններ են վարել՝ ժամանակի սղության պատճառով:

Հիմա՝ հարց. լավ, բա եթե պատվերի հիմքում հնարավորինս ցածր գինն է եղել ընկած, ինչպե՞ս է քաղաքապետարանը որոշել, որ հենց այն ընկերություններն են ամենաէժան ծառայությունները մատուցում, որոնց նա դիմել է: Եթե մրցույթ չի եղել: Գուցե մրցույթի դեպքում հայտնվեին մի քանի ընկերություններ, որոնք ավելի էժան գնո՞վ կհամաձայնեին ծառայություններ մատուցել: Չէ՞ որ մրցույթի բացակայության դեպքում խոսել գնի էժանությունից՝ ծիծաղելի է: Եւ բացի դա, ի՞նչ ժամանակի սղության մասին է խոսքը: Ամեն տարի քաղաքապետարանը անց է կացնում այդ տոնակատարությունը, եւ ամեն անգամ, տոնակատարությունից հետո, բոլորը գիտեն, որ մյուս տարվա նույն ժամանակահատվածում էլ տոնակատարությունը կկազմակերպեն: Ի՞նչ է, քաղաքապետարանը վերջին պահի՞ն է որոշել անցկացնել այդ տոնը: Ուղիղ մի տարի ժամանակ կար մրցույթ հայտարարելու եւ ծառայություն մատուցողներին մրցույթով ընտրելու համար, ի՞նչ ժամանակի սղության մասին կարող է այստեղ խոսք լինել:

Քաղաքապետարանի լրատվականի պատասխանն այս դեպքում միայն ժպիտ կարող է առաջացնել՝ պատասխանները տեղ-տեղ անտրամաբանական հիմնավորումներով լղոզել փորձելու համար: Իսկ եթե շարժվենք քաղաքապետարանի տրամաբանությամբ, ապա տոնակատարությունը կազմակերպվել է մոտավորապես այսպես: Հոկտեմբերի 11-ից մեկ ամիս առաջ քաղաքապետարանում ՀԱՆԿԱՐԾ հիշել են, որ պետք է «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունը անցկացնեն, ափալ-թափալ զանգել են իրենց ծանոթ ծառայություններ մատուցողներին, հարցրել՝ եղբայր (կամ քույր իմ), քո ընկերությունը էժան է, չէ՞, ծառայություններ մատուցում, սրանք էլ, թե՝ իհարկե, ամենաէժանը: Դե լավ է, ասել են քաղաքապետարանում, էլի ափալ-թափալ պայմանագիր կնքել նրանց հետ, եւ պատրաստվել տոնին: Իսկ եթե ավելի լուրջ, ապա այս ամենից կոռուպցիայի հոտ է գալիս:

 

Նախորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունն օտարեց Դատախազությանը պատկանող տարածքը’